Զրույց պրոֆ. Լեւոն Հարությունյանի հետ կյանք, բնություն, մարդ, տիեզերք, արվեստ թեմաներով
«Բնության ճարտարապետին» այսպիսի մակագրությամբ է Մ. Սարյանն իր «Գրառումներ իմ կյանքից» գիրքը նվիրել ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտ. պրոֆ. Լեւոն Հարությունյանին: Գիտնական, մանկավարժ, որն այսօր իր 78-ամյա տարիքում երիտասարդական ավյունով ու նվիրումով ստեղծագործական կյանք է ապրում: Իր գիտական, բեղուն գործունեությունը վաղուց արդեն փաստված արժեք է. 36 գիտական գրքեր, բուհական դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ, շուրջ 400 գիտական ու 500 եւ ավելի գիտահանրամատչելի հոդվածներՙ տպագրված ինչպես հանրապետական, այնպես էլ արտերկրյա մամուլում, («Հին աշխարհի դեկորատիվ այգիները», «Բնության պահպանության հիմունքները», «Քո շրջապատի ծառերը», «Քո շրջապատի ծաղիկները», «Հայաստանի դենդրոֆլորան», «Ընդհանուր էկոլոգիա», «Ֆիտոթերապիա», բոլորը թվարկելն անհնար է...):
Իր վաստակը հայ մանկավարժության մեջ անուրանալի էՙ Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանում 30 տարվա պատմությամբ, որտեղ երկար տարիներ ղեկավարել է կենսաբանության ամբիոնը, այժմ իր հիմնադրած «Հայբուսակ» համալսարանի պրեզիդենտն է եւ գիտխորհրդի նախագահը, Միջազգային էկոլոգիական եւ կենսագործունեության (IAELPS) ակադեմիայի ակադեմիկոս է, որի կողմից պարգեւատրվել է Լոմոնոսովի անվ. ոսկե մեդալով, Հայաստանի մանկավարժական ակադեմիայի հիմնադիր ակադեմիկոս: ԱՄՆ կենսագրությունների ինստիտուտը 20-րդ դարում գիտական նվաճումներին աջակցելու համար Լեւոն Հարությունյանին պարգեւատրել է ոսկե մեդալով, գրանցել «Նշանավոր մարդիկ» համաշխարհային հանրագիտարանում, 2003-ին արժանացել է ՀՀ նախագահի բարձրագույն պարգեւինՙ «Անանիա Շիրակացու» մեդալին:
Գիտական գործունեության հարուստ կենսագրության եւ գրահրապարակային նման հունձքի ֆոնին առանձին մի գրքի անդրադառնալը թվում էՙ անտեղի: Սակայն «Ճանապարհորդություն բնության գաղտնարաններում» (հ. 1, «Հայբուսակ» հրատ., Երեւան, 2004, 444 էջ) նորընծա գրքի վերջաբանի փոխարեն «Մի պատառիկ իմ կյանքից» հուշագրությունը շրջանցել չի լինում: Խորհրդային 1934-ական մռայլ թվականներ. 7-ամյա երեխան հետաքրքրասիրությունից ձեղնահարկում գտնում է պապիՙ իբրեւ մասունք թաքցրած անձնական արխիվն ու տոհմածառը, որին հետեւում է պապի դառը կսկիծը, երբ դրանքՙ ապագայի իր ողջ հույսը, անմիջապես այրում են ահաբեկված մայրն ու մորաքույրը: Հեղինակը գիրքը համարում է իր մանկության անգիտակից մեղքի քավություն... Գիրքը նվիրված է պապինՙ Սամսոն Բեկ-Սումբատովին, եւ նրա ազնվական ընտանիքինՙ իբրեւ հիշեցում կոմունիստական անհեթեթ բարոյախոսությանն ու սին գաղափարախոսությանը զոհ գնացած «ստեղծագործ ու բարեգործ մարդկանց» մասին:
Լեւոն Հարությունյանին հանդիպեցինք իր ամառանոցային աշխատասենյակում, որի ոչ այնքան ընդարձակ տարածքի մեծ մասը զբաղեցնում էր գրադարանը, մասնագիտական հազվագյուտ նաեւ գեղարվեստական գրքերի պատկառելի հավաքածուով: Պարզ, շիտակ հայ մարդ, մարդկանց սատարելու, բարություն անելու պատրաստակամությամբ, նվիրված իր աշխատանքին, ընտանիքին, երեխաների կրթության նախանձախնդիր, որքան ուշադիր ու բարյացկամ մանկավարժ, նույնքան անաչառ ու սկզբունքային, իր ապրած ժամանակի առաջ պատասխանատու, արտակարգ հետաքրքական զրուցակից, կենսասեր մարդ ու ամենից հաճելինՙ արվեստի, հատկապես դասական երաժշտության սիրահար, հարուստ հուշերով, փորձառությամբ:
