«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2005-03-23 | #52, 2005-03-25 | #53, 2005-03-26


ՄԵՐ ԽՈՀԱԿԻՑ, ԶՐՈՒՑԱԿԻՑ ՀԱՐԱԶԱՏ ԵԹԵՐԸ

Մանկական, երաժշտական, զվարճալի հաղորդումներ

ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Սկիզբըՙ Տեսՙ «Ազգ», 26 փետրվար

Մանկական հաղորդումներ

Բավականին բազմաթիվ են, մանկական խաղ-զբաղումից մինչեւ պատանեկան մտավարժանքները, որոնց եւ հատկապես «Մենք գիտենք, որ դու գիտես»-ը հաճույքով մենք էլ ենք դիտում եւ ասեմ, որ հաճելի զարմանքի կողքին ունենում ենք նաեւ անտեղյակության զարմանքըՙ մեր երեխաների գիտելիքների վերաբերյալ: Վերջինը հատկապես զգում ենք Սաշայի հաղորդմանը մասնակցող երեխաների առիթով: Շարունակվում է «Ոսկե բանալի» ծիծղուն հաղորդաշարըՙ երկու զվարթ ավանդական վարողներով ու բազմաթիվ երեխաների մասնակցությամբ: Ամեն ինչ կարելի էր բնական համարել, եթե երբեմն ծնողներն իրենցՙ ոչ այնքան գովելի ճաշակը չփոխանցեին անմեղ երեխաներին: Երբեմն երեխաները խոսում ու շարժվում են այնպես, ինչպես արքայադստեր նրանց հագուկապն է թելադրում: Մեղք է ժամանակից շուտ անմեղներին սուզել մի աշխարհ, ուր հետո, միեւնույն է, ավելի կամ նվազ չափով կսուզվեն...

Երբ սկսեցի հետեւողական դիտումներս, անկեղծ ասած, մեր եթերի մասին ավելի աննպաստ կարծիք ունեի: Հետո առավել սթափ ու ճիշտ զգացիՙ ինչն ինչոց է: Չի կարելի գործը եւ մարդկանց «դրսից» կամ հպանցիկ հայացով դատել: Եթե մարդիկ մեղանչում են բնագավառի էթիկայի կամ գեղագիտության դեմՙ վատագույն դեպքում, չիմանալուց է. տարիներն ու փորձը կտան այն, ինչ անհրաժեշտ է: Սարսափելին սովորել, իմանալ չուզենալն է, միեւնույն է, ջահելությունի՞ց, թե՞ մեծամտությունից: Ռուսական մի շատ իմաստուն խոսք կա. «Դար ապրիրՙ դար սովորիր»: Մինչդեռ «նորերը» (պայմանականորեն այսպես կոչեմ) ինձ թվում է անքննադատ համարում ունեն իրենց մասին եւ դժվար լսող ականջ: Նաեւ մասնագիտական գրականություն չեն կարդում: Այլապես ինչո՞վ բացատրելՙ գրպանը չիրուչամիչով, նուշ պաչիկով տատիկի տիպարը գուլիվերյան եհուով փոխարինելու «փորձարարությունը» (այդ օրերին եթե հանդիպեի այդ «մտահղացման» հեղինակինՙ ականջները կձգեի): Մտածում ես, սա ինչ խոխմայասեր ու թեթեւ մարդիկ են եկել, հայ ընտանիքից չե՞ն: Որտեղի՞ց են պեղել տոլմա քթով, մանրիկ, խորն ընկած գիշատիչ աչքերով, ցախավելը ձեռքին վհուկին: Երեւի իրենց զոքանչային պատումնե՞րն են հարստացնում, բայց ոտնակոխ են անում անմեղների պատկերացումը: Բա շինծու, անհեթեթ թխածո «հեքիաթնե՞րը»ՙ գլուխ գովան ավանակի, «չար» երեխաներից սունկերին պաշտպանող եւ նապաստակի մասին... Լավ էր, թեեւ ուշացումով, սակայն գտնվեց նոր տարբերակ, որ այս եթերի հայտնությունն է, խելացի, շնորհառատ Նազելին (ահա թե ինչ ասել էՙ պրոֆեսիոնալ): Թեեւ մի քիչ թատերական (էկրանը նրբագեղություն է սիրում), սակայն կենդանի եւ կերպարային են թզուկները, Գուգուշն ու Բոբոշը եւ նրանց ու Նազելիի երկխոսությունն անմիջական է ու գրավիչ: Շատ գեղեցիկ ու քնքուշ հուզականություն ունի Սիրուշոյի երգը, միջավայրն ու գույները, սակայն շատ չի՞ ձգձգվում հեքիաթը, որն ավելի քիչ տեղ է գրավում, քան երգն ու մուլտիկը: Խիղճ ունեցեք. մի փոքրիկ հեքիաթ («Հենզելն ու Գրետելը») յոթ օր պատմվեց... Ցերեկները երեխաների համար տրվում է «Ժուկով-ժամանակով» հեքիաթաշարը, սակայն կարդացողները ոչ հեքիաթն են զգում, ոչ էլ խոսքի արվեստը: Սուրեն Քոչարյանի օրինակը չկա՞: Հեքիաթ պատմելն ավելի դժվար է, քան գրական որեւէ այլ ստեղծագործություն: Անհրաժեշտ է հաճելի, հյութեղ ձայն, հնչերանգների արտասովոր հարստություն եւ ամենակարեւորըՙ կերպարային զգացողություն: Մի քիչ բացառություն էր կազմում մի անուշիկ սփյուռքահայ աղջիկ, ում խոսքը եւ բաղաձայները լիարժեք չեն, սակայն այնպիսի գերող անմիջականություն ունի եւ գրավիչ դեմք, որ երբեմն կարելի է նրան լսել:

