«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2005-03-23 | #52, 2005-03-25 | #53, 2005-03-26


«ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ. ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՏԱՐԻՆԵՐ»

ՄԵԹՅՈՒ ՍՓԵՆԴԵՐ

ԿՅԱՆՔԻ ՎԱՂ ՇՐՋԱՆԸ

Մայքլ Օփինգի կազմած «Արշիլ Գորկի. ինքնաբացահայտման տարիներ» գրքից այս անգամ ներկայացնում ենք Արշիլ Գորկու դստերՙ Մարոյի ամուսնուՙ Մեթյու Սփենդերի հոդվածը Հակոբ Ծուլիկյանի թարգմանությամբ:

Չնայած Արշիլ Գորկին հաճախ էր խոսում իր մանկության տարիների մասին, նա չէր սիրում նշել կոնկրետ թվականներ եւ վայրեր: Նա օգտվում էր առասպելի լեզվից, ասելով, որ իբր հայրը սպիտակ ձիու վրա, բարձրահասակ տղամարդ էր, որը մի օր հեռացավ թանձր մառախուղի մեջ եւ երբեք չվերադարձավ, մայրը պայծառ կապույտ աչքեր ուներ եւ չերքեզյան արյունՙ իր երակներում, իսկ հորեղբայրը Վրաստանում այն գործարանի տերն էր, որտեղ երիտասարդ Ստալինն էր աշխատում: Հեղափոխության ժամանակ նա (հորեղբայրը) իբր տեսել էր, թե ինչպես էր Կարմիր բանակը պայքարում սպիտակների դեմ իր գյուղի փողոցներում: Նրա անունը Գորկի էր եւ նա Վենետիկից նամակներ էր ստանում Մաքսիմիցՙ իր հորեղբորից: Ինքը վրացի էր կամ էլ ռուս: Որեւէ ուրիշ ազգ, բայց ոչ հայ, քանզի այդ ժամանակ Նոր Աշխարհում «սոված» ածականով էին բնորոշում հայերին:

Գորկին միակը չէր, որ քողարկում էր իր անցյալը: Նրա երեք քույրերից յուրաքանչյուրն ուներ եւ համառորեն կառչում էր իր անձնական առասպելից: Վարդուշի դեպքում, որը հետագայում Չիկագո տեղափոխվեց, տրավմատիկ հիշողություններն ավարտվեցին նրանով, որ նա սկսեց իդեալականացնել մորըՙ Շուշանիկ Մարտիրոսյանին: Նրա բնավորության այս գիծը ժառանգաբար անցավ որդունՙ Կառլեն Մուրադյանին, որի բազում տարբերակները իր մորեղբոր կյանքի վերաբերյալ լի են երեւակայությամբ, ցասումով եւ կորուսյալ մի աշխարհ ետ բերելու խորը մարմաջով:

Գորկու կյանքի գրեթե ամեն մի փաստ կարիք ունի հստակեցման: Ծնվել է Ոստանիկ Ադոյան անունով, բայց ոչ ոք նրան այդ անունով չի ճանաչել: Նրան սովորաբար անվանել են Մանուկ: Նրա ծննդյան օրը ապրիլին էր, բայց երբեմնՙ նաեւ հոկտեմբերին: Ծննդյան տարեթիվը, որը նշված է իր հպատակության վկայականում 1904-ն է, բայց Գորկին միշտ էլ ավելի մեծի տեսք է ունեցել, քան իր ենթադրյալ տարիքը: Հայաստանի այն մասերում, որտեղից ինքն էր եկել, ծննդյան տարեդարձներ չէին նշում: Նման հարցերը թողնված էին հետագայումՙ Ամերիկայում ճշգրտելու: ԱՄՆ-ում ամսաթվերն ու տարեթվերը անհրաժեշտ էին փաստաթղթերում: Խորգոմի գյուղական դպրոցի դասարանի վերջում նստած Գորկին շատ ավելի մեծի տեսք է ունեցել, քան մյուս տղաները: Նա այնտեղ նստել է եւ մի փայտիկ տաշելՙ բոլորովին անտարբեր դասերի նկատմամբ:

Գորկու մանկությունը անցել է երկու սարսափելի կոտորածներիՙ 1895-96-ի եւ 1915-16-ի միջեւ: Եթե երբեք Գորկու վերաբերյալ հոգեբանական-վերլուծական տեղեկագիր պատրաստվի, այնտեղ պետք է անպայմանորեն քննարկվի այն հարցը, որ նա կրկնակի զոհ է դարձել այն առումով, որ մայրը վերոնշյալ կոտորածներից առաջինում արդեն իսկ տառապել էր դաժանորեն: Գորկին մորից ժառանգել էր մեղքի եւ պարտավորվածության մի զգացողություն նախքան, որ երկրորդ կոտորածը տեղի կունենար եւ վերջնականապես կվճռերՙ մոր մահով, ճնշվածության, փառասիրության, հույսի, ափսոսանքի եւ հուսահատության իր հետագա բարդ ճակատագիրը:

19-րդ դարի կեսերից Օսմանյան կառավարությանը սկսեց մտահոգել Թուրքիայի կենտրոնական եւ արեւելյան նահանգներում քրիստոնյա փոքրամասնության ներկայությունը: Որոշ տարածքներում, հատկապես Վանի շրջակայքում, բնակչության կեսից ավելին քրիստոնյա էր, մնացյալըՙ քուրդ թափառական ցեղեր: Թուրքերը բնակչության հինգ տոկոսից էլ պակաս էին այդ կողմերում: Այդ իրավիճակում հայերին հետապնդելու մի քաղաքականություն ծայր առավ, որում օգտագործեցին քրդերին: Վերջիններիս քաջալերում էին, որտեղ հնարավոր է, տիրանալ հայերի հողերին եւ ունեցվածքին: Հայերին չափից ավելի էին հարկում եւ քանի որ հայերը քրիստոնյա էին, անարդարությունների դեպքում նրանք մահմեդական դատարանում բողոքարկելու իրավունք չունեին: Ավանդաբար այդ հարկերը գանձում էին քրդերը, որոնց միջավայրում էլ ապրում էին հայերը: Բայց դարավերջին թուրք մեծապետները սկսեցին հարկերը անձամբ վերցնել նրանցից: Քրդերը չհանդուրժեցին այս առանձնաշնորհումից իրենց զրկվելը եւ որոշ դժբախտ տարածքներում հայերն ստիպված էին կրկնակի հարկեր վճարել:

1895-ին Վանա լճի, Սասունի եւ Մուշի տարածքներում ակնկալվող հայերի առաջին դիմադրողական շարժումները դյուրությամբ ճնշվեցինՙ բազմաթիվ կյանքերի կորստով: Այդ «դեպքերից» հետո լճի արեւմտյան եւ հյուսիսային շրջանները դատարկվեցին իրենց հայ բնակչությունից:

Գորկու մայրըՙ Շուշանիկը, 14 տարեկանին ամուսնացել է լճի հարավում գտնվող Շատախ գավառից մի լեռնցու հետ: Մուշի եւ Սասունի նման Շատախն էլ էր համարվում դիմադրության հնարավոր վայր: Այդ պատճառով էլ կառավարության կողմից հատուկ ուշադրության էր արժանացել 1895-96-ին: Շուշանիկը ականատես է եղել իր ամուսնու եւ ընտանիքի բոլոր տղամարդկանց սպանություններին: 16 տարեկանում երկու զավակների տեր այրիացած կնոջը անմիջապես ամուսնացնում են լճի եւ Վան-Բիթլիս գլխավոր ճանապարհի մեջտեղում գտնվողՙ Խորգոմից գյուղացի եւ վաճառական Սեդրակ Ադոյանի հետ: Խորգոմը չէր համարվում դիմադրության օջախ, հետեւաբար Շատախի նման ավերման չմատնվեց:

Այդուհանդերձ Գորկու հորական կողմի ազգականներից շատերն սպանվեցին: Ստամբուլում ներկրման եւ արտահանման մի փոքրիկ ֆիրմայում աշխատող հորեղբոր դիակը գտել էին այլ մահացած գյուղացիների կույտի մեջ:

Գորկին ծնվել է առաջին կոտորածից 6-7 տարի անց, երբ արդեն դրա հիշատակը փոքր-ինչ մեղմվել էր: Ոչ մի թուրք չէր ապրում Խորգոմում: Քրդեր էլ չկային այնտեղ, չնայած մոտակա Ոստան քաղաքը, որտեղից Շուշանիկն էր, բռնի քրդական քաղաք դառնալու շեմին էր: Հակառակ այդ լարվածության, քրդերն ու հայերը, առանձին թողնվելու դեպքում հաճախ են հասկացել իրար: Քրդերը նախրապաններ են եղել, հայերըՙ հողագործներ, մշակներ: Որոշ համագործակցություն հնարավոր է եղել: Գորկու հոր եւ մոր եղբայրները հրաշալի քրդերեն են խոսել եւ ունեցել են քուրդ ընկերներ: Չնայած արխիվները տխուր ու մռայլ պատկեր են պարզում, Վանի շրջանի վերապրողների հետ իմ զրույցները ցույց են տվել, որ հայերը քրդերի դեմ ոխ չեն պահել, հակառակ որ շատ հաճախ քրդերն են եղել հայերին կոտորողները:

Գորկու հայրը Մ. Նահանգներ է մեկնել 1908-ինՙ երիտասարդ թուրքերի կուսակցության առաջին հեղափոխությունից հետո: Այս վաղ շրջանում թուրքերն ու հայերը համագործակցել են: Շատ հայեր, արտագաղթի հսկողության թուլացումից օգտվելով, մեկնել են Մ. Նահանգներ, ոչ մշտական բնակություն հաստատելու, այլ պարզապես փող վաստակելու եւ իրենց ընտանիքներին ուղարկելու մտադրությամբ: Հետզհետե Խորգոմի Ադոյանների գերդաստանում տղամարդ չի մնում: Մեկնել է նաեւ Գորկու հորեղբայրըՙ Գրիգորը, որի ենթադրյալ վատ վերաբերմունքը Շուշանիկի հանդեպ նկարագրված է Կառլեն Մուրադյանի եւ Սեդրակի առաջին ամուսնությունից որդուՙ Հակոբի կողմից: Առանց տղամարդկանց հողատարածքների մշակման հարցը պրոբլեմ է դարձել: 1910-ի աշնանը Շուշանիկը հեռացել է Խորգոմից եւ հաստատվել Վանի հայկական թաղամասում: Այնտեղ դպրոցներն ավելի վստահելի էին, եւ երեխաների ապագայի համար ավելի մեծ հեռանկարներ կային:

Ամբողջ կյանքի ընթացքում Գորկին սիրով է փարվել Խորգոմի իր հիշողություններին: Ամեն մի պարտեզ, ամեն մի աղբյուր, լճափի ավազները, լճի գույնը, քարերը, ժայռի լանջին խարսխի ձեւով ծլած խոլորձը, խշխշացող բարդիները, ուղղահայաց ճյուղերով եւ «պատառոտված ցնցոտիներով» մահացած սոճին անընդհատ իր մտքում են եղել: Սա զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ նա Խորգոմից դուրս է եկել ընդամենը 6 տարեկանում: Խորգոմը Գորկու համար նույնիսկ այդ մատշաղ տարիքում հայրենաբաղձ անուրջների աղբյուր է եղել: Գյուղերից Վանի ամերիկյան միսիոներական վարժարանում սովորող յուրաքանչյուր ուսանողի երազանքն է եղել ամառային երկար արձակուրդներին ավանակով վերադառնալ այնտեղ:

Հրաշալի կլիներ, եթե կարողանայինք ասել, որ վարժարանում սովորելու տարիները Գորկու համար «անձի ձեւավորման» տարիներ են եղել: Ինչքան գիտեմ, նա առավել մեծ հաճույքով էր հաճախում այդ վարժարանի փայտամշակման արհեստանոցը, որտեղ իր մորեղբայր Ահարոնն էր դասավանդում: Միսիոներները գիտակցում էին, որ իրենց հայ աշակերտները արհեստների կարիքն ունեին, որպեսզի հետագայում գործ գտնեին այդ հեռավոր եւ հետամնաց նահանգում: Այդ ժամանակ սկսեցին ծաղկել ատաղձագործական եւ մանվածքային խանութները: Աշակերտներին սովորեցնում էին դառնալ լավ արհեստավորներ եւ լավ բողոքականներ: Գորկին լավ արհեստավոր էր, բայց չէր հետաքրքրվում բողոքական կրոնով: Դպրոցը հազիվ էր քոլեջ դարձել, երբ 1915-ին այդ փխրուն աշխարհը փուլ եկավ:

Թուրքերը մինչեւ օրս հայ փոքրամասնության ոչնչացումը դիտում են որպես «վերաբնակեցման» ծրագիր: Տեղին չէ այստեղ վիճարկել այդ տեսակետը: Վանի շրջանից այդ «վերաբնակեցման» ընթացքում Խորգոմը թալանվեց: Գորկին կորցրեց ընտանիքի մեծ մասը. մոր կողմից յոթ զարմիկներին, որոնք սպանվեցին Ոստանում, հորեղբայր Գրիգորին, որ հենց նոր էր վերադարձել Մ. Նահանգներից, հորաքույր Եղիսին, որին վստահել էին Խորգոմի տան հսկողությունը, վերջինիս դստերըՙ իր երկու աղջիկներով, ինչպես նաեւ «Ռուս» (1) Ադոյանինՙ զարմիկին, որի տնօրինությանն էին հանձնել հողատարածքը եւ որի հինգ զավակները մի քանի շաբաթ անց խոլերայից մահացան Էջմիածնում: Բացի մարդկային զոհերից քանդվեց նաեւ տեղի հայկական ծխական եկեղեցին:

Ինքըՙ Գորկին, իր քույրերի եւ մոր հետ վերապրեց արհավիրքը, որովհետեւ ապրում էր Վան քաղաքում, որը հինգ շաբաթ դիմադրեց, մինչեւ ռուսական բանակը եկավ փրկության: Ժամանակավոր որոշ դադարից օգտվելովՙ Շուշանիկն իր փոքր ընտանիքի հետ քայլելով հասնում է Երեւան, որն ընդամենը 200 մղոն էր դեպի հյուսիս: Այնտեղ, սակայն, վերապրած ցնցումների հետեւանքով գուցե ընկնում է ապատիայի տարօրինակ վիճակի մեջ: Ոստանում գտնվող ծխական եկեղեցին, որն այժմ ավերված էր, շատ մեծ նշանակություն ուներ նրա համար, առանց իր անցյալի նա իրեն ամբողջովին կորած էր համարում: 1895-ի եւ 1915-ի զույգ կոտորածները պետք է որ անտանելի ծանրություն թողած լինեին նրա դիմադրողականության վրա: Նրա առողջական վիճակի վատթարացման հետեւանքով ընտանիքի հոգսն ու ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Գորկու վրա: Երբեմն նրան օգնել է քեռինՙ Ահարոնը, որն աշխատում էր «Նիըր իսթ Ռիլիֆ ֆանդում» («Մերձավոր Արեւելքի օգնության» հիմնադրամում): Շուշանիկը մահանում է 1919-ին քաղցից ու վշտից: Քիչ անց երեխաները ճանապարհ են ընկնում դեպի Ամերիկա:

Մ. Նահանգներում Գորկին, ընտանիքի մյուս անդամների հետ, տեղավորվում է Ուոթերթաունում (Մասաչուսեթս): Մոտակայքումՙ Կրանստոնում (Ռոուդ Այլենդ) ապրում էր հայրըՙ Սեդրակը, Հակոբիՙ Գորկու արյունակից ավագ եղբոր հետ: Նրանք տեղավորվել էին մի փոքրիկ ֆիրմայում եւ աշխատում էին քիչ այն կողմ գտնվող երկաթի ձուլարանում: Գորկու հայրը, արդեն մեծահասակ, հղկորդ էր, իսկ Հակոբը ակեր էր կաղապարում տեքստիլ արդյունաբերության մեջ օգտագործելու համար: Գորկու արյունակից ավագ քույրըՙ Ախոն (2) Ուոթերթաունում հայ ամուրիների համար կենսօթեւան էր բացել եւ Գորկին մերթ այստեղ, մերթ այնտեղ էր ապրում: Ընտանիքում ոչ ոք լավ անգլերեն չէր խոսում: Հակոբն իր որդուն էր խնդրում թերթ կարդալ իր համար, եւ երբ Ախոն պետք է քննություն հանձներ ամերիկյան քաղաքացիություն ստանալու համար, նա ստիպված էր բոլոր պատասխաններն անգիր սովորել: Ուոթերթաունում հայերն ապրում էին իրենց նեղ, մեկուսացված աշխարհում, որի սահմաններն էլ ավելի էին նեղացել դեպրեսիայի տարիներին: Ուրիշների նման Ադոյաններն էլ շատ էին աշխատում եւ կատարում անշնորհակալ աշխատանքներ: Իսկ աշխատանքային ժամերից հետո նրանք վերապրում էին իրենց կորուսյալ դրախտը, իրար հետ խոսելով հեռավոր մի երկրի մասին:

Կամքի արտակարգ ուժ գործադրելով, այս խելացի, բայց ոչ բավականաչափ կրթություն ստացած երիտասարդը հանկարծ դարձավ նկարիչ: Ինչո՞ւ: Իր անցյալում ոչինչ չկար, որ հուշեր, թե նման հանգուցալուծումը բնական էր: Հակառակը, ընտանիքում ոչ մեկի մտքով չէր անցնում նրա կատարածը «գործ» անվանել: Որոշումը, վստահ եմ, Գորկին կայացրել էր Մ. Նահանգներ տեղափոխվելուց շատ տարիներ առաջ, չնայած հարցական է, թե կկարողանար իրագործել այդ մտադրությունը, եթե մնար Հայաստանում: Կարելի է միայն ենթադրություններ անել ձեռքի տակ ունեցած հատուկենտ փաստերից: Գորկին շատ ուշ է սովորել խոսել: Նրա տաղանդը, շատ դեպքերում, դրսեւորվել է ոչ բանավոր կամ նախաբանավոր ձեւովՙ նկարելով: Մայրը երջանիկ չէր երկրորդ ամուսնությունից եւ հավանաբար շատ էր ազդված առաջին ամուսնու, հոր եւ եկեղեցու կորստից: Գորկին երբեմն հիշատակում էր, որ մայրն իրՙ Գորկու հոգին հաճախ «սեւ» էր անվանում, քանի որ նա չէր գնացել իր համար մոր գծած ճանապարհով, որն էրՙ սովորել եւ ոչ թե ձեռքով բաներ պատրաստել: Խոսել սովորելուց անմիջապես հետո հայրը հեռացել է տնից եւ այլեւս երբեք չի վերադարձել: Այնպես որ Գորկու դեպքում գոյություն ունի այսպես կոչված բացակա հոր, ամենահաս մոր եւ խոսելու փոխարեն քանդակել կամ գծել նախասիրող երեխայի խորհուրդը: Իսկ այդ ամենի հետեւումՙ նաեւ Ցեղասպանությունը:

Առայժմ նա փող էր վաստակում «Հուդ Ռաբըր» ընկերությունում, Ուոթերթաունում գործող մի մեծ ֆիրմայում, որտեղ շատ ուրիշ հայեր եւս աշխատում էին: Նրա ավագ քույրըՙ Սաթենիկը 45 տարի մնաց այնտեղ, մինչդեռ Գորկին երկար չդիմացավ: Նրան պարզապես «ազատ էին արձակել» (օգտագործելու համար այդ ժամանակների դարձվածքը) այն բանից հետո, երբ մի օր դուրս էր եկել սուրճ խմելու եւ չէր վերադարձել: Նրան գտել էին տանիքի մեծ, սեւ սալիկների վրա նկարելիս:

