«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2005-03-23 | #52, 2005-03-25 | #53, 2005-03-26


ՀՈՒՇԵՐ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Հայ տաղանդավոր բանաստեղծ ու հասարակական գործիչ Վահրամ Ալազանը (1901-1964 թթ.) թողել է հուշերի մի ստվար հատոր (490 մեքենագիր էջ), որը գտնվում է բանաստեղծի դուստր Հասմիկ Ալազանի մոտ: Այդ հուշերի մեջ կան շատ հետաքրքրական ու արժեքավոր նյութերՙ նվիրված հայ եւ օտար մի շարք գրողների, պետական ու մշակութային գործիչների, որոնց հետ անձնական շփումներ է ունեցել տարաբախտ բանաստեղծը:

Հայտնի է, որ Վ. Ալազանն Աղասի Խանջյանի սպանությունից հետոՙ 1936 թ. օգոստոսի 9-ին ձերբակալվել է եւ 10 տարի ստալինյան բանտերում տառապելուց հետո ազատվել, բայց երկու տարի անցՙ 1948 թ. կրկին բանտարկվել է եւ առանց դատ ու դատաստանի ցմահ աքսորվել Սիբիրի խորքերըՙ Կրասնոյարսկի երկրամասի Բոգուչանի գյուղը:

Նրա կինըՙ Մարո Ալազանը, 1937 թ. նույնպես ձերբակալվել է (որպես «ժողովրդի թշնամու» կին) եւ երեք ու կես տարի անցկացրել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ու մտավորականների ձերբակալված կանանց համար հատկացված բանտում: Վ. Ալազանի երկրորդ բանտարկության ու աքսորի ժամանակ Մարո Ալազանը դիմել է մի անօրինակ, կարելի է ասել հերոսական քայլի: Նա մեկնել է իր ամուսնու հետքերով եւ ամիսների տառապալից որոնումներից հետո գտել է նրան եւ կամավորապես դարձել նրա նման աքսորյալ: Վեց տարի ամուսինները գտնվել են աքսորավայրի դաժան պայմաններում: Մարոն շատ բան է արել ամուսնու վիճակը թեթեւացնելու, բուժելու, նրան բարոյական նեցուկ դառնալու ուղղությամբ:

Ստալինի մահից ու Բերիայի գնդակահարումից հետո Ալազան ամուսինները Գուրգեն Մահարու եւ Վաղարշակ Նորենցի հետ վերադառնում են Երեւան: Բանտերն ու աքսորները թողել էին իրենց ծանր հետեւանքներն Ալազանի վրա: Ազատության մեջ երկու տարի մնալուց հետո նա կաթվածահար եղավ եւ 10 տարի, մինչեւ իր մահը (1964 թ.) գամվեց անկողնուն: Մարոն իր կյանքը նվիրեց հիվանդ ամուսնու խնամքին ու բուժմանը: Նրա թելադրությամբ Մարոն իրականացնում է Ալազանի երկերի նոր հրատարակություններ, գրում հոդվածներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, ինչպես նաեւ հուշերի երկու հատորներ: Դրանցից մեկըՙ «Տառապանքի ուղիներով» վերնագրով, որն ամբողջովին նվիրված է Ալազանի բռնադատման ու աքսորի պատմությանը, լույս է տեսնում բանաստեղծի ու նրա կնոջ մահից տարիներ անցՙ 1990 թ.:

Երբ 1940 թ. լույս ընծայվեց հայ պոեզիայի հատընտիրըՙ «Անտոլոգիա հայ պոեզիայի հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը» վերնագրով, իսկական կազմողներըՙ Եղիշե Չարենցը, Դրաստամատ Տեր-Սիմոնյանը եւ Վահրամ Ալազանը ձերբակալված էին: Ե. Չարենցը մահացել էր Երեւանի բանտում, Դ. Տեր-Սիմոնյանը գնդակահարված էր, իսկ Ալազանը գտնվում էր Հեռավոր Արեւելքի Կոլիմա պատժավայրում: Հատընտիրի տողացի թարգմանությունները ռուս բանաստեղծներին բաժանելու գործը վստահված էր գրող-թարգմանիչ Կարեն Միքայելյանին: 1937 թ. նա էլ ձերբակալվել էր եւ մահացել Վոլոգդա քաղաքի բանտում 1941 թ.: Բնականաբար, Մոսկվայի «Գեղարվեստական գրականություն» պետական հրատարակչությունը, որը 1940 թ. բարձր որակով (նկարիչՙ Հակոբ Կոջոյանի ձեւավորմամբ) 20 հազար տպաքանակով լույս ընծայելով այդ գիրքը, նոր խմբագիրներ էր նշանակել Ս. Ս. Հարությունյանին եւ Վ. Յա. Կիրպոտինին:

