«Արշակ Սադոյանը մեզ բնակարան է խոստացել», ասում են Արամի փողոցի թափառաշրջիկները
Ուժեղ անձրեւ էր գալիս: Սառը գետնին պառկած կինը ցելոֆանը քաշել էր մարմնի վրա ու համբերությամբ սպասում էր անձրեւի կտրվելուն:
Երեւանի հենց կենտրոնում, Արամի փողոցի նախկինում կանաչ այգու չգործող շատրվանների հարեւանությամբ արդեն 6 տարի հայ թափառաշրջիկի անուրախ գոյությունն է քարշ տալիս 45-ամյա այս կինը: Նա գյումրեցի է, Երեւան է եկել երկրաշարժից տունուտեղը կորցնելուց հետո:
2 տարի առաջ «Ազգն» արդեն անդրադարձել է այս դժբախտ կնոջ ճակատագրին: Այն ժամանակ նա գիշերները պատսպարվում էր շատրվանները սպասարկող հսկա դիտահորում: Այժմ հենակներով է քայլում: Դիտահորը գետնի մակերեւույթից 2-3 մ բարձր է, մի անգամ իջնելիս սայթաքեց ու ոտքը կոտրեց: Բժշկի չի դիմել, ոչ հնարավորություն է ունեցել, ոչ էլ որեւէ ցանկություն:
Բոմժերից ամեն տեղ խուսափում են ինչպես ժանտախտից: Կոնքոսկրն ինքն իրեն, թեեւ ծուռ, կպավ:
2 տարի առաջ մի օր հայտնվեցին ջրմուղագործները, եւ դիտահորը փակելով կնոջը երկրորդ անգամ զրկեցին «բնակատեղից»: Այժմ նրա հետ իր ճակատագրով մեկ այլ թափառաշրջիկ էլ է ապրում, 30-ամյա Անահիտը, միասին են ձյանն ու անձրեւին, ցրտին ու տաքին:
Թեթեւ մրսածությունից հարբուխ ու գրիպ վաստակող մարդկանց համար խիստ դժվար է հասկանալ, թե ինչպես են վերմակի ֆունկցիա կատարող մոմլաթի մի քանի շերտերն այս մարդկանց փրկում հիվանդություններից, բայց իրողությունն այդ է: Բոմժերը ցրտից փրկվելու այլ արտասովոր միջոց էլ են կիրառում: Շրջակայքում շուրջ 2 տասնյակ շներ կան, որ մշտապես պտտվում են նրանց շուրջը. «Բազմացնում ենք, որպեսզի գիշերները մեր կողքին քնեցնենք ու տաքանանք», բացատրում է Անահիտը: Շները նաեւ կանանց պահապաններն են, թեեւ դրա կարիքը խեղճերն այնքան էլ չեն զգում: Անասնական կյանքից ի՞նչը կարող է ավելի վատ լինել:
Կանայք նույնիսկ տնտեսություն ունեն` էներգետիկ ճգնաժամի տարիներից քաջ հայտնի «ֆուջիկայով» ճաշ են պատրաստում բաց երկնքի տակ: Անահիտը կնոջ ոտքն ու ձեռքն է, ինքն է ամանները լվանում, օգնում նրան տեղաշարժվելու: Պոլիէթիլենի տակառներով ջուր են հավաքում, նույնիսկ լվացք անում լքված շատրվանների կողքին:
Ցերեկվա ժամերին նրանք մշտական հյուրեր էլ ունեն` տարբեր տարիքի 4-5 տղամարդիկ, որոնց առաջին գործը շրջակա շենքերի աղբամանների հետազոտումն ու տեսակավորումն է: Հետո միասին ուտում, խմում են ու հարբում:
Ի դեպ, կինը մշտապես հարբած է: Հետո տղամարդիկ անհետանում են, երբեմն վերադառնում երեկոյան, երբեմն` ոչ: «Ուր են գնում նրանք» հարցին կինը պատասխանեց` աշխատանքի... թե ինչպիսի, չասաց: Բայց քանի որ մեր երկրում մուրացկանությունից զատ այլ ազատ աշխատատեղ չկա այս մարդկանց համար, հավանաբար, հենց դա էլ ապրուստի գլխավոր միջոցն են դարձրել:
Ամբողջ գիշեր չգործող շատրվանների շուրջը նրանք կրակ են վառում եւ պառկում: Երբեմն մինչեւ կեսգիշեր լսվում է նրանց հանդարտ զրույցի ձայնը: Երբեմն վիճաբանություններ են լինում, քանի որ թափառաշրջիկների ընթրիքից օղին անպակաս է:
Հաճախակի դժգոհելով նրանցից, շրջակա շենքերի բնակիչները, այնուամենայնիվ, տարիներ շարունակ ստանձնել են բոմժերի խնամակալությունը: Նրանք կանոնավոր առանձնացնում են ուտելիքի մնացորդները աղբի տոպրակների մեջ եւ բոմժերին քաղցից չմեռնելու մշտական երաշխիք ապահովում: Հին հագուստ ու կոշիկ էլ են տալիս:
Չնայած իրենց կիսաանասնական կենցաղին, այս մարդիկ զարմանալիորեն չեն կորցրել մտքի հստակությունը, ավելինՙ իրենց թույլ են տալիս դատել նաեւ պետության գործերի մասին, որի հանդեպ ոչ մի պատրանք չեն տածում: Տղամարդկանցից Արտեմը սիրում է ժամանակ առ ժամանակ հիշել Չարենցին ու Իսահակյանին եւ տողեր արտասանել նրանցից:
Մեզ համար անսպասելի մի հանգամանք էլ հիշատակեցին բոմժերը` 1 տարի առաջ նրանց այցելել է ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը եւ խոստացել օթեւանով ապահովել, բայց պատմությունը դրանով էլ ավարտվել է:
Արշակ Սադոյանից փորձեցինք պարզաբանել անօթեւաններին օթեւանով ապահովելու հնարավորության հավանականությունը: Նա նախ ժխտեց, թե օրենսդրի ներկայացուցիչը որեւէ իրավասություն եւ ուժ չունի նման խնդիր լուծելու, ապա խնդրեց «Ազգի» միջոցով իր կողմից կրկին հիշեցնել գործադիրին այս մարդկանց մասին, ովքեր «երեւակայությունից դուրս խայտառակ պայմաններում են ապրում»:
Ոչ ոք չի կարող ասել, թե Երեւանում այսօր քանի բոմժ կա: Մարզերում նման իրողություն համարյա չի արձանագրվում, եւ հենց մարզային համայնքների բնակիչներն են հիմնականում համալրում Երեւանի «բոմժերի» շարքերը: Պայմանականորեն նշվում է 800-1000 թիվը: Ո՛չ բժշկական, ո՛չ էլ սոցիալական որեւէ կազմակերպություն, ո՛չ հասարակական, ո՛չ պետական մակարդակով չի զբաղվում թափառաշրջիկներով: Նրանց մասին չի հիշում «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը»: Տարիներ շարունակ բնակարանային քաղաքականության դրույթները մշակվում են` շրջանցելով անօթեւան թափառաշրջիկներին:
Մինչդեռ նրանք էլ բոլորի նման մարդավայել ապրելու իրավունք ունեն, եւ պետության պարտքն է հոգալ նաեւ նրանց մասին:
Անկախ այս մարդկանց նվազագույն իրավունքի ոտնահարումից, հասարակությունը զանցառում է մեկ այլ վտանգավոր հանգամանք եւս: Այժմ միջազգային կազմակերպությունները հսկայական միջոցներ են հատկացնում Հայաստանին պայքարելու նաեւ ԴԱՎ-ի, մաշկա-վեներական հիվանդությունների, աննախադեպ տարածում ստացած տուբերկուլյոզի դեմ: Այս ախտերը հեշտությամբ կարող են տարածվել նաեւ կենցաղային, սովորական շփման ճանապարհով: Բոմժերին մենք հաճախ տեսնում ենք նաեւ հասարակական այգիներում, տրանսպորտի մեջ, նրանք այդ հիվանդությունների տարածման իրական վարակակիրներ կարող են լինել: Մանավանդ որ գոնե ժամանակ առ ժամանակ լոգանք ընդունելու հնարավորությունից զրկված են:
Զարմանալի է, որ միջազգային փողերով նշված ախտերի դեմ «ջերմեռանդ» պայքար մղող եւ հեռուստատեսային գովազդներով հաճախակի այդ մասին հիշեցնող տեղական կազմակերպությունները «մոռանում» են այդ վտանգավոր ախտերի տարածման գլխավոր օջախը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