Կասկածում եմ, որ Բոստոնի մոտիկ գտնվող դպրոցում նրա 2-3 տարի սովորելը ինչ-որ օգուտ տվել է: Նա երբեք էլ Բրաուն համալսարանը չի հաճախել, ինչպես ինքն է երբեմն պնդել: Գորկի արվեստագետը ինքնուս էր, ճիշտ այնպես, ինչպես «Գորկի» մարդն էր ինքնաստեղծ մի անհատականություն: Ինչո՞ւ էր ընտրել «Գորկի» անունը, այդպես էլ պարզ չէ, առեղծվածային է: Ընտանեկան մի առասպելի համաձայն նրա առաջին ընտրությունը եղել է «Արչի Գան» (Archie Gunn) վեստերնյան ֆիլմերի կովբոյների հետեւությամբ: Սա նշանակում է, որ որեւէ անուն նրա համար սազական էր այնքան ժամանակ, որ հայկական չլիներ: Բայց ճիշտ է նաեւ այն, որ նա հիանում էր Մաքսիմ Գորկու ստեղծագործություններով, որոնց նա հավանաբար ծանոթացել էր Երեւանում սովորելու տարիներին: Ինչքան գիտեմ, անվան ընտրությունը նախորդել է Ջոն Գրահամի, Դեյվիդ Բուրլիուքի եւ «ռուսական շրջանակի» հետ իր մտերմությանը 1920-ական թվերին, այլապես կարելի կլիներ ենթադրել, որ այդ անվան որդեգրումը նրանց գաղափարն էր:

Վստահ եմ, անվան փոփոխությունը գիտակցված քայլ էր նրա կողմիցՙ հետ կանգնելու իր հայկական ժառանգությունից: Այդ քայլը շատերին վիրավորական է թվացել: Ահարոն մորեղբայրը հաճախ է նրան հանդիմանել: Գրող Վիլյամ Սարոյանը, որ ճանաչում, բայց չէր հավանում Գորկուն, հավատացած էր, որ անցյալը ուրանալը սխալ է, հատկապես այն ժամանակ, երբ նրա օրեցօր աճող համբավը կարող էր Ամերիկայում ապրող բոլոր հայերին իրենց ինքնությունը հպարտությամբ արտահայտելու առիթ դառնալ: Ուոթերթաունում միայն Ակաբին (քույրըՙ մոր առաջին ամուսնությունից) էր, որ նրան թիկունք էր կանգնել եւ նույնիսկ Նյու Յորք փոխադրվելուց հետո երբեմն-երբեմն ներկեր էր ուղարկել նրան: Ուոթերթաունում, Դեքստեր փողոցում երկար, ռոմանտիկ թիկնոցը հագին քայլելիս, Գորկին բավական ծիծաղելի տեսք է ունեցել: Հայ համայնքի ներկայացուցիչներին նա այդ տեսքով հիշեցնում էր Հիսուս Քրիստոսին:

Նյու Յորքում նա աշխատանքի է ընդունվել հրաշալի իմպրեսիոնիստ նկարիչ Էդմունդ Գրեցենի մոտ, որը «Գրանդ Սենտրալ» կայարանում արվեստի դպրոց էր բացել:

Գորկու հայտնվելը վերջինիս կյանքում ավանդական բնույթ է կրելՙ գլխարկը ձեռքին աշխատանք է խնդրել, հավանաբար թեւի տակ ունենալով անցյալի ճանաչված վարպետների գործերի հիանալի ընդօրինակումներից մի քանիսը. Ֆրանս Հալս, Էլ Գրեկո, գուցե, կամ Վան Դայկ, որոնց մեծամասնությունը հետագայում պատահական հրո ճարակ են դարձել: Նա «Գրանդ Սենտրալի» դպրոցում դասավանդել է 1926 թ.-ից մինչեւ 1932 եւ հետագայումՙ պատերազմի սկսելուց հետո:

1926-ին նրա հետ առաջին եւ հավանաբար նաեւ վերջին անգամ հարցազրույց են անցկացրել: Որպես Մաքսիմ Գորկու եղբոր որդին արժեր նրա մասին հոդված տպագրել թերթում: Նա այդ ժամանակ խոսել է Սեզանի մասին, սիրով հիշատակել քեռուն եւ հանդիմանել ամերիկյան հասարակությանը նորՙ կենդանի հերոսների կտավների փոխարեն մեռած նկարիչների նկարները գնելու համար: Խորաթափանց լրագրողները նկատել էին, որ ստուդիայում գտնվող կտավներն այնքան էլ անկեղծ չէին, որքան ինքըՙ արվեստագետը, որ նկարել էր դրանք: Բայց Գորկին կյանքում միշտ էլ առաջնային դեր է զբաղեցրել: Իր նկարչության դասերի ընթացքում (Գրանդ Սենտրալում) նա քանիցս մոտեցել է ուսանողներին ուղղելու նրանց սխալները, անձամբ մեկ-երկու վրձնահարված անելով: Նա իր աշակերտներին ասում էր, որ քչերն իսկական նկարիչներ կդառնան եւ որ անձամբ ինքը գտնվում էր «ափից հեռուՙ բաց ծովում, թիանավակի մեջ»:

Նա քչերին է վերափոխել, բայց նրանք, ովքեր լսել են նրան, հավիտյանս են փոխվել: Նրանց թվում են եղել Հանս Բուրքհարդը, որն ինձ հետ խոսել է Գորկու մասին, 1994-ին, մեկ-երկու շաբաթ իր մահվանից առաջ, եւ Վիլեմ դը Քունինգը, որն (ինչպես ինձ ասել են) իր մտքում քանիցս վերապրել է Գորկու հետ իր հանդիպումները: Գորկու եւ այս երկու անձնավորությունների կյանքը նման է եղել այն առումով, որ ամեն մեկն ունեցել է տնից հեռացած հայր, հիանալի մայր, որին բախտ է վիճակվել զոհաբերել իրեն, եւ վերջապես, պատանեկության վերջին տարիներինՙ նաեւ աքսոր Եվրոպայից Միացյալ Նահանգներ: Այսքանը, կարելի է մտածել, բավական էրՙ ամուր կապեր հաստատելու միմյանց միջեւ: Սակայն Գորկին չէր ցանկացել կամ չէր կարողացել հավասարության գաղափարը դնել այդ հարաբերությունների էության մեջ: Նա պետք է լիներ առաջնորդ, իսկ մյուսները պետք է հետեւեին իրեն: Պատմում են, որ մի անգամ Գորկու հետեւից քայլելիս դը Քունինգն այնքան է տարված եղել նրանով, որ հազիվ է փրկվել ավտովթարի ենթարկվելուց: Նա հավատացած է եղել, որ Գորկին դիտավորյալ դիմացից եկող մեքենայի ճանապարհով է քայլել, որպեսզի ընդգծի իրենց միջեւ գոյություն ունեցող «տարածությունը»:

1930-ականների սկզբներին երկու ամենացայտուն մտերմությունները Գորկին հաստատել է Ստյուարդ Դեյվիսի եւ Ջոն Գրահամի հետ: Նա մի հոդված է գրել ի պաշտպանություն Դեյվիսի եւ Գրահամի նկարների, մի ամբողջ թղթապանակ թողել արվեստի գործերի մի առեւտրականի մոտ, որին երեւի ամաչել է իր սեփական կտավները ցուցադրել: 1928-ին Գրահամը հրապարակայնորեն հայտարարել է, որ իրենք երեքով շուտով կհիմնեն ամերիկյան արվեստի մի նոր ուղղություն: Գորկին շատ բան է «կլանել» Գրահամից: Ենթադրում եմ, որ Գրահամն է նրան ծանոթացրել նկարիչներ Ջիորջիո դը Չիրիկոյի եւ Պաուլո Ուչելլոյի հետ: Բայց դժբախտաբար սրանք բոլորը ենթադրություններ են: 1940-ականների սկզբներին նրանց միջեւ անհամաձայնություն է սկսվել, որին հետեւել է լռությունը: Ամերիկյան արվեստի արխիվներում գտնված Ջոն Գրահամի գրություններում Գորկու անունը բացակայում է: Այդուհանդերձ, Գորկու այդ ժամանակների դիտարկումներից մեզ որոշ բան հասել է, ասենք, օրինակ այն, որ Շեքսպիրը սարսափելի վատ գրող է եղել, քանի որ չի հարգել բեմական կոմպոզիցիայի օրենքները, կամ որ Դիկկենսը բանագողությամբ է զբաղվել ռուս գրողներիցՙ հատկապես Դոստոեւսկուց վերցնելով ամեն բան:

Գորկին նման բանավոր բռնկումներն օգտագործում էր ինտելեկտուալ մարդկանց անելանելի դրության մատնելու նպատակով: Այդ մարդկանց, նաեւ ուրիշներին, նա ցանկանում էր պահել որոշ հեռավորության վրա:

Գորկին ավելի վաղ խզեց իր հարաբերությունները Ստյուարդ Դեյվիսի հետ: Վերջինս շատ էր խրվել քաղաքական գործունեության մեջ 1930-ականներին եւ Գորկու հեռու մնալը կոմիտեի հանձնարարություններից նա համարում էր «թեթեւամտություն»: Այստեղ, իհարկե, նա չարաչար սխալվում էր: Մանկության տարիներին քաղաքականության պատճառած ցավից այդքան տառապած լինելով, Գորկու պասսիվությունը նյույորքյան ձախակողմյանների գործունեության հանդեպ լիուլի հասկանալի պետք է լինի եւ, անշուշտ, ներելի: Բայց Գորկին կարող էր ձեռնպահ մնալ այնպիսի արտահայտություններից, ինչպիսին է այն, որ այդ բոլորն ի վերջո ստեղծելու է «աղքատիկ արվեստ աղքատների համար», որն ընդունակ էր խորտակել ամեն մի մտերմություն:

Իսկ նույն շրջանի կանանց հետ հարաբերություններում երկու ամենանշանավորները եղել են նկարչուհի Մայքլ Ուեսթի եւ իրՙ Գորկու առաջին կնոջՙ Մառնի Ջորջի հետ: Այս երկու ամերիկացի անկախ կանանց ծանր էր տանել այն ստորադաս դերը, որ Գորկին նախատեսել էր նրանց համար: Երկու դեպքում էլ ռոմանտիկական սիրահետումներին հետեւել են իրՙ Գորկու նահապետական դաստիարակության ակնկալիքներըՙ ընտանեկան կառույցի յուրահատուկ գաղափարը, որ դեռեւս օրինաչափ է Միջերկրականի արեւելյան երկրներում, որտեղ տղամարդն է ընտանիքի տերն ու տիրականը, իսկ կինըՙ նրան նվիրված կյանքի ուղեկիցը: Մայքլ Ուեսթն ուղղակի թողել հեռացել է, իսկ Մառնի Ջորջին Գորկին ինքն է դուրս արել, իր ձեռքով շտապ հավաքելով նրա իրերը եւ նրա հետեւից միջանցք շպրտելով դրանք: Երկուսն էլ հետագայում զգացել են, որ ինչ-որ բան պակասում է իրենց, կամ կիսատ է թողնված:

Այդ ամբողջ ժամանակ Գորկին սովորում էր: Ավանդական մոտեցումն այն է, որ այդ տարիները Գորկու «աշկերտության» շրջանն է եղել, որի ընթացքում նա խելամտորեն կլանել է իր նախասիրած նկարիչների ոճերը: Այս միտքն ինքն էլ է պաշտպանել իր սեղմ արտահայտություններում. «Եթե Պիկասոն կաթեցնում է ներկը, ուրեմն ես էլ կկաթեցնեմ»: Բայց իր առաջին գործերը (նաեւ հետագայում ստեղծվածները, որ Անդրե Բրետոնն այնքան հավանել է) հետաքրքրական են նրանով, որ «հիբրիդներ» են: Դրանցում վարպետները մեկը մյուսի հետ կռվի մեջ են: Պիկասոյի կոնկրետ ծավալները միախառնված են Միրոյի բաց տարածություններին: Նյուարքի օդանավակայանի Գորկու որմնանկարներում մարմինների հարթ մակերեսները շատ ավելի անկաշկանդ ու բուռն կերպով են արված, քան ասենք Ֆրանկ Լեժեի սեղմ մակերեսները, որոնց մի ժամանակ հետեւում էր Գորկին:

Գորկին զգում էր, որ ուրվագծերի ճշգրտությունն ու պարզությունը կարեւոր է: Նա Գրահամի եւ Դեյվիսի հետ խոսում էր ներկի «եզրի» մասին, մի ուրվագծի, մի գույնի եւ մյուսների միջեւ հստակ սահմանի մասին: Իր հայերեն նամակներում նա օգտագործում է «մաքուր» բառը: Նա պնդում էր, որ նկարչության հիմքում ընկած է հստակ, հաստատուն եւ դրամատիկական գծագրությունը: Երբ 1930-ականներին Գորկու որմնանկարներից մեկի վրա դը Քունինգը փոքր, նուրբ վրձնահարվածներ է ավելացրել, նա ասել է «Բիլ, դա նկարելու թույլ ձեւ է»: Այդ առումով նա երբեք չի փոխվել: Բացի 1943-ին, մի կարճ ժամանակահատվածում կատարված նկարներից, ոչ մի ուրիշ կտավ չեք գտնի, որտեղ առնվազն մեկ անկաշկանդ, «մաքուր» ուրվագիծ չլինի: Սովորաբար դրանք վեց-յոթի են հասնում:

Նա իր կտավներին տալիս էր վերնագրեր, որոնք իր անցյալն էին հիշեցնում. «Խորգոմ», որն իր գյուղն էր, «Առեղծվածային մարտ», որով, ըստ լեգենդի, այդ գյուղը հիմնվել էր եւ այլն: Մինչդեռ եվրոպական արվեստից դեպի իր ակունքներըՙ Վանա լիճ «նահանջող» առաջին կտավները եղել են իր դիմանկարները, որոնցից հատկանշական է «Նկարիչը եւ իր մայրը» (1926-36 եւ 1929-43 թթ.): Բուրքհարդն ու դը Քունինգը մեծապես տպավորված են եղել այդ աշխատանքներով: Գորկու մայրը ողորմելի վիճակում մահացել է իր քառասունը չբոլորած, եւ նրա պատկերի Գորկու երկու տարբերակները, որոնք ինքը նկարել է, դարձյալ քառասունը չբոլորած, պարունակում են մոր հետ չկայացած երկխոսության բոլոր տարրերը: Բարդ զուգադիպությամբ դրանք շարունակում են Դեյվիդին եւ Էնգրին հատուկ դիմանկարչության ավանդույթները, բայց միաժամանակ դրանք առաջին «ծիծեռնակներն» են, որոնցում Գորկին համարձակվում է խոսել իր մանկության տարիների մասին:

1930-ականների վերջին տարիները, իր իսկ պատմածի համաձայն, դժգույն էին եւ հոգեկան առումով կործանիչ: Գորկին արդեն դառնում էր պոտենցիալ մենակյաց: Ընկերները չէին հասկանում, թե ինչու հակառակ իր վաստակած համբավին, նա տարիներ շարունակ միեւնույն կտավի վրա միեւնույն նկարն էր վրձնում, կարծես փակուղու առաջ կանգնած լիներ: Երբ Երկրորդ աշխարհամարտը սկսեց, 1930-ականների բոլոր մտահոգությունները տեղի տվեցին մեկ ընդհանուր սոցիալական ցնցումի առաջ: Գորկու համբավը, ուրիշների թվում, նսեմացավ, ստիպելով նրան ամեն ինչ ծայրից սկսել:

Այդ ժամանակ Քունինգի միջոցով Գորկին ծանոթացավ իր երկրորդ կնոջՙ Ագնես Մագրուդերինՙ իր «Մուկուչին»: Քիչ անց նա հանդիպեց Ջին Ռեյնալին, որն անմիջապես երկու նկար գնեց իրենից, վճարելով նրան ավելի մեծ գումար, քան նա երբեւէ տեսել էր վեց տարի առաջ Նյուարք օդանավակայանի որմնանկարները վրձնելուց ի վեր: 1941-ին Ռեյնալի միջնորդությամբ հետահայաց ցուցահանդես կազմակերպվեց Սան Ֆրանցիսկոյի արվեստի թանգարանում: «Գնա՛, ասացին նյույորքցի իր ընկերները, ճանապարհորդությունն օգուտ կտա քեզ»:

Նա Ամերիկայով մեկ ճանապարհորդեց Մուկուչի եւ Իսամու Նոգուչիի հետ, որը գնում էր Հոլիվուդՙ մի քանի կիսանդրիներ քանդակելու: Կես ճանապարհինՙ մի կամրջի վրայով անցնելիս, Գորկին վիճաբանության մեջ է մտնում Նոգուչիի հետ այն հարցում, թե ամպերն իսկապե՞ս ամպեր են, թե՞ սպիտակ ձիավորներ, որոնք հետ-հետ գնալով իրար են բախվում: Նոգուչին ամպերն ամպեր է անվանել: Այս պրագմատիզմը Գորկուն զայրացրել է: Մի րոպե նա նույնիսկ մտածել է Մանհեթեն վերադառնալու մասին: Չէ՞ որ Ամերիկայի լեռներն էլ չէին կարող համեմատվել Կովկասի լեռների հետ: Ամերիկան, որի տարածքով նա անցնում էր ավտոմեքենայով, չափազանց աղքատիկ վայր էր:

Սան Ֆրանցիսկոյում, որն իր համար բոլորովին օտար քաղաք էր, Գորկին անհամբեր, անհանգիստ ու երբեմն նաեւ անքաղաքավարի է դառնում: Փորձում է փոխառնված մի արվեստանոցում զբաղվել քանդակագործությամբ եւ փչացնում է հսկայական մի քարակտոր: Չի ափսոսում արվեստանոցի տիրոջՙ քանդակագործի համար, որն իրեն գործիքներ էր տրամադրել, որովհետեւ վերջինս անգլիացի էր, եւ անգլիացիները հայերին դավաճանել էին: Հետո փորձում է գտնել մի տեղ, որ կարողանա նկարել: Բայց ընդամենը երկու գուաշանկար է անում: Կարոտը հետ է կանչում նրան դեպի իր Նյու Յորքի արվեստանոցը: Ապա ամուսնանում է: Մուկուչի մեջ նա գտնում է մի կնոջ, որն անչափ հեռու լինելով արվեստի աշխարհից, մոռացության էր տալիս արվեստից իր դանդաղ հեռանալը: Մուկուչը նաեւ բավական ինքնավստահ էր: Արեւելյան ափից էր եւ երջանիկ մանկություն էր ունեցել: Այդ ինքնավստահությունը նա կարողանում էր փոխանցել նաեւ Գորկուն:

Դեպի Սան Ֆրանցիսկո ճամփորդությունը երկու մասի է բաժանում Գորկու կարիերան: Դրանից անմիջապես առաջ եւ անմիջապես հետո նա սկսում է տեսնել եւ հասկանալ այն ձեւը, միջոցը, որով պետք է իրար միահյուսեր իր սովորածն ու անցյալի իր հիշողությունները: Բայց երկու իրադարձություն եւս պետք է տեղի ունենար, որ նա ամբողջովին մտներ այդ հունի մեջ: Մեկը Մատտայի եւ Նյու Յորքում այլ վտարանդիների հետ հաղորդակցվելն էր: Նրանք հասկացրին, որ արդեն բավական մեծ էր եւ հասուն, որ անկախ եւ անկաշկանդ լիներ: Մյուսը, որ նույնքան կարեւոր էր, իր երկար հաղորդակցությունն էր Վիրջինիայի գյուղական բնաշխարհի հետ: Անդրե Բրետոնի «հիբրիդ» որակավորումը մնում է այս բարդ մտածելակերպի տեր անձնավորության աշխատանքների խորքը թափանցելու ամենաճշգրիտ գնահատականը: Բրետոնը ճիշտ էր հասկացել, որ Վիրջինիայի Լուդուն շրջանից քաղված կտավներում Գորկին կարողացել էր զետեղել իր հիշողությունների մեջ վառ մնացած Խորգոմի պարտեզի երեւակայական խոլորձն այնպիսի փարթամ աճի իրական պատկերում, որ իր ստեղծագործությունները դարձնում են այս դարաշրջանի ամենագեղեցիկ նմուշները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4