Իր կինըՙ էությամբ եւ կրթությամբ մանկավարժ տկն Սիլվան, որ ամուսնու գործին ու անձին վերաբերվում է առանձնահատուկ գնահատանքով ու նվիրվածությամբ, նրա հաջողությունների գաղտնիքը ժամանակը խստորեն գնահատելու հանգամանքով, նաեւ խստականոնությամբ եւ համառ աշխատասիրությամբ է պայմանավորում. «Մեր զրույցները, ասում է նա, ավելի հաճախ տրանսպորտում էին լինում, որովհետեւ այն հազվադեպ պահերից էր, որտեղ նա պարզապես չէր կարող աշխատել: Հիշում եմՙ դոկտորականը գրելիս լարվածություն հաճախ էր ունենում, աշխատանքները վերսկսելուն օգնում էր հատկապես Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: Ինքն ազնիվ է, երբեմն դյուրաբորբոք, բայց արդարամիտ, բարեհոգի: Վերջերս պատահաբար մեր բնակության հարեւանությամբ ծանոթացանք մի կնոջ հետ, որի որդին արցախյան պատերազմում էր զոհվել, եւ ինքը լավ վիճակում չէր: Երբ տուն եկանք, շատ էր ազդված: «Հարկավոր է այդ կնոջն օգնել, ասա թող չխնայի էլեկտրաէներգիան, ձմռանը չմրսի, ես ծախսերը կհոգամ, ինչպես կլինիՙ մեր կողքին նա այդ վիճակում ապրի, եւ մենք անտարբեր մնա՞նք»:
Գիտնականն իրեն համարում է մի համեստ աշխատող, սակայն քրտնաջան ու մեղվաջան, որ անում է ամեն ինչ ժողովրդի մեջ գիտելիքներ տարածելու համար. գնահատականը կտան ժամանակն ու սերունդները, ինչպես սովորաբար լինում է...
Նշենք, որ Լ. Հարությունյանի արգասաբեր աշխատանքն արդյունավորվել է տեսական եւ գործնական մեծ նշանակությամբ ուսումնասիրություններով, որն ընդգրկում է բնական ռեսուրսների պահպանման եւ դրանց արդյունավետ օգտագործման, էկոլոգիայի, ֆիտոթերապիայի (բուսաբուժության), ծառաթփային բույսերի ներմուծման ու կլիմայավարժեցման, կանաչապատման ու անտառապատման պրակտիկայում դրանց օգտագործման ասպարեզները: Այդ նպատակով մշակել է տեսականու ընտրման էկզոտ-ցուցիչների մեթոդը, որը ժամանակին Մոսկվայի բուսաբանական այգու առաջարկով կիրառություն էր գտել եւ իբրեւ աշխատանքային ծրագիր ընդունվել Խորհրդային նախկին հանրապետությունների գրեթե բոլոր բուսաբանական այգիներում:
Իսկ դեռեւս 1974 թ. ակադեմիայի հրատարակությամբ լույս ընծայած Լ. Հարությունյանի մասնակցությամբ գիտնականների խմբի պատրաստած «ծՈցփվօպ ՏրվՏՉօ ՏոսպրպվՌÿ Ռ ՏջպսպվպվՌÿ ԸՐՎ հհՀ» աշխատության մեջ առաջին անգամ մշակվել եւ ներկայացվել է կանաչապատման հատուկ ոճի սկզբունքներ, տեսակների ընտրության, տնկման խտության հատակագիծ Հայաստանի ողջ լանդշաֆտային շրջանների համար: Գիրքը ներկայացվեց պետական մրցանակի, Վ. Հարբարձումյանը համարեց դարագլուխ, սակայն, ցավոք, կիրառություն չունեցավ:
Բնութագրական մի հատկանիշ եւս. Լեւոն Հարությունյանի 1977 թ. հրատարակված «Կանաչապատվող օբյեկտների նախագծման հիմունքները» գրքիՙ նախկին գլխավոր ճարտարապետի վերատպության առաջարկը գիտնականը մերժել է կանաչ զանգվածների նկատմամբ այսօրվա բարբարոս վերաբերմունքի պատճառով...