Գիրքը բացվում է խմբագրական մի փոքրիկ առաջաբանով, իսկ ներածական հոդվածը, որը կրում է «Ակնարկ հայկական պոեզիայի զարգացման պատմության» վերնագիրը (30 էջ), ստորագրված չէ: Ըստ երեւույթին, դա պատկանում է վերը նշված բռնադատված հայ գրողներից մեկն ու մեկի գրչին: Վ. Թեքեյանի բանաստեղծությունների ռուսերեն թարգմանության գործը հանձնարարված էր ռուս նշանավոր բանաստեղծ Նիկոլայ Սեմյոնովիչ Տիխոնովին (1906-1979 թթ.), որը, ինչպես կտեսնենք, հիացած է եղել Թեքեյանի պոեզիայով: Բայց մեզ անհայտ պատճառով նրա թարգմանությունները չեն զետեղվել «Անտոլոգիայի» մեջ: Կարելի է միայն ենթադրել, որ այդ ժամանակ Վ. Թեքեյանի անունը կապված էր Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի հետ, քանի որ վերջինս պաշտոնական ուղիներով ձգտում էր իրականացնել Հայաստան ներգաղթելու Վահան Թեքեյանի տարիների նվիրական բաղձանքը:

1967 թ. հետմահու լույս ընծայվեց Վ. Ալազանի «Հուշերը», որի մեջ զետեղված էր նաեւ մեզ հետաքրքրող նյութը Վ. Թեքեյանի մասին: Հրատարակված օրինակում տպագրված է Հայաստան ներգաղթելու վերաբերյալ Վ. Թեքեյանի գրավոր ցանկության մասին, բայց բաց է թողնված այն մասը, որտեղ գրված էր, թե այդ հարցով զբաղվում էր Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը:

Ստորեւ բերում ենք Ալազանի հուշերից Ն. Տիխոնովին վերաբերող բաժինը:

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, Ռուս նշանավոր բանաստեղծ Նիկոլայ Տիխոնովը

Վահան Թեքեյանի մասին

1934 թ. սկզբներին Հայաստանի Սովետական գրողների միության վարչությունը որոշեց կազմել եւ ռուսերենով լույս ընծայել հայկական պոեզիայի ստվարածավալ մի անթոլոգիա: Համաձայնություն ձեռք բերվեց, որ անթոլոգիան պիտի հրատարակեր Մոսկվայի գեղարվեստական գրականության պետական հրատարակչությունը:

Կազմվեց անթոլոգիայի խմբագրական կոլեգիան հետեւյալ կազմովՙ Եղիշե Չարենց, Դրաստամատ Սիմոնյան եւ տողերիս գրողը:

Խմբագրական կոլեգիան իր առաջին նիստում կատարեց աշխատանքի բաժանում. այսպեսՙ Չարենցին հանձնարարվեց անթոլոգիայի համար նյութեր ընտրել միջնադարյան հայ բանաստեղծներից, Դրաստամատ Սիմոնյանինՙ 19-րդ դարի արեւելահայ դասականներից եւ սովետահայ պոետների բանաստեղծություններից, ինձ բաժին ընկավ արեւմտահայ պոեզիան: Տրված տասնօրյա ժամկետում ես նյութեր ընտրեցիՙ Ղ. Ալիշանի, Մ. Պեշիկթաշլյանի, Պ. Դուրյանի, Սիպիլի, Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Մ. Մեծարենցի, Ռ. Սեւակի, Վ. Թեքեյանի եւ ուրիշների ստեղծագործություններից: Թեքեյանից ընտրել էի մոտ երկու տասնյակ լավագույն բանաստեղծությունները:

Մոսկվայում մեր խմբագրության լիազոր-ներկայացուցիչ նշանակվեց ռուս գրական շրջանների հետ լայնորեն կապված նշանավոր հայ գրող Կարեն Միքայելյանը:

Անթոլոգիայի համար հավաքած բոլոր բանաստեղծությունները Երեւանում տողացի թարգմանել տվեցինք ռուսերենի եւ ուղարկեցինք Մոսկվաՙ Կարեն Միքայելյանին, որպեսզի վերջինս էլՙ այդ բանաստեղծությունները բաժաներ ռուս պոետներինՙ բանաստեղծական թարգմանության համար:

Կարճ ժամանակից հետո Կ. Միքայելյանից նամակ ստացանք, որով հայտնում էր, թե ո՛ր նյութը ո՛ր պոետին է հանձնված: Այդ նամակից հայտնի եղավ, որ Վահան Թեքեյանի բանաստեղծությունները հանձնված էին Նիկոլայ Տիխոնովին: Ես շատ ուրախացա, որ իմ այնքան սիրած Թեքեյանին թարգմանելու էր այնպիսի մի վարպետ, որպիսին Տիխոնովն էր:

Մի տարի հետոՙ 1935 թ. հունիսին միասին պիտի մեկնեինք Փարիզ, մասնակցելու կուլտուրայի պաշտպանության գրողների միջազգային առաջին կոնգրեսին: Մոսկվայում Տիխոնովն ինձ տեսնելով շատ ուրախացավ եւ բացականչեց.

