«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2005-03-23 | #52, 2005-03-25 | #53, 2005-03-26


ԺԱՄԱՆԱԿԻՆ ԲԱՐԳԱՎԱՃ, ԻՍԿ ԱՅԺՄ ՔԱՅՔԱՅՎԱԾ ՔԱՐԱԿԵՐՏ ԳՅՈՒՂԸ ԾԱՅՐԱՀԵՂ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ Է

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղը ժամանակին ծաղկուն էր եւ բարգավաճող: Հետխորհրդային շրջանի համընդհանուր գործազրկության պայմաններում այսօր գյուղի մոտ 1100 ընտանիքներից ավելի քան 600-ը խիստ կարիքավոր են: Գյուղը չունի եկամտի աղբյուրներ, քայքայված են սոցիալական ենթահամակարգերը, բացակայում են տարրական բնակարանային պայմանները: Քարակերտը զրկված է խմելու եւ ոռոգման ջրից (ջուրը գնում են 40 լիտրի համար վճարելով 150 դրամ), չկա կոյուղի, իսկ ջրամատակարարման համակարգի մաշվածության պատճառով գյուղ է հասնում ջրի 20 տոկոսը միայն: Տարրական հիգիենիկ պայմանների բացակայության պատճառով գյուղում տարածվել են շատ հիվանդություններ` մանավանդ կանանց եւ երեխաների շրջանում:

2003 թ. ամերիկահայ բարեգործ Կարո Արմենի հիմնադրած «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) 2004 թ. սեպտեմբերից Քարակերտ գյուղում իրականացնում է «Համայնքային զարգացման ինտեգրված» ծրագիր` նպատակ ունենալով խթանել գյուղի սոցիալական եւ տնտեսական առաջխաղացումը, լուծելու բնակիչների անմիջական եւ հրատապ կարիքները: Հիմնադրամի ներկայացուցիչների խոսքերով, այդ գյուղի ընտրությունը պատահական չէ: Քարակերտն ընտրվել է ոչ միայն ծայրահեղ աղքատության պատճառով, այլեւ շնորհիվ իր երկարատեւ զարգացման հնարավորության: Ծրագրի տարբեր բաղադրիչներ իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ), Կալիֆոռնիայի հայ ատամնաբույժների միության, Երեխաների առողջապահության պահպանման ասոցիացիայի, Շիրակի մրցունակության կենտրոնի եւ մի շարք այլ կազմակերպությունների համագործակցությամբ եւ համաֆինանսավորմամբ:

«Համայնքային զարգացման ինտեգրված» ծրագիրը բազմաթիվ ենթակետեր ունի, որոնցից շատերը դեռ քննարկման փուլում են: Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է արվել:

2004 թ. սեպտեմբերին հիմնադրամի ֆինանսավորմամբ Շիրակի մրցունակության կենտրոնը նախաձեռնել է գյուղի աղբազերծման միջոցառում` մաքրելով գյուղում շուրջ 30 տարի կուտակված աղբը: Նախատեսվում են նաեւ եռամսյակային մաքրումներ: Շիրակի մրցունակության կենտրոնի հետ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը նախատեսում է ջրաոռոգման համակարգի վերանորոգում, հասարակական վայրերի բարեկարգում, բիզնես ծրագրի կազմակերպում եւ իրականացում, օրինակ, սպանդանոցների ստեղծում, մրգերի չորացում, բրդի մշակում եւ այլն:

Հիմնադրամը բարերարների շնորհիվ սոցիալական ծառայությունների շրջանակում գյուղի խիստ կարիքավոր 126 ընտանիքներին տվել է 3 հումանիտար օգնություն` հագուստ, կոշկեղեն, սնունդ, որը շարունակվելու է: Դասագրքերի ձեռքբերման համար ծնողներին բաժանվել են գումարներ, ինչպես նաեւ տարրական դասարանների աշակերտներին տրվել են ատամի խնամքի միջոցներ: Ինչպես նշում է հիմնադրամի սոցիալական ծրագրերի համակարգող Ինեսա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում նախատեսվում են նաեւ միկրովարկերի եւ ոչ մեծ չափի շնորհների տրամադրում, Քարակերտի հոգեւոր եւ մշակութային կենտրոնին աջակցում եւ մի շարք այլ ծրագրեր:

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Քարակերտում իրականացնում է նաեւ առողջապահական ծրագրեր: Արդեն իսկ ստեղծվել է գյուղի բնակիչներին անվճար սպասարկող ամբուլատորիա, որն ապահովված է տրանսպորտային միջոցով, ջեռուցման սարքավորումներով, դեղորայքով, բուժական սարքավորումներով ու պարագաներով, լաբորատոր տեստերով: Քարակերտի երեխաներին ստուգել եւ բուժել են շարժական ատամնաբուժական եւ ակնաբուժական խմբերը: Առողջապահական օգնություն ստացածները մեծ ոգեւորությամբ էին խոսում ամբուլատորիայի մասին` հոգատար աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով բժշկական կազմին: Առողջապահական ծրագրերի համակարգող Նաիրա Ղարախանյանը նշում է, որ բնակչությունը սկսել է մտածել իր առողջության մասին, շատացել են դիմողները:

ՄԱԿ-ի զարգացման գործակալության, ՄԱԶԾ-ի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը 1 մլն դոլարի շրջանակներում երկու մասից բաղկացած ծրագիր է իրականացնում: Առաջին մասում նախատեսվում է համայնքի 2 դպրոցների եւ 2 մանկապարտեզների վերանորոգում: Մեր այնտեղ գտնվելու ժամանակ վերանորոգվում էին 2 մանկապարտեզները եւ թիվ 2 դպրոցը, որոնք շահագործման կհանձնվեն սեպտեմբերին: Ծրագրում նախատեսվում են եկամուտների, աշխատատեղերի ստեղծում, գյուղատնտեսական տեխնիկայի վերազինում, բյուջետավորման դասընթացների անցկացում, որը ՄԱԿ-ի զարգացման գործակալության համայնքային զարգացման ծրագրերի համակարգող Ռոբերտ Զիրոյանի կարծիքով կօգնի բնակիչներին համայնքի ինքնակառավարման հարցում:

«Համայնքային զարգացման ինտեգրված» ծրագիրը, որի ամբողջ արժեքը նշյալ կազմակերպությունների համաֆինանսավորմամբ կազմում է մոտ 2 մլն դոլար, կավարտվի 2006 թ.:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4