Որպես «ներսի» մարդ, ես շարունակ ջանում եմ գտնել ինձ չբավարարող մատուցման այլընտրանքային լուծումը եւ երկար ժամանակ փնտրտուքի մեջ էի. ո՞վ կարող է լինել հեքիաթասացը: Պարզ է, իմ չափանիշը երբեմնի Գյուլնազ տատն էր. երանելի Հայկուհի Գարագաշը... Որտեղի՞ց: Եվ երկար դեգերումներով մտաբերեցի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անահիտ Ղուկասյանին: Չմոռանանք, որ հեքիաթասացն այնպիսին պետք է լինի, որ ժողովրդական բառուբանի, երբեմն կենցաղային խոսքի մեջՙ չիջնի գավառայնության եւ կենցաղայինի մակարդակին: (Դա ամենաանթույլատրելին է):

Դպրոցականների համար տրվող հաղորդումներից առանձնահատուկ ընդունելություն ունի «Մենք գիտենք, որ դու գիտես» խաղը (երեք տարումՙ 35 հաղորդում), ուսանելի, ճանաչողական, լարող ու մտածել սովորեցնող հաղորդում է, եւ երբ Մամիկոն Սիմոնյանն էր վարումՙ արտակարգ դիտարժան էր: Մամիկոնն ուներ այն չափավոր անմիջականությունն ու դյուրահաղորդությունը, որն անմիջապես երեխաներին բնական հոգեվիճակի է բերում, նաեւ լրջացնում, որովհետեւ նա ուներ նաեւ չասվող, բայց զգացվող բարյացակամությունը, որ անհրաժեշտ է երեխային: Ցավոք, նրան փոխարինողներից ոչ մեկը չունի հիշյալ բարեմասնությունները:

