«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2005-03-29 | #55, 2005-03-30 | #56, 2005-03-31


«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՑԱՎՈՏ Է ԼԻՆԵԼՈՒ»

Վստահ է Սերժ Սարգսյանը

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Խնդրի լուծումը երկու կողմերի համար էլ ցավոտ է լինելու, քանի որ անցավ զիջում չի լինում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով եւ փոխզիջման հիմքով», երեկ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նա փաստեց, որ Հայաստանը մինչ օրս Լեռնային Ղարաբաղի անկախությունը չճանաչելով արդեն իսկ կատարել է առաջին սկզբունքային զիջումը, որը նաեւ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին սատարելու բարի կամքի դրսեւորում է: Ու չնայած ԼՂ անկախության հռչակման ե՛ւ գործընթացը, ե՛ւ իրավական հիմքերն ամուր են ու անթերի, ինչպես հավաստեց ԼՂ արտաքին գործերի նախարար Արմեն Մելիքյանը եւ մինչ այդ փաստել էր նաեւ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, որպես երկրորդ զիջում հայկական կողմը կարող է համաձայնել նախկին ԼՂԻՄ բնակչության շրջանում նրա ներկայիս բնակության վայրերում անցկացնել երկրորդ լրացուցիչ հանրաքվե: Այս համաձայնությունը, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, հայկական կողմը հիմնում է ՆԱՏՕ ԽՎ նախագահ Լելուշի հրապարակած համարժեք առաջարկության վրա: Այս զիջման առումով նախարարը հիշեցրեց ԵԽ ԽՎ հունվարյան բանաձեւի տեղ գտած այն սկզբունքը, որ պետությունից տարածքների անջատումը կամ անցկացումը պետք է իրականացվի այդ տարածքում բնակվող ժողովրդի կամքի արտահայտության միջոցով:

Որպես երրորդ զիջում Սերժ Սարգսյանը նշեց, որ հայկական կողմը կարող է սկսել բանակցությունները Ղարաբաղի անվտանգության գոտին կազմող տարածքների շուրջը:

«Ես կողմնակից չեմ վերադարձնելու անվտանգության գոտի կազմող տարածքներնՙ առանց մանրամասն հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության խնդիրները: Բայց, կարծում եմ, կարելի է բանակցությունների միջոցով կատարել որոշ զիջումներ այն պայմանով, որ ադրբեջանական կողմը տա պատերազմի չվերսկսման հստակ երաշխիքներ, որոնք հաստատված կլինեն նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների եւ պետությունների երաշխիքներով», կարծիք հայտնեց Սերժ Սարգսյանը եւ հավաստեց, որ հայկական կողմի համար շահավետ է «Մեկ միասնական ժողովուրդ եւ երկու պետություն» մոդելը: Այդ դեպքում ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն կներկայացվեն զուգահեռաբար եւ հնարավորություն կունենան միջազգային կառույցներում սերտ համագործակցելու: Դա կբացառի նաեւ Հայաստանին ուղղված ԼՂ բռնակցման վերաբերյալ մեղադրանքը: Նախարարը նաեւ ընդգծեց, որ նշված մոդելի օրինակները միջազգային պրակտիկայում շատ են:

Պատասխանելով իրեն ուղղված գրավոր հարցերինՙ ՀՀ պաշտպանության նախարարը սահմանային փոխհրաձգությունների հիմքը համարեց քաղաքական եւ դրանք գնահատեց Ադրբեջանի կողմից օգտագործվողՙ հայկական կողմին, Մինսկի խմբի համանախագահներին եւ հակամարտության խնդիրներով զբաղվող մյուս կազմակերպություններին շանտաժի ենթարկելու միջոց: Ադրբեջանական կողմի սահմանային գծում դիրքերի մոտեցումը, Սերժ Սարգսյանի գնահատականով, ռազմական առավելություն չի տալիս նրանց, սակայն միմյանց վրա կրակելու գայթակղության եւ կորուստների վտանգն է մեծացնում: «Իսկ փոխզիջումների դեպքում որտեղո՞վ է անցնելու սահմանը» հարցին նախարարը պատասխանեց. «Յուրաքանչյուր երկրի, այդ թվում եւ մեր երկրի սահմաններն անցնում են այնտեղով, որտեղով կարողանում ենք անցկացնել: Սա հանրահայտ ճշմարտություն է»:

ԼՂ արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանն իր հակիրճ ելույթում փաստեց, որ հստակեցված են արտաքին գերատեսչության խնդիրներն ու դրանց լուծման ծրագրերը: Դրանք ըստ էության համընկնում են Հայաստանի իշխանությունների մոտեցումներին: Այդ պատճառով էլ հարկ չենք համարում մանրամասնել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4