Վիրտուալ հեղափոխությունների տարի
Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության փոխանցմամբ սկսվեց «Նոր ժամանակներ» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարը: Հակառակ այս կարգի միջոցառումներին, այս անգամ քննադատությունների խիստ խոսքեր չհնչեցին իշխանությունների հասցեին, ոչ այն պատճառով, որ քննադատելու բան չկա, այլ պարզապես «անցել է խոսելու եւ եկել է զանգ կախելու ժամանակը»: Այս մեջբերումը կուսակցության նախագահի ելույթից է, որը կրկին հայտարարեց ապրիլյան իր թեզիսների մասին:
Ապրիլից մեկնարկելու է ազգային հեղափոխությունը, որը կուսակցության նախագահի ընկալմամբ, բավական ինքնատիպ է լինելու առ այսօր արձանագրված հեղափոխություններից: Չի լինելու դասակարգային կամ սոցիալական, այլ լինելու է համախմբում ազգային գաղափարների շուրջը: Այդ հեղափոխությունը բացառելու է արտերկրի որեւէ միջամտություն, քանի որ ինքներս էլ կարող ենք մեր հարցերը լուծել: Հեղափոխության առաջին փուլում շրջանառության մեջ է դրվելու մարզային մարտավարությունը: Այցելությունների ընթացքում ժողովրդին համոզելու են հեղափոխության անհրաժեշտության մասին: Երկրորդ փուլն արդեն իսկ Արամ Կարապետյանը անվանում է «եռման» փուլ, որի ընթացքում ժողովրդական ալիքը լոկալ, տվյալ տեղի հետ կապված խնդիրներ կլուծի: Մեծ ընդվզումը կսկսվի երրորդ փուլում` կրիտիկական զանգվածի ձեւավորման եւ իշխանափոխության միջոցով: «Կամ մենք մեր ձեռքն ենք վերցնում քաղաքական գործընթացները, կամ կատարվում է այն, ինչ եղավ Ղրղզստանում: Եվ դա լինելու է ոչ միայն Հայաստանի, այլեւ ԱՊՀ մյուս երկրներում զարգացումների տրամաբանությունը»:
Մերժելով ջարդարարության ու բռնությունների ղրղզական կրկնությունը եւ սահուն ընկղմվելով գալիք հեղափոխության տեսլականի մեջ, կուսակցության նախագահը համագումարի մասնակիցներին կոչ արեց նույնիսկ «դրուժինիկների» խմբեր ստեղծել, որոնք կլինեն տեղերում եւ կկանխեն նման իրողությունները: Այդպես կլինի, եթե մինչ ընդվզման ալիքը Բաղրամյան փողոց հասնելը իշխանությունները հեղափոխություն չիրականացնեն վերեւից, եթե նախագահը չցրի խորհրդարանը, չնշանակի նոր ընտրություններ եւ կամավոր հրաժարական չտա:
Հակառակ շրջանառվող լուրերին, Արամ Կարապետյանը կտրականապես ժխտեց, թե իր կուսակցությունը դրսի ուժերի (իմա` Ռուսաստանի) հետ որեւէ կապ ունի եւ նրանց թելադրանքով ու ֆինանսավորմամբ է գործում. «Մենք ոչ մեկի ընկերը չենք, ոչ մեկից սպասելիք չունենք, ոչ մեկը մեզ բան չի խոստացել»:
Հետաքրքրական էր ընդդիմությանն ուղղված ակնարկը, որ նա մի ձեռքով «փող է վերցնում իշխանությունից», մյուս կողմից, ըստ պատեհության քննադատում է նրան: Այն Հայաստանը, որի տեսիլքը ապրում է իր մտապատկերում, զերծ է լինելու նման ընդդիմությունից:
Ի դեպ, ընդդիմադիրներից հատուկենտ մարդիկ էին պատվել համագումարն իրենց ներկայությամբ, «Ազգային միաբանությունից» ոչ ոք չկար: Վերջիններս էլ այս բեւեռի ընդդիմադիրին երբեւէ չեն հրավիրում իրենց միջոցառումներին:
Անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը, այնուամենայնիվ, փորձեց երկնքից իջեցնել հեղափոխականներին, հիշեցնելով, որ համազգային հեղափոխություն ձեռնարկելով «Նոր ժամանակները», այնուամենայնիվ, կտրված է ընդդիմադիր մյուս թեւերից, իսկ առանց համախմբման դժվար թե համազգային ընդվզում ստացվի:
ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը, Աշոտ Մանուչարյանը եւ մյուս ելույթ ունեցողներն իրենց պարտքը համարեցին ողջունել դահլիճի հեղափոխական մթնոլորտը, որը, սակայն, պաթետիկ հայտարարություններից զատ այլ բանում չէր արտահայտվում:
Այնուամենայնիվ, Հրանտ Խաչատրյանը իր խոսքը նույնիսկ ավարտեց հետեւյալ մաղթանքով` «կհանդիպենք բարիկադներում»:
Բանտից նոր ազատված Հայ արիների միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը այս անգամ ձեռնպահ մնաց զգայացունց հատարարություններից: Ի դեպ, դահլիճը նրան ողջունեց երկարատեւ, չդադարող ծափահարություններով:
Կոալիցիոն ուժերից համագումարին ներկա էր միայն «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Արամ Կարապետյանը տեղեկացրեց, որ «Օրինաց երկիրը» քաղաքական խորհրդակցությունների է հրավիրել «Նոր ժամանակներին»:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