«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2005-03-29 | #55, 2005-03-30 | #56, 2005-03-31


«ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԹՈՂՆԵԼ ՍՈՍԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆԸ»

«Կովկասյան բարեկամության օրերի հաշտության կոնֆերանսը» հրավիրվել էր Անկարայի «Բիլքենդ» հյուրանոցային բարձրակարգ համալիրում: «Ազգը» մարտի 29-ին անդրադարձել էր կոնֆերանսինՙ մատնանշելով, որ հայերի նկատմամբ կազմակերպիչների ընդգծված սիրալիրությունը դրան հաղորդել է հայ-թուրքականի բնույթ: Այդ սիրալիրության հիմքում, ըստ ամենայնի, Հայաստանի եւ հայերի նկատմամբ կոնֆերանսի գլխավոր կազմակերպիչ, Միջազգային ռոթարիի տարածաշրջանային ակումբների գուբերնատոր Էրհան Չիֆթչիօղլուի ջերմ վերաբերմունքն էր: Օգտվելով հնարավորությունից, հարցազրույցի խնդրանքով «Ազգը» դիմեց պարոն Չիֆթչիօղլուին, իսկ նա իր տիկնոջՙ Ֆազըլայի ներկայությամբ սիրահոժար պատասխանեց հարցերին: Կոնֆերանսում Չիֆթչիօղլուի ելույթը չափազանց տպավորիչ էր, իսկ հարցազրույցը հաճելի այն առումով, որ ընդգծում էր Չիֆթչիօղլու ընտանիքի բացառիկ նրբանկատությունն ու նախանձելի քաղաքավարությունը:

- Մարտի 18-20-ն Անկարայում հրավիրված «Կովկասյան բարեկամության օրերի հաշտության» կոնֆերանսն անմիջականորեն կազմակերպվել է ձեր ղեկավարությամբ: Ինչպե՞ս առաջացավ կոնֆերանս կազմակերպելու միտքը:

- Կոնֆերանս կազմակերպելու հիմքում Կովկասում առկա խնդիրների կարգավորմանը նպաստելու ցանկությունն էր, որը միանգամայն համապատասխանում է աշխարհում խաղաղության հաստատման Միջազգային ռոթարիի նպատակին: Ռոթարին 1 մլն 250 հազար անդամներով, 250 հազար ինտերակտներով եւ բազմահազար համակիրներով աշխարհի քաղաքացիական հասարակության խոշորագույն կազմակերպությունն է: Այսպիսի կազմակերպության Թուրքիայի բաժանմունքը, երբ նրա ենթակայության տակ են Ղազախստանի, Կիրգիզիայի եւ Ադրբեջանի ռոթարական ակումբները, չէր կարող անտարբեր լինել Կովկասի խնդիրների նկատմամբ, եսՙ առավել եւս, որովհետեւ աշխարհում Միջազգային ռոթարիի ընտրված 500 գուբերնատորներից մեկն եմ:

Սա մեկ, երկրորդՙ ինքս ծնունդով Մերսինից եմ, գիտեմ, թե 1915-ից առաջ, դրանից հետո եւ հատկապես 1915 թ. ինչպիսի դառը ողբերգություն ենք ապրել Անատոլիայում: Այդ իսկ պատճառով մտածեցինք ձեռքի տակ եղած միջոցները ծառայեցնել այն մարդկանց, որոնք 600 տարի շարունակ գոյակցել են միմյանց հետ, իսկ դա համահունչ էր ե՛ւ թուրքերի, ե՛ւ հայերի, ինչպես նաեւ ադրբեջանցիների եւ վրացիների ձգտումներին:

Կոնֆերանս կազմակերպելու առաջին քայլը կատարեցի շուրջ մեկուկես տարի առաջ, երբ ինտերնետի միջոցով դիմեցի Երեւանի ռոթարական ակումբի ներկայիս նախագահ Հովսեփ Սեֆերյանին: Ես առաջարկեցի սեղանի շուրջը նստել, առաջ քաշել նոր տեսակետներ եւ հասարակությանը հաղորդակից դարձնել այդ տեսակետներին: Սակայն զգացի, որ հարցն ինտերնետով չի լուծվում, ուստի որոշեցի զանգահարել Հովսեփինՙ հատուկ առաջարկով, ըստ որի ես նախ պետք է հանդիպեի իր, ապա եւ ադրբեջանական կողմի հետ: Միաժամանակ պահանջեցի, որ առաջարկը մանրամասնորեն քննարկելու համար ինձ հրավիրեն Երեւան: 2004 թ. հուլիսին ես տիկնոջս հետ 5 օրով ուղեւորվեցի Երեւան: Հանդիպումներում նրանց ասացի. «Եկեք շրջանցենք հարցի քաղաքական կողմը եւ մերձեցման ուղղությամբ առաջին քայլ կատարենքՙ միմյանց ծանոթացնելով մեր երեխաներին»: Նրանց հյուրընկալելու պատրաստակամություն հայտնեցի: Հայաստանից 22 պատանիներ ժամանեցին Մերսին, որտեղ հանգստացան 15 օր, ծանոթացան իրենց թուրք հասակակիցների հետ:

- Ո՞րն է կովկասյան հաշտության կոնֆերանսի գլխավոր արդյունքը:

- Իմ կարծիքով, դրանք Երեւանի ռոթարիական ակումբի նախագահ Հովսեփ Սեֆերյանի եւ Բաքվի ռոթարիական ակումբի ղեկավար Ալի Մուսաեւի կոնֆերանսի ոգուն համապատասխան ելույթներն են եւ բարեկամությանը նպաստելու Ալիի նախաձեռնությունը:

- Կոնֆերանսն ի՞նչ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքի վրա:

- Կունենա միանգամայն դրական ազդեցություն, որովհետեւ կոնֆերանսի մասնակիցների հաղորդած գլխավոր ազդանշանը հետեւյալն էր. «Հարգելի պետական գործիչներ, մենք միմյանց շատ ենք կարոտել, ուստի անհապաղ գտեք հաշտեցման ուղիները: Թե ինչպե՞ս եք դա անելու, մեզ այլեւս չի հետաքրքրում»: Հարցը, սակայն, սոսկ ազդանշանը չէ, այլեւՙ հաշտեցման քայլեր կատարելը: Ես անձամբ այս կոնֆերանսով առաջին քայլն եմ կատարել: Սա պետք է խթանի քաղաքացիական հասարակության մյուս կազմակերպություններին, որպեսզի նրանք ավելի համարձակ գործեն: Ի վերջո, ես այս քայլը կատարել եմ եւ ինձ հետ ոչինչ չի պատահել:

- Ինչպիսի՞ն էր կոնֆերանսի նկատմամբ պետական իշխանությունների դիրքորոշումը:

- Առանց պետական իշխանությունների համաձայնության ռոթարիական ակումբները չէին կարող մասնակցել կոնֆերանսին: Ես Ադրբեջանի եւ Հայաստանի ռոթարիական ակումբների նախագահներից պահանջել էի, որ նրանք նախապես տեղյակ պահեն իրենց իշխանություններին: Եթե կովկասյան երեք երկրների ղեկավարները չցանկանային, ապա այս կոնֆերանսը չէր կայանա: Սա նշանակում է, որ պետական գործիչները մեզանից ակնկալում են նոր գաղափարներ առաջ քաշել: Ճշմարտությունը սա է: Մենք էլ կատարել ենք այն, ինչ կախված էր մեզանից: Կոնֆերանսին Անկարայից մասնակցել են 100, իսկ Թուրքիայի այլ նահանգներիցՙ 300 ռոթարիականներ: Այս թիվը հյուրերով հանդերձ հասնում էր 500-ի: Դրա հետ մասնակցելու ցանկություն հայտնեցին նաեւ բազմաթիվ երկրների դիվանագետները, որոնք առնչություն չունեն Կովկասի հետ, սակայն մենք կոնֆերանսը քաղաքականացնելու մտադրություն չունեինք:

- Ինչո՞ւ թուրքական մամուլը պատշաճ մակարդակով չարձագանքեց կոնֆերանսին:

- Ես չէի ցանկանում, որ ոմանք օգտագործեին այս միջոցառումը, այդ իսկ պատճառով մամուլում կոնֆերանսի ոչ պատշաճ լուսաբանման առնչությամբ ուրախ եմ: Վերջին հաշվով մենք ձգտում ենք, որ ժողովրդական զանգվածները ճնշում գործադրեն պետական գործիչների վրա: Այսինքնՙ վերջիններիս ասում ենքՙ կարգավորել չկարգավորված խնդիրներն ինչպես որ կարող եք:

- Դուք կարգավորումն ինչպե՞ս եք պատկերացնում:

- Ինձ թվում է, եթե Անատոլիայի ավանդույթներն արտացոլվեն քաղաքականության մեջ, ապա հարցերը կլուծվեն: Այլ մեթոդների կարիք չունենք: Հարցերի կարգավորման իմ ելակետը անատոլիական ավանդույթներն են:

- Ձեր ելույթը եզրափակեցիք հետեւյալ արտահայտությամբ. «Կովկասում հաշտությունն այնքան կարեւոր է, որ դա չի կարելի թողնել սոսկ քաղաքական գործիչների հայեցողությանը»: Չէի՞ք կարող դա մանրամասնել:

- Ելույթս այդպես եմ եզրափակել, որովհետեւ Կովկասում հաշտությունը կենսական նշանակություն ունի այնտեղ բնակվող մարդկանց համար: Հաշտությունը կարեւոր է նաեւ աշխարհի համար: Միաժամանակ ակնհայտ է, որ հարցերն անլուծելի են դարձրել հենց քաղաքական գործիչները, որոնք դրանց կարգավորմամբ զբաղվել են միայնակ:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Անկարա-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4