Կարեւորը, սակայն, ԱՄՆ-ի քաղաքական հաշվարկներն են
Վրացական «վարդյա» հեղափոխությանը հաջորդեց Ուկրաինայի «նարնջագույն» հեղափոխությունը: Թվում էր, թե հերթը Լիբանանինն է, եւ դրա համար հիմք էր ծառայում երկրի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը, սակայն հեղափոխության մեջ ներքաշվեց Կիրգիզիան: Վերոհիշյալ հեղափոխությունների իրագործումն անմիջականորեն պայմանավորվել էր ընտրություններովՙ անկախ դրանց նախագահական թե խորհրդարանական բնույթից: Դրանք կատարվել են շատ արագ եւ համարվել ոչ պետական, այսինքնՙ հասարակական կազմակերպությունների «քաղաքացիական նախաձեռնության» արդյունք: Ընդ որում, նախաձեռնող կազմակերպություններին անխտիր ֆինանսավորել է «Սորոսի» հիմնադրամը:
Հատկանշական է, որ այս կազմակերպությունները ստեղծվել էին քաղաքացիական հասարակության ձեւավորմանը նպաստելու առաջադրանքով: Հետեւաբար դրանք կտրականապես մերժում էին քաղաքական գործունեությունըՙ պատճառաբանելով, թե դա հակասում է իրենց սկզբունքներին: Ինչ վերաբերում է «Սորոսին», ապա դա այս կամ այն երկրում չգիտես ինչու գործում է հասարակությանն օժանդակելու սկզբունքով միայն: Ուստի այս կառույցը քաղաքականությունից հրաժարվելիս պետք է ինքնաբերաբար հրաժարվեր նաեւ ամերիկյան գաղտնի ծառայությունների հետ համագործակցելու գայթակղությունից:
Այս ամենը հիմք էր տալիս «Սորոսի» ֆինանսավորմամբ «քաղաքացիական նախաձեռնության» արդյունքը հանդիսացող վրացական, ուկրաինական, լիբանանյան եւ կիրգիզական հեղափոխությունները վերագրել ի նպաստ վերոհիշյալ երկրների հասարակություններին արված բարեգործությանը, որքան էլ դրանք հանգեցնեն իշխանափոխության: Սակայն Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանությունն ու հեղափոխական շարժումներին անհարիր զարգացումները մյուս երկրներում ի չիք դարձրին բարեգործության ենթադրությունները:
Ժվանիայի սպանությունն արյունով ներկեց Վրաստանում առանց արյունահեղության իրականացված հեղափոխության վարդը: Դրան հաջորդեցին նոր սպանություններ, ապա վրացական հասարակության հեղափոխությունից բխող ոգեւորությունն սկսեց հետզհետե հիասթափության վերածվել: Ուկրաինայում հեղափոխության տպավորությունը չափազանց թարմ է, ուստի հիասթափության նախանշաններ այնտեղ դեռեւս չկան: Չպետք է սակայն մոռանալ, որ Ուկրաինայում եղանակը ցուրտ է հատկապես նարնջի համար, իսկ նարինջը ցրտահարվելիս դառնանալու հատկություն ունի:
Այլ կերպ, հիասթափության բոլոր նախադրյալներն առկա են նաեւ Ուկրաինայում: Հակառակ Ուկրաինայի, Կիրգիզիայում խնդիրը ոչ այնքան հիասթափությունն է, որքան կարգ ու կանոնի հաստատումը: Թերեւս դա է պատճառը, որ մինչ կազմակերպիչները կիրգիզական հեղափոխության համար բնորոշ գույն էին որոշում, չիմանալով ինչպես անվանել դաՙ կակաչագո՞ւյն, դեղի՞ն, իսկ նախագահ Ասկար Ակաեւը շուտափույթ փախուստի էր դիմում, հեղափոխականները դիմեցին անկարգությունների, որոնց առանձնահատկությունը դարձավ կողոպուտը: Այս պայմաններում ստեղծվեցին կիրգիզական հեղափոխությունը իբրեւ «կողոպուտի հեղափոխություն» բնութագրելու անհարժեշտ բոլոր նախադրյալները:
Հարկ է սակայն նշել, որ Կիրգիզիայի պարագայում կարեւորը հեղափոխության գույնը չէ, այլ ԱՄՆ-ի հեղափոխությամբ պայմանավորված քաղաքական հաշվարկները: Դրանց մեջ թերեւս առանցքային նշանակություն ունեն ռուսական գերազդեցության տարածքների կրճատումը, քաղաքականի հետ համադրելու միջոցով ամերիկյան ռազմական ներկայության ամրապնդումը Միջին Ասիայում, ինչպես նաեւ Կիրգիզիայի միջոցով Չինաստանի հետագա առաջխաղացման կասեցումը:
Վերոհիշյալ հաշվարկները Կիրգիզիան վերածում են ամերիկյան միջնաբերդի: Թեեւ դրանով ԱՄՆ-ն ստանում է կիրգիզական հեղափոխությունը միջինասիական մյուս հանրապետություններում տարածելու հնարավորություն, սակայն Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ գլխավորըՙ Չինաստանի հետ սահմանակից Կիրգիզիան վերջնականապես ներքաշվում է միջազգային ուժերի մրցապայքարի ոլորտ: Մրցապայքարի եւ ամերիկյան վերոհիշյալ հաշվարկների առումով չափազանց ուշագրավ էին հակաաֆղանական պատերազմի նախօրյակին Աֆղանստանի հետ ընդհանուր սահման չունեցող Կիրգիզիայում ռազմական ներկայություն հաստատելու ԱՄՆ-ի համառությունն ու այն պատերազմով պատճառաբանումը:
Կիրգիզական միջնաբերդի առումով էլ, կարծում ենք, իբրեւ վատ օրինակ միջինասիական հանրապետությունների համար ուշագրավ պետք է լինեն «կակաչագույն» հեղափոխության կողոպտչական բնույթն ու միջազգային ուժերի անհաշտ մրցապայքարի մեջ ներքաշվելու սպառնալիքը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