Երաժշտական հաղորդումներ

Եթե նույնիսկ այստեղ ոչինչ չարվեր, լոկ մեր մեծ հայրենակցիՙ Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի բավականին բազմապիսի ու մասշտաբային հաղորդումները բավական կլինեին այս բնագավառի շնորհակալ գործունեությունը գնահատելու համար: Եվ այդ մասշտաբները վկայում էին ոչ միայն Երեւանումՙ տեղացիների եւ օտարազգիների մասնակցությունը, այլեւ մոսկովյան միջոցառումները, որոնք լիասիրտ ու լիաձայն տարփողում էին մեծ կոմպոզիտորին: Հնարավո՞ր է մոռանալ Մոսկվա-Երեւան հեռուստակամուրջը, որ վարում էին Արմեն Սմբատյանը եւ մոսկովյան երաժշտական մեկնաբան Սվյատոսլավ Բելզան, Խաչատրյանի ուսանողների երախտիքի ու սիրո խոսքերը: Ստեղծագործական մեծ բարեկամությամբ ու գիտակցական լծակներով միմյանց կապված Մարկ Պետրոսյանն ու Քնարիկ Փիլոսյանն իրականացնում են հաղորդումներ, որոնք ուղենիշ ու դպրոց կարող են լինել ներկա եւ ապագա հեղինակների համար: Եթերը ասես դասական ցոլք էր ստանում, երբ այնտեղ իրենց վիպական կյանքն էին պատմում ու մտորումներն արտահայտում Գոհար Գասպարյանն ու Տիգրան Լեւոնյանը, երբ հնչյունների կախարդիՙ Հովհաննես Չեքիջյանի ձեռքի շարժումով շիկանում էր էկրանը եւ ստեղծում թովիչ մի աշխարհ, երբ մեր մշակույթի ու գրչի անվանիները (Ջիմ Թորոսյան, Էմիլ Գաբրիելյան, Պերճ Զեյթունցյան եւ այլք) իրենց սրտի խոսքն էին ուղղում մաեստրոյին, ծննդյան 75-ամյակի առիթով: «Մեղեդին» կյանք է տվել նաեւ այս եթերում պակասող դասական երաժշտությանը, որը երկար ժամանակ լռել էր բացառիկ երաժշտագետ Աշոտ Ղափանցյանի հանգամանալից խոսքից ու երաժշտությունից հետո: Այսօր այդ շնորհակալ գործըՙ ժամանակի ոգուն հարիր դյուրամատչելիությամբ եւ հակիրճ կատարում է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ զգացվում է, որ իր անձնական նախաձեռնությամբ էլ հայթայթվում ու եթեր են տրվում հազվագյուտ տեսաժապավեններ: Ապրի՛:

Խմբագրության «հնից եկած» երկու նվիրյալները (Մարկը եւ Քնարիկը) պահպանել են ազգային հոգեւոր արժեքներըՙ բովանդակ խորքով պրոֆեսիոնալ մակարդակով հեռուստադիտողին մատուցելու սրբազան սկզբունքը: Մի ամբողջ շարք երաժշտական հաղորդումներ են իրականացվում այստեղ, որոնց գեղագիտական եւ ուսուցողական արժեքը դժվար է գերագնահատել: Ուզում եմ հատուկ առանձնացնել սքանչելի երգչուհի եւ հայուհի Հասմիկ Պապյանին նվիրված հանդիպում-հաղորդումը: Հնչեցին ու դիտվեցին աշխարհի նշանավոր բեմահարթակներում երգչուհու ունեցած ելույթներից ամբողջական տեսարաններ: Իսկ եթե ավելացնեմ երգչուհուՙ իր բալիկի հետ ունեցած սքանչելի դրվագներըՙ լեցուն մոր երջանկությամբ ու խանդաղատանքով, թվում է, հաղորդման հուզական հագեցումն աներկբա կլինի: Միայն մի դիտողությունՙ ոչ միայն այս հրաշալի հաղորդման, այլեւ ուրիշ բեմական անհատականություններին վերաբերող հաղորդում կազմակերպողներին: Որեւէ գործչի, արվեստագետի մասին խոսելիս, չպետք է կորցնել չափի զգացումը եւ թույլ տալ իրականության եւ պատմության խեղաթյուրում: Հաղորդման հեղինակի եւ երգչուհու երբեմնի խաղընկեր Գեղամ Գրիգորյանի խոսքըՙ Նորմայի մասին, հնչեց այնպես, որպես թե դա առաջին Նորման էր մեր բեմում: Նույնիսկ Գեղամ Գրիգորյանը հատուկ ընդգծեց մեր բեմում Հասմիկի շնորհիվ հնչած դերերգի ուսուցողական նշանակությունըՙ ուսանողների համար... Եղա՞վ: Մի՞թե մարդիկ տառապում են հիշողության կորուստով եւ արդեն այդքան շուտ մոռացան 17 տարի շարունակ աննման Գոհար Գասպարյանի երգն ու խաղը, որ խելահեղ հրճվանք էր պարգեւում մեզ եւ օտարներին...

