«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2005-03-29 | #55, 2005-03-30 | #56, 2005-03-31


ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՂԵՌՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ

Բեյրութահայ մտավորական Լեւոն Վարդանի պատմագրական ուսումնասիրությունների շուրջ

Լեւոն Վարդանՙ լիբանանահայ գրող, գրաքննադատ, խմբագիր, մանկավարժ, հասարակական գործիչ, որի գործունեությունը, ցավոք, հայրենի գիտական շրջանակներին ո՛չ խորհրդային, ո՛չ էլ այժմ գրեթե ծանոթ չի եղել: Երեկ Հր. Աճառյանի անվան համալսարանի պատմության ամբիոնիՙ Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված գիտաժողովին ներկայացվեց Լեւոն Վարդանի հետմահու լույս տեսած «Հարկերն օսմանեան եւ պարսկական կայսրութիւններուն մէջ ԺԷ-ի դար» գիրքը, անդրադարձ արվեց նրա գրական-գիտական ընդհանուր գործունեությանը: Գիրքը լույս է տեսել 2004 թ. գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակությամբ, հեղինակի տիկնոջՙ Վեհանուշ Պետիրյանի անմիջական աջակցությամբ:

Լեւոն Վարդանը ծնունդով Հալեպից է: Տեղի Ուսումնասիրաց վարժարանի կրթությունը կիսատ է թողել կյանքի անպատեհությունների պատճառով, տարիներ անց հաճախել է Ալեպպո քոլեջը, ապա հետեւել է Բեյրութի ամերիկյան համալսարանի դասընթացներին, ավարտել պատմության պսակավորի գիտական աստիճանով եւ մանկավարժական ուսուցման վկայականով: Ավելի ուշ նույն համալսարանում պաշտպանում է մագիստրոսական ավարտաճառ «Հայաստանի Հանրապետությունը 1918-20 թթ.» թեմայով:

40-ամյա մտավորական գործունեությունն ընդգրկել է հասարակական կյանքի տարբեր ոլորտներ, գլխավորապեսՙ կրթական եւ հրապարակախոսական:

Հալեպում նա ստանձնում է ՀԲԸՄ-ի Լազար-Նաճարյան քոլեջի տնօրենությունը, ապա տեղափոխվում է Բեյրութի Հայ ավետարանական քոլեջ, ՀԲԸՄ-ի Հովակիմյան-Մանուկյան եւ Դարուհի Հակոբյան երկրորդական վարժարաններ, Հայկազյան քոլեջ եւ այլն: Սփյուռքահայ բազմաթիվ պարբերականներին աշխատակցել կամ ընդգրկված է եղել դրանց խմբագրական մարմինների կազմում. ԹՄՄ «Շիրակ», «Սփիւռք», «Խօսնակ», «Զարթօնք» պարբերականներ, «Հայկազյան հայագիտական հանդէս» տարեգիրք եւ այլն:

Անուրանալի է գրողի եւ պատմաբանի նրա ձիրքը, որ վավերացվել է բազում հրատարակություններովՙ «Գիրք Մենուասի», «Փիւնիկեան ափերուն վրայ», «Հին-հին բաներ», «Ի խորոց սրտի», «Մուշեղ Իշխան արձակագիրը», Մեծ եղեռնին ու Հայ դատին նվիրված աշխատություններով. «Թող թուրքը խօսի», «Ժամանակագրութիւն հայկական տասնհինգիՙ 1915-23 թթ.», «Հայկական տասնհինգըՙ թուրք մատենագրութեան եւ մամուլի մէջ» եւ այլն:

Լեւոն Վարդանի սանըՙ բեյրութահայ մտավորական, պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազըճյանը, կենսագրական այս մանրամասն տեղեկություններով ամբողջացրեց մտավորական մարդու մի նկարագիրՙ գրոց ազնիվ մշակ, բանիմաց, գործի հանդեպ պատասխանատու, նախանձախնդիր հայ լեզվին ու մշակույթին, համեստ, նվիրյալ անձնավորություն:

Համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանը ներկայացվող գիրքը համարեց պատմագիտական նշանակությամբ արժեքավոր ուսումնասիրություն, որի սկզբունքայնությունը պատմաբանի անաչառ եւ օբյեկտիվ վերաբերմունքն է: Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների շարքում Լեւոն Վարդանի հեղինակությամբ գրքերն առանձնանում են նախ հեղինակիՙ օսմաներենի բացառիկ տիրապետման շնորհիվ եւ հատկապես նրա օգտագործած թուրքական սկզբնաղբյուրների վկայակոչումով:

Գրքի հրատարակիչըՙ ԳԱԹ-ի տնօրեն Հենրիկ Բախչինյանը, գրքի ստեղծման պատմությանն անդրադառնալովՙ հետահայաց ակնարկ արեց իրենց 15-ամյա մտերմության հիշողություններին: Նա հիշեց 1992-ի հայկական իրականությունը, երբ Հայաստանի մտավորականությունը հայտնվել էր ծայրահեղ վիճակներում եւ Լեւոն Վարդանի նախաձեռնությամբ «Հայկազեան հայագիտական հանդէսում» տպագրվեցին բազմաթիվ հոդվածներ, որ ե՛ւ բարոյական, ե՛ւ նյութական օգնություն էր նրանց:

Պրն Բախչինյանը հույս հայտնեց, որ մեր գիտական շրջանակներում դեռ կտրվի նրա վաստակի արժանի գնահատականը, նաեւ տեղեկացրեց, որ գրողի տիկնոջՙ Վեհան Պետիրյանիՙ թանգարանին նվիրած ամուսնու ձեռագրերի հիման վրա թանգարանում բացվելու է Լեւոն Վարդանի անձնական ֆոնդը:

Նմանապես պատմաբան Վլադիմիր Պետրոսյանն արժեւորեց գիտաժողովը եւ սփյուռքահայ մտավորականի գիրքը, իսկ ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը խոստովանեց, որ ժամանակներ առաջ սփյուռքահայ իրականությանը լավ ծանոթ չլինելով մեզանում, լուրջ վերաբերմունք չի եղել եւ սփյուռքի պատմագրությունը համարվել է սիրողական: Սակայն Լեւոն Վարդանի ուսումնասիրությունները հաստատում են ճիշտ հակառակըՙ աշխատանքի ծավալով, նյութի վավերականությամբ, փաստերի ճշգրիտ մանրամասներով: Նա նաեւ նշեց, որ հարթել է պետք մեր (սփյուռք-Հայաստան) միջեւ եղած տարբերությունները, մշակել ազգային ընդհանուր հայեցակարգ:

Հուզիչ էր միջոցառման ավարտին գրողի տիկնոջՙ Վեհան Պետիրյանի խոսքը: Սփյուռքի (Բեյրութ) հայ դպրոցների 35-ամյա ուսուցչուհինՙ նվիրված հայ լեզվին ու դպրությանը, հայեցի կրթություն տալու ոչ այնքան դյուրին գործին, չէր կարողանում զսպել արցունքները: Համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանը նրան շնորհեց պատվավոր պրոֆեսորի կոչում: Տիկին Պետիրյանն ամուսնու մահից հետո զբաղվել է նրա ձեռագրերի վերծանմամբ եւ գրքի հրատարակման աշխատանքներով, սակայն իր միակ արժանիքը համարեց այն, որ «ամուսնուն խանգարող չէ եղած...»: Իր խոսքի մեջ խեղդվող կարոտ, ջերմություն եւ ափսոսանք կար ամուսնու անավարտ գործերի համար, ու երախտիքի բազում խոսքեր գրքի հրատարակիչներին, գիտաժողովի կազմողներին եւ ներկաներին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4