Մեր զրույցը Լեւոն Հարությունյանի հետ բնության եւ մարդու փոխհարաբերությունների մասին է, որն այսօր Հայաստանում խաթարված է տարօրինակ, անմարդկային դրսեւորումներով:
- Պրն Հարությունյան, ինչպե՞ս եք վերաբերում մեր ժամանակներում մարդու վերաբերմունքին հանդեպ բնությունը:
- Առանց բուսականության կյանք պարզապես գոյություն ունենալ չի կարող, այն, ինչով սնվում ու շնչում ենք, բույսերն են ապահովում: Բնությունն արտակարգ ազնիվ է, եւ բույսերը միայն աշխատում են մեզ համար, այն կենդանիները, որոնք սնվում են բույսերով եւ նրանք, որ սնվում են վերջիններով, ազնիվ են, սա սնման շղթան է, եւ այստեղ անազնիվ ոչինչ չկա, բնության մեջ ոչ մի թերություն չկա, ամեն ինչ կատարելագործված է, եւ չես կարող գտնել մի ճեղքվածք, որտեղ բնությունը նահանջի իր հիմնական սկզբունքներից եւ, երանի թե մարդը բնության այդ հատկանիշն ընդուներ, լիներ այնպիսին, ինչպիսին բնությունն է, ավա՜ղ, այդպիսին չէ:
- Մարդու միջամտությունը բուսական եւ կենդանական աշխարհի վրա անցել է «տրամաբանական» սահմանները, տագնապոտ հարցեր են ծառանում մարդկության առաջ, էկոլոգիական խաթարումները վտանգում են կյանքի բնականոն ընթացքը: Հայաստանի բուսածածկույթը, անտառներն արագորեն վերանում են, Երեւանի կանաչ տարածքները փոխարինվում են բետոնա-մետաղյա կառույցներով:
- Երեւանի օրինակը չի կարելի համարել գլոբալ, մեզ մոտ այնպիսի այլանդակությամբ են վերացնում կանաչ տարածքները, առանց հաշվի առնելու, որ Երեւանը որպես հարավային քաղաք առավել ունի կանաչապատման անհրաժեշտություն, սա պիտի լինի ոչ թե սոսկ կանաչ տարածք ունեցող, այլ քաղաք, որը գտնվում է կանաչ տարածքում: Մեր ժողովրդի հոգեբանությունն է, ծառը կտրել, տեղը ավտոտնակ, սրճարան, ռեստորան կառուցել:
- Այդ հոգեբանությունն ինչո՞ւ նախորդՙ Խորհրդային Հայաստանում այսպես չէր դրսեւորվում:
- Սովետական տարիներին Կենտրոնական կոմիտեն անգամ մեկ ծառ կտրելու համար մարդկանց դատապարտում էր, էլ չեմ խոսում գործադիր մյուս կազմակերպությունների մասին: Հիշում եմ եւ ինքս էլ ներկա էի այն նիստին, երբ ժամացույցի գործարանի մոտ շենք կառուցելու համար ծառեր էին կտրել, որի առիթով Կենտկոմի քարտուղար Վլ. Ղալումյանը նիստ գումարեց, հարցը քննարկվեց, մարդիկ պատժվեցին, եւ պուրակը վերականգնվեց:
Ես քրիստոնյա մարդ եմ, Հայ առաքելական եկեղեցին ինձ համար ազգային մեծագույն արժեք է, եւ հայ ժողովրդի կենսապահովման գաղտնիքն աշխարհի ամենաառաջադեմ կրոնըՙ քրիստոնեությունն ընդունելու ու հետեւելու մեջ եմ տեսնում: Սակայն հեթանոսական ժամանակների ծառի, անտառի պաշտամունքը մենք մոռացել կամ չենք ժառանգել: Սիրտս ցավում էր, որ 1993-94 թ. ցուրտ եւ մութ տարիներին ծառեր էին կտրում, եւ քաղաքի կենտրոնում անգամ կանաչ տարածքներ վերացան: Դա ժողովրդի համար մի փրկություն էր, ու նա մի կերպ կարողացավ գոյատեւել: Բայց ինչ է կատարվում հիմա մեր անտառների հետ, այս անտառասպանդը, որ բիզնեսի համար է արվում, բարբարոսություն համարելն անգամ շատ շոյիչ որակում կլինի: Այդ մարդկանց անունները սեւով են գրվելու մեր պատմության էջերում:
- Եվ մարդու այս ընչաքաղց անգթությունը բնության հանդեպ ինչպիսի՞ համարժեք պատասխան է ենթադրում:
- Դիլիջանի անտառները, որ հայկական Շվեյցարիա էին համարում, մի քանի տարի հետո, ցավոք, անվանելու են հայկական Արաբիա: Այդ անտառների կտրելը նշանակում է պակասեցնել մեր ջրերը: Անտառը ջրապաշտպան մեծ նշանակություն ունի, նպաստում է ոչ միայն ջրային պաշարների կուտակմանը, գրունտային ջրերի հարստացմանը, աղբյուրների առաջացմանն ու գետերի վարարմանը, այլեւ ողջ տարվա ընթացքում կանոնավորում ջրային հոսքը: Նրանց պակասեցմամբ մեզ մոտ անապատային ու կիսանապատային շրջանների թիվն այնքան կավելանա, որ Հայաստանում ապրելը շատ կդժվարանա:
Կարող է գարնանը գետերը վարարեն առատ ձյան հալոցքից, բայց աղբյուրները վարար չեն լինի, որովհետեւ ամռանն այդ ջրերը կցամաքեն...
- Իսկ ինչպիսի՞ ազդեցություն կունենա կենդանական աշխարհի վրա:
- Հայաստանն այնքան թռչնատեսակ ունի, որքան ողջ Ավստրալիանՙ 415, եւ թռչունների չուի կենտրոն է, ու թռչունները գալիս են հենց մեր անտառների համարՙ Սեւանի, Գիլի լճի, Արարատյան դաշտի գեղեցիկ լանդշաֆտների համար: Բայց պայմաններն անբարենպաստ են դարձել, թռչունները խռովել են արդեն մեզանից ու գնում են, շատ քիչ տեսակներ կան, որ բնադրում են մեզ մոտ, կամ չվելիս այստեղ են գալիս: Ինչո՞ւ միայն թռչունները, կենդանական աշխարհի շատ ներկայացուցիչներՙ հայկական մուֆլոնը, վայրի այծը, կովկասյան ազնիվ եղջերուն եւ շատ ուրիշ տեսակներ, որոնք անտառների հատման հետեւանքով վերանալու են Հայաստանից, եւ մեր երկիրն իր էությամբ չի տարբերվելու անապատային երկրներից: Մինչդեռ մենք գտնվում ենք այնպիսի խաչմերուկում, որի կենդանական ու բուսական աշխարհի առատությունը գիտնականներին զարմացնում էր: Միայն մեկ օրինակ, ամբողջ աշխարհում տանձենու 60 տեսակ կա, որից 26-ն աճում է Հայաստանում, դրանց 15-ն էնդեմ է, միայն Հայաստանում է աճում: Եվ վախենում ենք տեղն ասել, որ որոշ հետաքրքրասերներ չգնանՙ կտրեն: Կա՞ն չէՙ վերջին ծառը ես կտրեցի, վերջին կենդանուն ես խփեցի հոգեբանությամբ հերոստրատներ: 1902 թ. սպանվեց Հայաստանում վերջին կովկասյան եղջերուն եւ գիտենՙ ով է սպանողը: Մեր շատ պաշտոնյաներ, ճանաչված նկարիչներ ու բանաստեղծներ մտնում էին եւ այժմ էլ մտնում են արգելավայրեր ու որս են անում, եւ պատմությունը խոսելու է նրանց մասին:
- Անտառազրկումը նաեւ կլիմայական փոփոխություններ կարող է առաջացնել, այնպես չէ՞:
- Կլիման, անշուշտ, կախված է անտառից: Երկիրը, որտեղ անտառներ չկան, աղքատ է: Եթե անգամ նավթ ու ոսկի ունի: Սեւանի մակարդակն իջեցրինք 18 մետրով, եւ անդառնալի կորուստ պատճառեցինք բնությանը, ջրերն այնպես ցամաքեցին, որ ջրազուրկ հանրապետություն ենք համարվում: Հետո սկսեցին սիգ աճեցնել, իշխանը սիգի մրցակցությանը չի կարող դիմանալ եւ վերանում է: Եթե Սեւանի մակարդակն աստիճանաբար բարձրացնեն գոնե 6 մետրով, որի մասին շատ են խոսում, մեր բնության մեջ շատ փոփոխություններ կլինեն, բայց մնում է մի մեծ խնդիրՙ ամեն ջանք գործադրել Հայաստանի անտառները վերականգնելու համար:
- Հասարակական մի շարք բնապահպան կազմակերպություններ կան, որ փորձում են այդ գործն անել:
- Ծառատունկն անում են այնպես, ինչպես Թումանյանի «Գաբու բիձու շերամապահությունը», ծառը տնկում ու չեն խնամում: Ծառատունկից առաջ պետք է ապահովել ոռոգումը: Ոռոգման համակարգը դեռեւս չվերականգնված, ի՜նչ ծառատունկի մասին կարող է խոսք լինել, ինչպես Ծիծեռնակաբերդի ողջ հարավային լանջերին տարեկան 20 հազարից 30.000 հազար ծառ են տնկում եւ աշնանը պարզվում էՙ ոչ մի կենդանի ծառ չկա:
Տասնյակ տարիներ աշխատել ենք տեսակաշար որոշելու համար, հիմա փոխարեն սկզբից տնկարաններում այդ տեսակներն աճեցնեն, սկսել են մոլախոտային բուսականությունից (ամերիկյան թխկի, թեղի, հացենիների որոշ տեսակներ եւ այլն), որոնք հեշտությամբ սերմից աճում են, այսինքնՙ մեր տնկարանները վերածում են մոլախոտային բուսականության, որոնք գեղարվեստական, մելորացիոնՙ շրջակայքը բարելավող հատկություն չունեն: Իսկ ո՞ւր են ազնիվ սոսիները, սոճիները, գիհիները: Երեւանը պետք է ողողվեր արեւելյան սոսիով, սրբազնագույն ծառ, որ եղել է հեթանոսական Հայաստանում պաշտամունքի առարկա, երբ Անահիտի հայտնի մեհյանը (Արմավիրում) ամբողջովին շրջապատվել էր սոսու արհեստական պուրակով, եւ ինչպես ավանդույթն է պատմում, Արա Գեղեցիկի մահից հետո, նրա որդունՙ Անուշավանին նվիրեցին անտառին, որ այնտեղ ճիշտ դաստիարակվի եւ անտառն այդ կոչվում էր Անուշավան սոսանվեր: Անտառն ինքնամաքրման է ենթարկում, լիցքաթափում մարդուն, եւ ես հասկանում եմՙ ինչու են կենդանիներն այդքան ազնիվ:
Համաշխարհային արհեստական անտառատնկման պատմության մեջ եզակի երեւույթ է 4-րդ դարում Խոսրով Կոտակ Երկրորդ թագավորի տնկած անտառըՙ 21 հա տարածության վրա: Այն ժամանակ պատերազմ էր ընթանում Պարսկաստանի հետ, բայց նա անտառատնկման հրովարտակ արձակեց, ու զորքն էլ մասնակցում էր ծառատունկին: Պատմահայր Մովսես Խորենացին շատ պատկերավոր նկարագրում է, թե ինչպես Երվանդ Առաջին թագավորը Երվանդաշատ քաղաքը կառուցելիս մեծ անտառ տնկեց Ախուրյանի ափին եւ այդ անտառը ներկայացվում է գեղեցկուհու տեսքով, քաղաքըՙ իբրեւ բիբ եւ այդ կանաչ զանգվածը զարդարում եւ իսկական թագավորական դաստակերտի տեսք էր հաղորդում արքայանիստին:
- Պրն Հարությունյան, կանաչապատման արվեստին նվիրված բազմաթիվ ուսումնասիրություններ ունենք, ի՞նչ կասեք Երեւանի այգիների կանաչապատման կուլտուրայի մասին, դրանք շատ անխնա՞մ չեն:
- Այսօր մեզ, իհարկե, նախ եւ առաջ կանաչ զանգվածներ է պետք ունենալ, որից հետո կարելի է մտածել գեղարվեստական ձեւավորման մասին: Հայաստանում, մասնավորապես Երեւանում չունենք կուլտուրայի, հանգստի զբոսայգի, այսինքնՙ ոչ թե պատահական բույսերի հավաքածու, այլ ընտիր տեսակներՙ ձեւավորված դասական դեկորատիվ պարտիզագործության սկզբունքներով: Մենք գտնվում ենք կլիմայական ամենաանբարենպաստ պայմաններում, մեզ խիտ տնկարաններ են պետքՙ սանիտարահիգիենիկ պայմանները բավարարող:
- Ձեր հրատարակած վերջին գիրքըՙ «Ճանապարհորդություն բնության գաղտնարաններում», բավականին հետաքրքրահարույց բովանդակություն ունիՙ բանականության ու բնազդի, կենդանական ու բուսական աշխարհի տարօրինակությունների, 6-րդ զգայարանի մասին եք խոսում: Փաստացի անդրադառնում եք նաեւ հեռազգացողության եւ պայծառատեսության խորհրդավոր երեւույթներին, երազներին, նաեւ կենդանի օրգանիզմի եւ տիեզերական երեւույթների միջեւ կապին եւ անաբիոզին, մի քանի խոսք այդ երեւույթի մասին:
- Համընդհանուր ճշմարտություն պետք է ասեմ. բնության գաղտնիքները մինչեւ վերջ բացահայտել հնարավոր չէ: Անաբիոզը հասկանալի երեւույթ է, դա այն վիճակն է, երբ կենդանի էակը գտնվում է կյանքի ու մահվան սահմանագծում, կենսական պրոցեսները շատ դանդաղ են ընթանում եւ պահպանվում է նվազագույն էներգիայի ծախսումով: Որքան պարզունակ է այդ էակը, այնքան աբիոտիկ երեւույթները շատ ավելի լավ են արտահայտվում: Հայտնի են մանրէներ, որ մինչ 300 հազար տարի կարող են այդ վիճակում գոյություն պահպանել: Վերջերս անձավների մեջ հայտնաբերվեցին 35 հազար տարի աբիոտիկ վիճակում գտնվող մանրէներ: Դրանք կարող են վտանգավոր լինել եւ հիվանդությունների, համաճարակների պատճառ դառնալ:
Որքան կատարելագործված է օրգանիզմը, աբիոտիկ երեւույթներն այնքան թույլ են արտահայտվում, ինչպես մարդու պարագայում, չնայած հայտնի են նաեւ մարդու աբիոտիկ վիճակներ, ինչպես յոգերն են անում, կամ լեթարգիական քունն է, այդ ընթացքում գիտակցությունը չի գործում:
Հետաքրքրական է նաեւ զոմբիների գաղտնիքը, երբ մարդը մահանում է, թաղելուց որոշ ժամանակ անց կենդանացնում են: Այդպիսի օրինակներ պատահել են, եւ գիտությունը տալիս է դրանց պատասխանը:
- «Պարտիզագործի հանրագիտարան» Ձեր քառահատոր աշխատությունը պատրաստ է հրատարակության, եւս 12 արժեքավոր գրքեր սպասում են տպագրության:
- 30-ից ավելի ստվարածավալ գրքերի հեղինակ եմ, մի մասը հրատարակվել է իմ նախաձեռնությամբ հիմնադրված «Հայբուսակ» համալսարանիՙ հատուկ այդ նպատակի համար ստեղծած ֆոնդի հաշվին: Մասնավորապես «Պարտիզագործի հանրագիտարանի» տպագրությունը խոչընդոտվում է հրատարակչական կամայականությունների պատճառներով: Լավ հրատարակիչը նախ եւ առաջ պետք է օգտակար գիրք տպագրելու մասին մտածի, ոչ թեՙ հնարավորինս շատ եկամուտ ստանալու:
Ասեմ նաեւ, որ այդքան գրքեր եմ տպագրում, բայց ժողովրդին, ցավոք, չի հասնում, ամսական 2-3 գիրք հազիվ է վաճառվում, իսկ կար ժամանակ, որ գրախանութ չհասած սպառվում էրՙ «Հայգրքից» էին տանումՙ այն էլ 30 հազար տպաքանակի դեպքում: Ժողովուրդը հեռացել է գրականությունից, գիրք չի կարդում, հեռացել է հողագործությունից, եղած ծառն է կտրում: Երբեմն նվիրատվության համար են գրքեր վերցնում: Բնապահպանության նախարարությունը «Հետաքրքրաշարժ բուսաբանություն» գրքից 500 օրինակ անհատույց վերցրեցՙ դպրոցներին բաժանելու համար:
- Այսօր բավականին հետաքրքրություն կա բուսաբուժության նկատմամբ, գիտական բժշկությունը հաճախ թերահավատություն է առաջացնում, հատկապես որոշ դեղորայքային անարդյունավետ բուժումների պատճառով: Ձեր «Ֆիտոթերապիա» հանրագիտարանը պետք է, որ լայն ընդունելություն գտած լինի:
- «Ֆիտոթերապիան» հանրագիտարան է ութ հատորից, որ ամփոփում է Հայաստանի 1200 դեղաբույսերի մասին հանգամանալի տեղեկություններ: Այժմ 7-րդ հատորը տպագրական պրոցեսում է, 8-րդը կավարտեմ հաջորդ տարի, բայց դա չեմ համարում իմ ստեղծագործությունը, ես կատարել եմ նյութերի հավաքման ու համակարգման աշխատանքներ, ունեմ, իհարկե, որոշ ստեղծագործական ներդրում, բայց դա չնչին է:
- Ո՞րն է Ձեր ասած այդ չնչին ներդրումը:
- Հայտնաբերել եմ Հայաստանում աճող նորանոր բույսեր, որոնք նախկինում հայտնի չէին:
- Եվ քանի՞սն են դրանք :
- Դրանցից 400-ն արժանահիշատակ գիտնական Սոֆիա Զոլոտնիցկայայի աշխատանքի արդյունքն էՙ ամփոփված նրա «Lekarstvennie resursi flori Armenii» աշխատության մեջ: Ես եւ դուստրս ուսումնասիրելով դեղաբույսերի համաշխարհային ողջ ֆոնդըՙ եզրահանգել ենք, որ Հայաստանում կան 800 տեսակի անհայտ դեղաբույսեր: Ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտի աջակցությամբ կատարվել են անալիզներ եւ պարզել կենսաբանական ակտիվ նյութերի բավականին քանակություն: Հանրագիտարանը դրանց բոլորի մասին տալիս է մանրամասն տեղեկություններ:
Մենք նշում ենք նաեւ Կարմիր գրքում գրանցված դեղաբույսերը (աղասեր թրաշուշան, խնկեղեգ, նետախոտ սովորական, շտեմբերգյան խլոպուզ, մարգացնցու զեդեմեյերի, սոսորեա աղի, ձնծաղիկ անդրկովկասյան եւ այլն):
- Պրն Հարությունյան, իբրեւ գիտնական, բնությունը հրաշալի ճանաչող մարդ, ինչպե՞ս եք վերաբերում աշխարհի կործանման վերջերս շրջանառու լուրերին:
- Աշխարհի կործանման մասին տեսությունները սնանկ են, բնությունն այնպիսի միասնական ամուր համակարգ է, որ մարդն անկարող է խախտել, բնությունն ինքն իրեն վերականգնելու հրաշալի հնարավորություններ ունի: Գյոթեն ասում էր, որ բնությունն իրավացի է եւ իմաստուն, բոլոր տեսակի սխալները գալիս են մարդուց: Եվ բնությունը մարդու սխալները կարող է շտկել, թեեւ մեծ ջանքերի, զոհողությունների գնով: Մարդը չի կարող աշխարհը կործանել, որքան էլ զարգանա ու բազմանա, ինքն իրեն կպատժի, որոշ ռեգեոններ կհայտնվեն ահավոր վիճակներում (կլիմայական, հողային), ինչպես վերջին ցունամին հարավասիական երկրներում ցույց տվեց. մի թեթեւ ցնցում եւ 300 հազար զոհ... Բայց բնությունն անմահ է եւ բոլոր տեսակի ուժերի դեմ կարող է պայքարել, մարդը թող երբեւէ չկարծի, թե կարող է հաղթել բնությանը, կամ ամեն ինչ գիտե:
