«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2005-03-29 | #55, 2005-03-30 | #56, 2005-03-31


ԴՐՎԱԳ ՄԵՐ ԿՅԱՆՔԻՑ

Գիշերային գրավաճառը կյանքի անհեթեթության արանքում

Ամանորի նախօրեին քաղաքի մթերավաճառ բոլոր վայրերում անցուդարձի տեղ չկար: Տենդը, բնականաբար, վարակել էր «Բարեկամություն» մետրոյի ստորգետնյա անցուղին նույնպես: Մարդկանց միջով կիսաբոմժի հագուստով մեկըՙ «Դոստոեւսկու հատորներ» կրկնելով, Դոստոեւսկու գրքերը ձեռքին մի կերպ անցուդարձ էր անումՙ հույս փայփայելով, թե մեկն էլ գիրք կգնի: Բայց գրքի ժամանակը չէր, մարդկային հայացքն այլ տեղերում էր թափառում ու այլ բաներ որոնում, դրանք այնքան հեռու էին Ֆյոդոր Դոստոեւսկուց, ու «Ոճիր եւ պատժի» մասին մտածելու ժամանակ չկար (եւ առհասարակ չի լինում):

«Բարեկամություն» մետրոյի անցուղին, հատկապես երեկոներն իր առանձնահատուկ «մթնոլորտն» ունի, ինչպես քաղաքի ամեն անկյուն, որ մեկ ուրիշի հետ չես շփոթի: Այս փոքրիկ աշխարհը երեկոյան իր մշտական հերոսներն ունի. լքված վաճառասեղանների շուրջը կուտակված, թույլ լույսի մեջ աղբի մնացորդների հետ զրույցի բռնված կիսախենթ, շատ բարձրահասակ մեկը, որ ցերեկները քաղաքական մենախոսություններ է անում բարձրաձայն, երբեմն արտառոց համարձակ, ճշմարիտ բաներ էլ ասում, հոգեկան խանգարում ստացած դարձյալ մի բարձրահասակ, չորուցամաք դիմագծերով, բավականին լավ (իր դասի համեմատությամբ) հագնված, նախկին գեղեցկության աղոտ մնացորդները դեմքին մի կին, որ արագ-արագ իր գլխով անցած-դարձածն է պատմում ու մերթ ընդ մերթ անցում կատարում այսօրվա մեր կյանքի եղելություններին: Ինքն իրեն հռետորական ոճով հարց է տալիս ու պատասխանում: Մեկ ուրիշն էլ կաՙ շատ հետաքրքրական կերպար. մյուսները եթե վրադ չեն նայում, այս մեկը նայում է ուշադիր, զգուշավոր զննումՙ կարճահասակ, ակնոցով, գլխարկով, ընդգծված դիմահարդարով, շատ թունդ շրթներկով, աղբի մնացորդները հավաքում ու հետն էլ Չարենց է արտասանում:

Այս ժամերին մետրոյի դռների մոտ հաճախ կարելի է հանդիպել Ամանորի նախօրեին «Դոստոեւսկի» վաճառողին: Բավականին մատչելի գներ է առաջարկում, բայց դեռ ուշադրություն դարձնողի չեմ հանդիպել: Մարդիկՙ հոգնած, չեն էլ նայում վրան: Երեկ երեկոյան, ձեռքինՙ 10-12 գրքերի մի կույտ, կանգնած, ոչ հուսահատված էր, ոչ էլ խեղճ, 200 դրամով գիրք էր առաջարկում: Ուշադրություն չդարձրի, հետո հետ դարձա, գրքերըՙ նոր, ասես ձեռք տված չլինեին: Զարմացած նայեցի վրան: «Ինձ փող է պետք , ի՜նչ ես նայում, հա, 200 դրամ է, վաղը 500 կդառնա, բայց էսօր ինձ փող է պետք», ու ձեռքի գրքերի ճոճվող կույտը շաղ տվեց մետաղյա թափուր վաճառասեղանին: Իրար վրա թափվեցին Դոստոեւսկին, Սոլժենիցինը, Եսենինը, Ֆեյխտվանգերը, Րաֆֆին, Սարոյանը, Վարուժանը ... Հոգնած էի, գլուխս պտտվում էր, մետրոյի դռները խուլ բացվում-փակվում էին, սառը, երկար անցուղի էր, անտեր, լպրծուն, մի ծեր լիմոնավաճառ կին կողքից նայում էր, ու մի երիտասարդ, որը երբեմն փորձում էր սաստել գրավաճառի ցինիկ արտահայտությունների ընթացքը: Դ. Վարուժանի «Ցեղին սիրտը», Եսենինի փխրուն սիրտն ընկած էին անմաքուր, սառը վաճառասեղանին, սիրտս ցավում էր, ուզեցի բոլորը գնել, բայց ծանր էին... Պահն իրոք ծանր էր... «Որտեղի՞ց քեզ այս գրքերը»: «Ինձ փող է պետք, փող տուր», մի քանի անգամ կրկնեց կյանքն արդեն գրոշի գին համարած, կյանքի վրա վաղուց թքած կիսաբոմժի հագուստով, տարօրինակ հայացքով կոպիտ տղամարդը, ցինիկ ժպիտի մեջՙ դառնություն ու վրեժ. ինքը գիտեր իր ձեռքին եղածների արժեքը, բայց կյանքն արժեք չուներ արդեն...

Վերնիսաժի գրավաճառները գրքի գինը լավ գիտեն ու գիտեն դրանց սեզոնային վաճառքի գինը, ուսումնական տարվա սկզբներին: Դասագրքերը (անգամ հնամաշ) 1000 դրամից պակաս չեն: Գիտեն պահանջվող գրականությունն ու լավ էլ գին են ասում: Դրանք բառարաններ են, տեղեկագրեր են, համակարգչային գրականություն, զվարճանքի, մասնագիտացված բնույթի գրքեր եւ այլն, եւ ջրի գնով չեն վաճառում: «Էլիտար» գրախանութներում 50-100 դոլարանոց գրքեր էլ են վաճառվում:

Հարաբերական է ամեն ինչ: Երկու օր առաջ բարեկամուհիս ցույց տվեց Փարիզից հետը բերած գրքեր (Պետրոս Զոպյան, Հարություն Կոստանդյան ) 18 եւ 13 եվրո արժողությամբ: Հիշեցի, որ հնոտիների շուկայում գրավաճառ մի անկյունում Նարեկացու «Մատյան ողբերգությունը» վաճառել են... 50 դրամով: Կամ երբ դռներն են թակում շրջիկ գրավաճառները եւ ցանկացած գնով առաջարկում հատկապես հոգեւոր գրականություն, երբեմն էլ ձրի են տալիս: Կարդալիս ապշում ես, կյանքի իմաստնությունների ու հոգեւոր փորձառությունների ի՜նչ հարստություն... Բայց արժեքներն անարժեք են դառնում, երբ աչքերն այլեւս կույր են: Հասկանում ես, որ կապը վերեւի ու ներքեւի միջեւ խզվում է... ու քաոսն այդտեղից է գալիս...

Գիրք այսօր, իհարկե, քիչ ենք գնում, ավելի շուտ նվիրում են (ո՞վ է հիմա գիրք կարողանում վաճառել, նվիրում ենք, ասում էր վերջերս տպված մի պատկերագրքի հեղինակներից մեկը): Բայց որ գեղարվեստական գրականությունը (հատկապես դասականը) մեր ներքին կյանքից վտարված է, տարակույս չկա, գուցե գրական այդ կերպարները ժամանակավրեպ են, թե՞ համակարգչային դյուրընթերցումներն ու ֆիլմերն են դուրս մղել նրանց:

Ժամանակը կարծրանում է ու ավելի նյութականացնում մեզ, ապրելը ռիթմ ու արագություն է պահանջում, շատ բաներ չենք նկատում, այլեւս իբրեւ կահույքի անբաժանելի մաս գիրք չենք գնում, նույնիսկ... 200 դրամով:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4