- Ի՞նչ մեծ բանաստեղծ ունեք դուքՙ հայերդ... Վահան Թեքեյան: Նա պարզապես գերել է ինձ: Ես թարգմանում եմ նրա բանաստեղծությունները եւ հիացած եմ նրանով:

Տիխոնովին հատկապես շատ էին դուր եկել Թեքեյանի «Հանըմ» եւ «Կանձրեւե տղաս» բանաստեղծությունները: Քիչ հետո ասաց.

- Լսել եմ, որ Թեքեյանն ապրում է արտասահմանում, կարո՞ղ է պատահել, որ նա Փարիզում լինի:

- Հնարավոր է,- ասացի ես,- Թեքեյանը որպես ուսուցիչ աշխատում է Կիպրոս կղզում, կարող է պատահել, որ ամառային արձակուրդներին գնացած լինի Փարիզ:

- Այդ դեպքում դուք ինձ կծանոթացնե՞ք նրա հետ,- ժպտալով ասաց Տիխոնովը,- եւ կհանդիսանաք իմ թարգմանիչը նրա հետ զրուցելիս, ես շատ եմ ուզում ծանոթանալ այդ մեծ բանաստեղծի հետ:

- Ամենայն սիրով,- պատասխանեցի ես:

Փարզիում Արշակ Չոպանյանից եւ Ավետիք Իսահակյանից տեղեկացա, որ Թեքեյանն այդ տարի Փարիզ չէր եկել եւ չէր էլ գալու: Երբ այդ մասին հայտնեցի Տիխոնովին, նա շատ ցավեց:

Կոնգրեսի ավարտից հետո, վերադառնալով Երեւան եւ իմանալով Թեքեյանի հասցեն (Կիպրոս կղզի, Նիկոսիա, Մելգոնյան վարժարան), նամակ գրեցիՙ հայտնելով անթոլոգիայի համար իրենից ընտրված բանաստեղծությունների, Նիկոլայ Տիխոնովի կարծիքի եւ նրա տխրության մասին, որ չի կարողացել ծանոթանալ Թեքեյանի հետ:

Կարճ ժամանակ հետո Թեքեյանից նամակ ստացա, որ նա շնորհակալություն էր հայտնում իր նկատմամբ ցույց տված ուշադրության եւ Տիխոնովի բարձր գնահատականի համար:

Որոշ ժամանակ անց Թեքեյանն ինձ ուղարկեց իր բանաստեղծությունների մի ժողովածու «Սեր» վերտառությամբ եւ ջերմ մակագրությամբ: Այդ ժողովածուն ինձանից վերցնում եւ կարդում էին Ե. Չարենցն ու Հովհաննես Շիրազը: Չարենցը շատ էր հավանել ամբողջ ժողովածուն եւ հատկապես նրանում տպագրված «Կամուրճ» բանաստեղծությունը, որն անգիր էր արել եւ հաճախակի արտասանում էր:

Թեքեյանի գիրքն ստանալովՙ ես նրան փոխարենն ուղարկեցի իմ «Մաքառումներ» ժողովածուն եւ Մ. Մեծարենցի «Երկերի լիակատար ժողովածուն» եւ իմ խմբագրությամբ ու առաջաբանով լույս տեսած Սիպիլի «Քերթվածներ» գիրքը: Նա ինձանից շնորհակալություն հայտնեց ուղարկածների համար եւ հատկապես շատ գոհ էր եւ ուրախ, որ Երեւանում հրատարակել էին Մեծարենցի եւ Սիպիլի երկերից:

1936 թ. Թեքեյանն իր մի նամակում բուռն ցանկություն էր հայտնում գալ Հայաստան: «Կուզեի կյանքիս վերջին տարիներն ապրիլ հայրենիքին մեջ, մեռնել եւ թաղվել անոր հողին տակ», գրում էր նա իր նամակում:

Այդ մասին ես հայտնեցի Աղասի Խանջյանին, նա զբաղված էր Թեքեյանի Հայաստան փոխադրման հարցերով, բայց, ավա՜ղ... 1936 թ. հուլիսի 9-ին ողբերգական մահը կտրեց նրա կյանքի թելը:

Այսպիսով, Թեքեյանի փափագը մնաց անկատար, եւ նա հայրենիքում թաղվելու փոխարեն թաղվեց օտար ափերում, սակայն մնալով Սովետական Հայաստանի մեծ բարեկամը:

ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4