«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2005-03-23 | #52, 2005-03-25 | #53, 2005-03-26


ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ՆԱԵՎ ԱՆԿԱԽ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՑ

Պետբյուջեից հանրակրթական դպրոցների ֆինանսավորումը կատարվում է ըստ աշակերտների թվաքանակի: Մեկ աշակերտի համար պետությունը տրամադրում է 51 հազար 202 դրամ, իսկ շենքի պահպանության եւ այլ ծախսերի համար` 6,6 մլն դրամ: Քաղաքային դպրոցներին հատկացումների այս տրամաբանությունը ձեռնտու է, քանի որ շատ աշակերտներ ունեն, շատ էլ փող են ստանում, եւ կարողանում են հոգալ ոչ միայն աշխատավարձերի, այլեւ դպրոցի նորոգումների ու պահպանության ծախսերը:

Այլ է պատկերը գյուղական բնակավայրերում: Բազմաթիվ դպրոցներ կան, որ ընդամենը 10 դասարանով, 300 կամ դրանից մի փոքր ավելի աշակերտներ ունեն, եւ ըստ այդմ էլ գումար են ստանում: Բնականաբար, տնօրենությունը դժվարությամբ է լուծում ուսուցիչների աշխատավարձի խնդիրը, ժամանակ առ ժամանակ ստիպված լինելով հոգալ նաեւ կենսական այլ խնդիրների մասին:

Ինչպես տեղեկացանք ԱԺ պատգամավոր Մեխակ Մխիթարյանից, միայն Արմավիրի մարզում հանրակրթական 118 դպրոցներից 70-ն այդ վիճակում է, 15 դպրոց ընդհանրապես բախվել է ֆինանսական անլուծելի խնդիրների:

Այս իրավիճակում հայտնված դպրոցներում առաջիկայում հարկադրված կլինեն դիմելու ոչ միայն «ավելորդ» հաստիքների (գրադարանավար, տնտեսվար), այլեւ ուսուցչական կազմի կրճատումների` անկախ օպտիմալացման ծրագրից:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4