Չեմ ուզում մոռանալ գրեթե էլեգիական «Երանի» հաղորդումըՙ նվիրված անժամանակ կյանքից հեռացած կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանին ու «Երանի» երգի ստեղծմանը, որի անզուգական կատարումըՙ Էմմայի ու Արամոյի կողմից, ինչպես եւ կոմպոզիտորի դստեր մասնակցությունը հաղորդմանը, անպատմելի հույզ ու սարսուռներ հաղորդեց մեզ: Չգիտեմ ո՞ւմ նախաձեռնությունն էր, բայց մեն մի անգամ այս էկրանում տեսա հայ պարկապզուկների խմբին եւ հրճվանք ապրեցի: Հայկական արտասովոր պարեղանակների, նվագարանի «հագուկապն» ու ազգային պարեղանակների խմբովին նվագը եւ ձայնային հզորությունը ինչ-որ տեղ էկզոտիկ տպավորություն թողեց: Ո՞ւր են նրանք եւ ինչո՞ւ նրանց չենք տեսել: Հետաքրքրական կլիներ խմբի եւ նվագարանի ստեղծման պատմությունը. նման նվագարաններ ունեն եւ շոտլանդացիք: Որեւէ աղերս չկա՞, որքան գիտեմ կա...

Ես ուզում եմ երաժշտական տիրույթում զետեղել եւ «Պարատունը», որ նույնպես ազգային պարի ամեն մնայունն ու արժեքավորը պահպանելու եւ սերունդներին փոխանցելու գովելի միտումով է հիմնավորվել: Առանձին խոսակցության նյութ են պարի ավանդական ու նորարարական մեկնությունները, մեր օրերում դրանց պահպանման նժարումը, դա մասնագետների հոգածության նյութն է, սակայն ինձ անձամբ ուրախացնում է ավանդականի ստեղծագործ, ինչ-ինչ նոր մանրամասներ գտնելու եւ իմաստավորելու յուրաքանչյուր փորձ եւ չեմ կարող միմյանց նմանող շատ պարերի հենքում հատուկ չառանձնացնել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» երեւանյան տոներին «Հայկական էսքիզներ» պարաշարը, որ թարմ հովի պես հնչեց ոչ միայն ազգային կարպետների ու տարազի վառ օգտագործմամբ, այլեւ պարային «նախշերի» ու տպավորիչ լուծումների հանգամանքով:

Վերստին չգիտեմ ում վերագրել, բայց մեր եթերն արտակարգ հարստանում, կենսապարգեւ լիցքեր է ունենում, երբ հայտնվում են Հայաստանի ամենափոքրիկ երգիչները: Կա՞ մեր ազգային արժանապատվությունը շոյող առավել զորավոր միջոց, քան մեր փոքրիկների մեծ արվեստի գնահատանքն աշխարհի տարբեր ծագերում, ամենահեղինակավոր մրցույթներում եւ երաժշտական երեւելիների կողմից: Հապա նրանց բազմատաղանդ ու հմայիչ խմբավար-մանկավա՞րժը, հրաշագործ Տիգրան Հեքեքյա՞նը, ում արվեստը նույնպես ամենաբարձր գովեստներ է կորզել երաժշտական աշխարհի հեղինակություններից:

Երեւի այս ժանրի ամենածավալուն հաղորդումը «Երաժշտական փոստարկղն» է: Գուցե կարծրացած հաղորդակա՞րգ կա, բայց դա ոչ թե պակասությունից, այլ առանձնահատկությունից է: Չի կարելի չնկատել, թե ինչպես են այս հաղորդման հեղինակները ջանում ամեն անգամ նոր ձեւ գտնել եւ հնարավորինս ջարդել «կաղապարը»: Եվ հետաքրքրական եւ ուսանելի է, երբ յուրաքանչյուր երգչի կամ նվագախմբի մասին սեղմ ծանուցում, «կենսագրություն» է մատուցվում: Սուսաննա Շահինյանն անսպառ քնարականությամբ, հանդարտիկ ու գեղեցիկ խոսքով ստեղծում է հաճելի հանգստի միջավայր, եւ դա հենց այն է, որ պետք է:

«Բոհեմը» հարազատ է իր անվանը եւ դժվար է ժանրորոշել. հյուրերը ե՛ւ երաժշտության, ե՛ւ թատրոնի աշխարհից են. Արաքս Դավթյան, Հասմիկ Պապյան, Վահան Միրաքյան, Վարդուհի Վարդերեսյան, Վլադիմիր Աբաջյան եւ այլոք: Կարեւորն այն է, որ հետաքրքրությամբ է դիտվում ու լսվում, թեեւ հարցազրույցի ձեւը «ռադիոյականության» հակում ունի:

Զվարճալի հաղորդումներ

«XXL» եւ «Երեկոյան կոկտեյլ»: Առաջինը շահում է երկու հանգամանքով. մեր բեմի ու երգի վարպետների մասնակցությամբ եւ հաղորդավարի անձնական հմայքով, խոսքի, շարժման անմիջականությամբ: Ասենք, որ Գրիգոր Աղախանյանին սիրելի դարձրեց վերջին ամանորյա հանդեսը: Հաղորդման գրավչությունն ավելացնում են նվագախմբի պրոֆեսիոնալները, որոնք էլ մասնակցում են հաղորդմանը: Այս օժտված ու առինքնող երիտասարդին պակասում է արվեստի ու կյանքի փորձը. առայժմ խարխափում է ու կարծում, թե այն ամենը, ինչ իր մտքում ծագում էՙ կարելի է եթեր նետել: Ընտրություն է հարկավոր, նաեւ գեղագիտական սկզբունք: Չի կարելի շարունակ խոսել չափը պահպանելու մասին եւ մարդկանց մատուցել իր կոշիկի ներբանը: Նույնիսկ սեփական տանն այդքան շփերթ չեն լինում: Հղկվել, մաքրվել է պետք, որ ունեցած քարուքռայից մաքրվի անգին քարն ու ճառագի: Չեմ մոռացել, որ մի քանի տարի առաջ ուլտրա-նատուրալիստական մի հղացում ունեցավ, ուղղակի էկրանում հանվեց ու մտավ ջրավազանը եւ մերկ ոտքի չռած մատները խոշոր պլանով հրամցրեց հեռուստադիտողին: Լավ էր, մեր հոգելույս Տիգրան Նաղդալյանն զգաց ու դադարեցրեց հաղորդաշարը: Այս անգամ Գրիշան մի հրաշալի տիրույթ է ձեռք բերել, ձեւավորել, գերազանց նվագողների համախմբել շուրջը եւ ուզում է հաճելի ժամեր պարգեւել հայրենակիցներին: Եվ պարգեւում էՙ մեր երգի ու բեմի անվանիներին հյուրընկալելով: Միմիայն վերջերս Շուշան Պետրոսյանի պարգեւած հաճույքն ամեն ինչ արժեր: Անկեղծ ասած, ուրախացել էինք, որ վերջերս այլեւս իր կոշիկի նրբանները «չէր կոխում» մեր աչքը, թեեւ ամեն անգամ, երբ նա երկրորդ հարկ էր բարձրանումՙ ահով սպասում էինք: Առաջ անցնելով ասեմ, որ վերջին երեկոներին վերադարձավ իր գեշ սովորությանը: Ավաղ, ասում ենՙ սովորույթը երկրորդ բնավորություն է. այդպես էլ եղավ. սքանչելի Շուշան Պետրոսյանի երանելի տպավորությանը դարձյալ զուգահեռեց իր կոշիկների ներբանները... Ո՞ւմ է չափ պահպանելու կոչ անում: Գեթ իրեն չհակասելու համար պետք է չափը պահպանի... Ինձ շատ է զարմացնում նրա օպերատորը: Չգիտե՞, որ եթերի խոշոր պլանը նշանակում է. «Առե՛ք, կերե՛ք...»: Գրիշան (ես էլ ամենքի պես քնքշորեն կոչեմ նրան) սիրում է կատակել, բայց համովի ու ընդունելիի հետ, նաեւ «տափակ», աբսուրդի հասնող սրախոսություններ է անում: Լավ կլինի այստեղ էլ հիշի, որ չի կարելի ի ցույց դնել մտքում ծագած ամեն ինչ: Ասում են իր գեղեցիկ տիրույթըՙ Երեւանի սրտում, կոչել է «Սոհո»: Որքան գիտեմ, Սոհոն , որ անմահացել է Բ. Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»-ումՙ որպես երբեմնի անգլիական արքունի որսատեղի, ուր խղճուկ կացարաններում գողերն ու պոռնիկներն էին գոյատեւում, այսօր դարձել է Լոնդոնի մի բարեշեն մասը, թեեւ ավանդապաշտ անգլիացիք շարունակում են պահպանել խղճուկ հյուղակներն ու տիղմով-ջրափոսերով դրանք իրար կապող նեղլիկ անցուղիները: 1981-ին, երբ մեր խումբն այնտեղ էրՙ հազիվ դուրս պրծանք վխտացող երկսեռ, սանձարձակ երիտասարդների «էստի համեցեքից»: Մի՞թե մի ավելի գեղեցիկ, ոգեշնչող անուն չգտավՙ իր տիրույթն անմահացնելու համար...

