Յուրօրինակ տարեգրություն է Հայաստան-Իտալիա` 7 ծովերով անցած «Կիլիկիա» առագաստանավի պատմության արձանագրումը: Ավելի քան երեք ամիս ջրի վրա` համընթաց քամիներ, ալեկոծություններ... այս ամենը նավաստիներից յուրաքանչյուրը մտապահում է կարեցածի չափ: Իսկ նրանց համար, ովքեր նավարկության ողջ ընթացքում հեռվից հետեւել, տագնապել, ուրախացել են մեր նավաստիների հետ, «կիլիկիացիները» նվեր են պատրաստել: Իրենց տեսածին ու զգացածին մեզ հաղորդակից դարձնելու համար էր երեկ կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսը: Նկարներում Արարատում ծնունդ առած, երկար ճանապարհ անցած, ապա Վենետիկում վաստակած հանգստի անցած «Կիլիկիան» էր: «Այստեղ քաղվածքներ են մեր ողջ ճամփորդությունից, ասաց նավապետ Կարեն Բալայանը: Բնականաբար դժվար է ներկայացնել ողջ ճանապարհը: Այասականներ Սամվել Բաբասյանի, Արեգ Նազարյանի, Ալեքսանդր Մարգարյանի, Սամվել Կարապետյանի եւ Արամազդ Բաբայանի մի քանի հազար լուսանկարներից ընտրել ենք մոտ յոթանասունը: Փորձել ենք սրանցով ձեզ ներկայացնել ծովի ու մեր նավի գեղեցկությունը»: Դահլիճի անկյունում փակցված քարտեզում կարմիրով նշված էր այասականների անցած 4225 մղոն ծովային ճանապարհը, որ բնական շարունակություն է ակնկալում: Իսկ շարունակությունը կլինի մայիսի 9-ից: Մոտ մեկ ամսից անձնակազմը կգնա Վենետիկ, կմաքրեն նավը եւ կշարունակեն իրենց ճանապարհը Իտալիայով, Ֆրանսիայով, Իսպանիայի ափերով, ապա Ջիբրալթարով դուրս կգան օվկիանոս, Պորտուգալիա, Իռլանդիա, Անգլիա, հետո` Բելգիայի մի փոքրիկ նավահանգիստ եւ կհասնեն Ամստերդամ: Ընդամենը մի քանի օր առաջ Վենետիկից վերադարձած նավապետը հավաստիացնում է, որ նախապատրաստական չնչին աշխատանք կա անելու: «Հուսով ենք` եղանակը լավը կլինի: Մեզ հիմնականում հյուսիսային ծովերն են անհանգստացնում, ասաց նա: Ամեն դեպքում, առաջին անգամ ենք օվկիանոս դուրս գալիս, իսկ հյուսիսային ծովերում դաժան պայմաններ են: Աշնանային փոթորիկների մեջ չընկնելու համար նավարկությունը շուտ ենք սկսում»:
«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամ, «Կիլիկիայի» նավաստի Արամազդ Բաբայանը, որը ողջ ընթացքում նավի վրա է եղել, ամեն մի լուսանկարի հետ կապված գեղեցիկ, հետաքրքրական հուշեր ուներ: «Տեսեք, այստեղ շատ լավ է երեւում` ինչպես է համընթաց քամին ուղղորդում նավը: Այս մյուսում մեր նավապետն է` մայրամուտին նստած նավի եզրին ու իր խոհերի մեջ: Այստեղ էլ Զորի Հայկովիչն է գրում օրվա տպավորությունները: Այս նկարում էլ հստակ երեւում է` որքան էր մեր նավը տարբերվում մյուսներից: Եթե չեք կարողանում կռահել` նավը որ երկրում է, նայեք եռագույնի կողքին ամրացված դրոշին», խորհուրդ էր տալիս Արամազդն ու անցնում հաջորդ նկարի պատմությանը:
Երբ մի կին ասաց, որ նավի կառուցման ընթացքում մեծ ոգեւորությամբ օգնել է շինարարներին` տախտակները այստեղից այնտեղ տանելով` Արամազդը ուրախ-ուրախ սեղմեց նրա ձեռքը. «Ուրեմն այսօր նաեւ ձեր ծնունդն է, շնորհավոր»:
«Այաս» ծովային հետազոտությունների ակումբը քսան տարեկան է, քսան տարեկան է հայ նավագնացության պատմությունը վերականգնող մեր նավաստիների երազանքը: Արդեն մեկ տարով էլ մեծացած այս երազանքը թող հասնի իր վերջնական նպատակին. թող բարեհաջող վերադառնա Սեւանա լիճ, սկիզբ դնի նոր երազանքների, թող որ սկզբում խենթ ու անիրական թվացող, բայց սրա պես իրական:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