ԵԱՀԿ գործող նախագահն ավելի վաղ ԼՂ-ն համարել էր «վիճելի տարածք»
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղն «առանձնահատուկ, յուրահատուկ դեպք է»: ԵԱՀԿ գործող նախագահն անհրաժեշտ չի համարում ղարաբաղյան հակամարտությունը համեմատել «այլ սառեցված հակամարտությունների հետ, որը փորձում է ԵԱՀԿ-ն կարգավորել կամ լուծել»:
2005 թ. մարտի 4-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իր ելույթում Ռուպելը Լեռնային Ղարաբաղը որակել էր «վիճելի տարածք», մինչդեռ, անդրադառնալով Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրներին, նկատել էր տվել, որ դրանք պետք է լուծվեն համապատասխանաբար Մերձդնեստրի եւ Վրաստանի տարածքային ամբողջականության սահմաններում:
Ավելի վաղՙ 2002 թ. դեկտեմբերին ղարաբաղյան հակամարտությունն ԱՊՀ տարածքում առկա սառեցված մյուս հակամարտություններից հստակ տարանջատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նախկին համանախագահ Ռուդոլֆ Պերինան:
2005 թ. փետրվարի 19-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսն ամերիկահայերի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղը չի կարող վերադարձվել Ադրբեջանի կազմ, քանի որ դա կլինի աղետ»:
Եվ ի վերջո, հանգուցյալ Հեյդար Ալիեւը 2001 թ. չափազանց մոտ էր ստորագրելու քիվեսթյան պայմանագիրը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը միացվում էր Հայաստանին:
Երեկ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ռուպելը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր ճանապարհը քաղաքականն է: Նա հորդորեց կողմերին «օգտագործել առկա պատուհանը»: Ռուպելը կոչ արեց կողմերին «վերջ տալ զինադադարի խախտումներին», «պետք է բացառվի ագրեսիվ լեզուն», եւ Ադրբեջանում ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստվում է Բաքվին տեղեկացնել, որ կարգավորումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով:
Իր հերթին Վարդան Օսկանյանը նշեց, որ հակամարտության գոտում «ինչքան մոտ են գալիս բանակները, այնքան շատ են (դժբախտ) պատահարները»: Հայաստանի արտգործնախարարը, պատասխանելով սլովենացի լրագրողի հարցին, ասաց, որ Մինսկի խումբն իրեն չի սպառել: Երկու օր առաջ Օսկանյանը ՀՀ ԱԺ խորհրդարանական լսումների ժամանակ խոստովանել էր, որ Բաքուն փորձում է ղարաբաղյան կարգավորումը տեղափոխել միջազգային այլ ատյաններ:
ԵԱՀԿ գործող նախագահը երեկ հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահի, ԱԺ նախագահի, ԼՂՀ առաջնորդ Արկադի Ղուկասյանի եւ իր հայ գործընկերոջ հետ: Ռուպելի կարծիքով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մայիսին կայանալիք հանդիպումը «լավ մեկնարկային կետ է» ղարաբաղյան խնդրի կարգավորման համար:
Վարդան Օսկանյանը նշեց, որ մայիսին Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպում կազմակերպելու երկու առիթներ կլինեն: Առաջինըՙ Մոսկվայում մայիսի 8-9-ըՙ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 60-ամյա տոնակատարությունների, երկրորդըՙ Վարշավայում մայիսի 16-17-ըՙ Եվրոխորհրդի գագաթաժողովի շրջանակներում:
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի հնարավոր մասնակցությանը, ապա, ըստ նախարար Օսկանյանի, «ինչքան շուտՙ այնքան լավ»: ԵԱՀԿ գործող նախագահի կարծիքով, կարգավորման խնդրում «հիմնական խաղացողները Հայաստանն ու Ադրբեջանն են» եւ «մինչեւ ադրբեջանցի բարեկամներին հանդիպելը չեմ կարող ասել»: