«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2005-03-29 | #55, 2005-03-30 | #56, 2005-03-31


«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Ապրիլի 6-ից մայիսի 18-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը, որը կազմակերպել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Հայաստանի ազգային պատկերասրահը: Փառատոնի ընթացքում հանդես կգան ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Բարսեղ Թումանյանը, «Սերենադ» կամերային նվագախումբը, «Հովեր» երգչախումբը, «Նոր անուններ» եւ Վլ. Սպիվակովի հիմնադրամների փոքրիկ սաները:

Փառատոնի բացումը տեղի կունենա ապրիլի 6-ին, Ազգային պատկերասրահի որմնանկարի դահլիճում: Նման համերգ-միջոցառումների կազմակերպումը ավանդական են դարձել աշխարհի շատ երկրներումՙ Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում:

Երաժշտության մատուցման թարմությունը, նախագծի հեղինակներ Գարիկ Նազարյանի եւ Մարիամ Շահինյանի կարծիքով, միշտ էլ գրավում է հանդիսատեսին: Պատկերասրահը եւս հոգեւոր կրթավայր է, սակայն խոստովանենք, որ հաճախ չենք լինում այնտեղ: Կերպարվեստի եւ դասական երաժշտության, գույների եւ ձայների ներդաշնակ համադրման շնորհիվ հայ հանդիսատեսը կվայելի 7 լավագույն համերգային կատարումներ:

Դասական երաժշտության հսկաներին բնութագրելիս ասում են, որ Բախի երաժշտությունը մարդու ուղերձն է առ Աստված, իսկ Մոցարտինըՙ Աստծո ուղերձն առ մարդ: Ասել է թեՙ պայծառ ու թրթռուն, մաքուր ու լուսավոր: Այսպիսին է Մոցարտը: Եվ հենց Մոցարտի հանրաճանաչ օպերաներից հատվածների կատարումով էլ կսկսվի «Ազգային պատկերասրահ» փառատոնի բացումը: «Ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել «Սերենադ» կամերային նվագախմբի հետ հանդես գալ իբրեւ դիրիժոր», ասում է երգիչ Սուրեն Շահիջանյանը: Փառատոնի կազմակերպիչները վստահ են, որ հանդիսատեսն անպայման կզգա գեղեցիկի եւ ուրախության թովչանքը: Հանդիսատեսին կներկայանան հայ երաժշտարվեստի երեք սերունդների լավագույն կատարումները: Մեծ խանդավառությամբ է ողջունել փառատոնը նաեւ ներկայումս Փարիզում հյուրընկալվող Սվետլանա Նավասարդյանը:

Ցանկացած նոր գործ համարձակություն է պահանջում: Հավանաբար կլինեն բաներ, որոնք փոփոխման կարիք կունենան: Այսպես, Ագգային պատկերասրահը նախատեսված չէ համերգների համար, չնայած ակուստիկ հնչողությունն առավել քան բավարար է: Հովանավորների շնորհիվ լուծվել են համարյա բոլոր հարցերը:

Փառատոնի գաղափարը ներկայացնելուց հետո համերգի հովանավորներն իրոք ոգեշնչվել են դրանով, ինչի համար անչափ երախտապարտ ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին եւ կոնյակի գործարանին:

Մնում է հուսալ, որ այս գեղեցիկ սկիզբը կունենա իր նույնքան գեղեցիկ շարունակությունն ու կդառնա ավանդական:

ԱԶԳԱՆՈՒՇ ԲԱՐՍՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4