«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2005-03-23 | #52, 2005-03-25 | #53, 2005-03-26


ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՏԱԳՆԱՊԱԾ ԵՆ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻՑ

Հանրապետությունում տեղացած առատ ձյունը մի շարք մարզերում հեղեղումների սպառնալիք է ստեղծել: Մասնավորապես խիստ տագնապած են Մարտունի քաղաքի գետափնյա փողոցի եւ Ներքին Գետաշեն համայնքի բնակիչները, որի տարածքը եւս կտրում է գետը:

Այս մասին մարտունեցիներն ահազանգել են նույնիսկ Ազգային ժողովին: Նշված վայրերում ձյան շերտը հասել է 70-80 սմ-ի:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի հավաստմամբ, դեռ մինչեւ ձյան տեղալը կառավարությունը 68 մլն դրամ է հատկացրել հանրապետության գլխավոր հեղեղատների` Գավառի եւ Հրազդանի ձորի մաքրման համար, «բայց եթե որեւէ համայնքում հեղեղներ եւ լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն լինեն, կառավարությունը պատրաստ է տրամադրել նաեւ այդ միջոցները»:

Հակառակ իրենց հայ գործընկերների, Ռուսաստանի Դաշնությունում գործադիրն ի դեմս արտակարգ իրավիճակների նախարարության ավելի լրջությամբ է վերաբերվում վտանգի հավանականությանը: Այստեղ չեն բավարարվում լավատեսական կանխատեսումներով, այստեղ պատրաստվում են վատագույնին:

Նախարարությունում արդեն մշակվել է մոսկվացիների էվակուացման պլանը: Հատուկ քարտեզներով առանձնացվել են հեղեղումների ամենահավանական գոտիները դաշնության մայրաքաղաքում: Ենթադրվում է, որ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով կարող է ափերից դուրս գալ Մոսկվա գետը, ջրերը կլցվեն ստորերկրյա ավտոտնակները, նկուղները, առանձնատների առաջին հարկերը, կխարխլեն շենքերի հիմքերը:

Հիդրոօդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, Մոսկվայում հալոցքը կսկսվի մարտի վերջին օրերին:

Հայաստանում գրեթե նույնությամբ կրկնվում են եղանակի տարօրինակությունները, բայց ոչ միայն այս, այլեւ նմանօրինակ շատ խնդիրների դեպքում մենք հակված ենք ավելի շատ հետեւանքները վերացնելու, այլ ոչ կանխարգելումների խելամիտ ծրագիր իրականացնելու: Մինչդեռ դա մեզ շատ ավելի է անհրաժեշտ, քան մոսկվացիներին, նկատի առնելով, որ հանրապետության գրեթե բոլոր մարզերը վարակված են նաեւ սողանքներով: Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4