Սարյանը մի առիթով ասել է, թե բնությունը մարդուն ստեղծել է իր նման եւ օժտել մեծ հատկությամբ: Ոչ, բնությունը մարդու նման չէ, նա կատակներ չի ճանաչում, միշտ լուրջ է, արդարացի ու խիստ, ճշմարտացի, սխալներն ու մոլորությունները մարդկանցից են բխում:
Ինքս որքան բացահայտում եմ բնության գաղտնիքները, այնքան մոտենում եմ Աստծո գաղափարին, հավատում նրա գոյությանը, բարձրագույն ոգուն, որ կարգավորում է ողջ տիեզերքը: Մենք չենք կարող կործանել երկիրը, որքան էլ ջանանք, այլ միայնՙ Աստված: Իսկ մարդկությունն Աստծո առաջ դեռ մանուկ է...
- Մեր զրույցի ընթացքում դուք հաճախ վկայակոչեցիք մեծ մտածողներին ու արվեստագետներին, ինչպե՞ս եք տեսնում գիտություն-արվեստ կապը կամ նրանց երկուսի դերակատարումը տիեզերական ներդաշնակության մեջ:
- Արվեստն անմահ է, նա անժամանակյա է, տիեզերական: Գիտական հայտնագործություններն աստիճաններ են, որով մենք վեր ենք բարձրանում, արվեստը միշտ թարմ է, գիտությունը եթե նոր քայլ չարեց, հնանում է, նա ուլտրաժամանակակից պիտի լինի: Գիտնականը երկնքից ոչինչ չի բերում, նա գտնում է, հայտնաբերում եղածը, արվեստագետը ստեղծում է, եւ նրա ստեղծագործությունն ինդիվիդուալ է, դրանով իսկՙ ինքնատիպ:
- Ովքե՞ր են այն արվեստագետները, որոնց ստեղծագործություններն օգնում են Ձեզ կյանքում:
- Մեծագույն ստեղծագործությունը բնությունն է, արվեստըՙ դրա շարունակությունն է, ի՞նչ է երաժշտությունը կամ կերպարվեստը, եթե ոչ բնության ձայների ու գույների նրբագույն ընկալում եւ գեղարվեստական ձեւերի անհատական վերարտադրում: Ինձ հարազատ է դասական արվեստըՙ Միքելանջելո, Գյոթե, Բեթհովեն, Բախ, Վերդի, Սարյան...
- Ի՞նչ է Ձեզ հուշում կյանքի բազմամյա փորձառությունը եւ ի՞նչՙ բնության ձայնը, ո՞րն է կյանքում ամենագնահատելին, եւ ի՞նչ կուզեիք հիմա:
- Մարդն իրավունք չունի շռայլելու իր աշխատունակության հնարավորությունները: Մտածել է պետք ժամանակավոր կյանքի եւ այստեղ հետք թողնելու մասին: Մարդն իրեն պետք է զգա այնքան մարդ, որքան օրեր նա աշխատել է ժողովրդի համար: Կենդանության օրոք մեծ մարդիկ սովորաբար չեն գնահատվում, պատճառը, որ նրանք ժամանակից առաջ են անցնում եւ դժվար են հասկացվում:
Ինձ համար ամենաանտանելին կեղծիքն ու սուտն են, դրա համար ներկայիս չեմ կարողանում հաշտվել, մարդկանց մեջ վերացել է մաքրությունը, կցանկանայի մինչեւ կյանքիս ավարտը հանդիպել ազնիվ մարդկանց, լինել այնպիսի շրջապատում, ովքեր իրապես մտահոգ են մեր տանջված ժողովրդի ճակատագրով եւ ուզում են օգնել նրան:
Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