«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2005-03-23 | #52, 2005-03-25 | #53, 2005-03-26


ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՎԱՐՔԻ ԿՐԿՆՎՈՂ ՆՈՏԱՆԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Երեկ տնտեսական դատարանում հետաձգվել է Աբովյան 15 հասցեի հետ կապված դատական նիստը: Հիշեցնենք, որ դա հայտնի շենքն է, ուր տեղակայված է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը: Պատասխանող կողմ մետաղական կահույքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Մագուս» ՍՊԸ-ի ներկայացուցիչը արդեն երկրորդ անգամ դատը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց, որպեսզի հաշտության տարբերակներ մշակվեն հայցվոր կողմ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների հետ: Մեզ հետ զրույցում պատասխանող կողմի շահերի պաշտպան Արգամ Նազանյանը նշեց. «Դա քրիստոնեական մոտեցում է ցանկացած վեճի դեպքում եւ բարի կամքի դրսեւորում` hարցը լուծելու նպատակով»:

Իր հերթին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, իրավաբան Էդիկ Պողոսյանը նշեց, որ հաշտության տարբերակ նախկին միջնորդությունից հետո մշակվել է դեռ մարտի 19-ին, որը ենթադրում էր, թե հակառակ կողմի տարածքային հարցերը փոխադարձ համաձայնությամբ կլուծվեն Սբ. Կաթողիկե եկեղեցու բարեկարգումից եւ նոր վեհարանի շենքի կառուցումից հետո: Սակայն «Մագուսը» մերժել է այդ տարբերակը: Վերջինս առաջարկել է հաշտության սեփական տարբերակը` տրամադրել իր ընկերությանը 100 քառ. մետր հողատարածք` ժամանակավոր օբյեկտ տեղադրելու նպատակով:

Հարության տոնի շեմին թերեւս դատավարության կողմերը պետք է կրկնապատկեն հարցը քրիստոնեաբար լուծելու իրենց ջանքերը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4