Վերջերս ամերիկյան ելույթներից վերադառնալով, ասմունքի վարպետ Սիլվա Յուզբաշյանը պատմեց, թե ինչպիսի խստություններ են ծնողները կիրառում հայ ընտանիքներումՙ երեխաներին մաքուր հայերենով դաստիարակելու համար: Եվ դիտելով Գրիշայի հաղորդումը, որը շարունակ ավարտվում էՙ «բա-այ»-ով եւ ոչ թե հայերեն «ցե»-ով, երեխաները ծնողներին հակադրվելու կռվան են գտել... «Երեկոյան կոկտեյլն» ամեն ինչ էՙ միայն թե ոչ հաճելի համ եւ աշխուժություն պարգեւող ըմպելիք: Օտարներից պետք է լավը ընդօրինակել ու զարգացնել: Իհարկե, այստեղ էլ հետաքրքրողը ճանաչված հյուրերն են եւ նրան մեջՙ հրաշալի Սոֆի Դեւոյանն ու իր հրաշալի աղջիկները, սակայն նույնիսկ նրանք չեն կարող հաղորդումը փրկել սադիզմից ու անճաշակությունից: Ոչ էլ հավաքված «հանդիսատեսի» անհասկանալի աժիոտաժն ու քրքիջը: Երեւի ամեն ինչ սկսում է ձեւի ու բովանդակության հակասությունից: Տեսեք, թե ինչպիսի չարագույժ երաժշտության տակ են շեմին սպառնալի արձանանում սեւ ակնոցներով, սեւ կոստյումով, զույգ տղամարդիկՙ ձեռքերինՙ զե՞նք, թե՞ ավերիչ ինչ-որ բան... Որոնելը խրախուսելի է եւ սխալվելն էլՙ բնական երիտասարդների համար, բայց ի՞նչ են որոնում նրանք. իրենց կերպարանքով դիտողին ահուսարսափ հաղորդելու հնա՞ր: Այլապես ինչպե՞ս հասկանալ կողոպուտ, ավտովթար, մահ, իսկական մահՙ դագաղով, ծաղկեպսակներով, ողբացողներով.. այլեւս չասենք լեզվական արտառոց պաշարը: Հաղորդավար Արմենը մեկ երեկոյի ընթացքում վեց անգամ «պանիխիդա» ասաց: Ինչո՞ւ, հայերենըՙ «հոգեհանգիստը» վա՞տն է, իմ կարծիքովՙ առավել իմաստավոր է եւ բարեհնչուն: Եվ վերջապես, այս էկրանն էլ կրթական ամբիոն է: Մինչ ես մտածում էի հաղորդավարների լեզվական կարողության մասին, մյուսըՙ Գրիգոր Գասպարյանը մեծ անակնկալ արեց «Կապիտալ» ինտելեկտուալ հաղորդաշարով. շատ ապրի:

Ծիծաղի տուն

Ճիշտն ասած, դժվարանում եմ զատորոշել ժանրը. զվարճալի հաղորդո՞ւմ, թե՞ հեռուստաթատրոն, որի «տանիքի տակ» ապրում է այս հաղորդաշարը: Այս ասելով բնավ չեմ անտեսում նրա բարի, օգտակար, խրատական առաքելությունը եւ նրա մեղքը չէ, որ արժեքները գլխիվայր են շրջվելՙ դարձել «գորդյան հանգույց», որը ոչ ոք չի ուզում լուծել... Բոլոր դեպքերում սա անհամեմատ կիրթ ու գրավիչ հաղորդաշար է, մի բան, որ «հակառակ կողմից» հաստատվում էՙ զվարճալիի հավակնությամբ ստեղծվող անճաշակ ու բնավ էլ ոչ զվարճալի ծրագրերի զուգահեռների վրա... Բոլոր ժամանակների մեծերը գտել են, որ մարդկանց լացացնելն ավելի հեշտ է, քան ծիծաղեցնելը եւ որ առողջ ծիծաղը կյանքի ճահճի վրա փչող քամի է: Դա շատ լավ գիտե եւ հաղորդաշարի հեղինակ, վարող, նյութա-տնտեսական բոլոր հոգսերը քաշող Արամայիս Սահակյանը: սրամիտ ու զվարթացնող խոսքը դժվար ծնունդ է եւ չի կարելի պահանջել, որ հաղորդաժամի սկզբից մինչեւ վերջ միմիայն այդօրինակ խոսք հնչի: Անկախ հաղորդման մասնակիցների շահերից ու օժտվածությունից, այդ հաղորդումը լսվում ու դիտվում է, քանզի տարբեր անհատականություններից յուրաքանչյուրն իր գույնն ու երանգն է բերումՙ ուշագրավ որեւէ դրվագ պատմելիս: Ինչ արած, պատմելն էլ տաղանդ է եւ ոչ բոլորն են ունակ գրավելու հանդիսարանը, սակայն ամեն ինչ փոխհատուցվում է մեջընդմեջ առկայծող զվարթ հումորով: Դե, եթե հաղորդմանը Գրիգորյաններն են մասնակցումՙ անզուգական Սվետլանայի, Հովհաննես Գրիգորյանի եւ այլոց մասնակցությամբ, կարելի է չկասկածել, որ էկրանից չես հեռանա: Հետաքրքրական են նաեւ թատրոնի մարդիկ, որոնցից կառանձնացնեի Կապանի թատրոնի շնորհաշատ մարդկանց, որոնք փայլում են ոչ միայն զվարճալի պատումներով, այլեւ նմանակումներով:

Հնարավոր չէ լրագրային սուղ տարածքում հիշել բոլոր արժանավորներին, բայց անհնար է մոռանալ կույրերի միավորման շատ համով-հոտով մարդկանց, որոնք կարծես կյանքը շատ ավելի լիահունչ են ընկալում, քան շատ տեսնողներ... Միայն մի ցանկություն. կուզենայինք հայտնել, որ շնորհաշատ ու խոսքաշեն հեղինակը երբեմն չափից ավելի չմիջամտի ու «չճնշի» մասնակիցներին...

Շարունակությունըՙ հաջորդիվ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4