Ինչպես տեղեկացանք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից, Հայաստանն արդեն պատրաստել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամին ներկայացվելիք առաջարկությունների փաթեթը:
Մասնավորապես Հայաստանի կառավարությունը նախատեսում է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամից ստանալ շուրջ 175 մլն դոլար գումարի չափով ֆինանսական աջակցություն, որի շրջանակներում օժանդակություն կցուցաբերվի երկու ոլորտներումՙ ոռոգման եւ համայնքային ճանապարհների նորոգման համար ռազմավարական ներդրումների կատարմանը: Դրանով կառավարությունը ակնկալում է խթանել երկրի գյուղական շրջաններում տնտեսական ակտիվությունը եւ արագացնել աճը:
Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած հոգաբարձուների խորհուրդը մարտի 25-ին հավանության է արժանացրել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագիրը, որը մարտի 29-ին ներկայացվել է ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամին: Առաջիկա ամիսներին Հայաստանի կառավարությունն ու ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամը կշարունակեն բանակցությունները վերջնական համաձայնագրի ձեւավորման նպատակով:
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջՙ 2004 թ. դեկտեմբերի 1-ին մեր թերթի «Հազարամյակի մարտահրավերներից» կտրվի 150 մլն դոլար» հրապարակման մեջ, ըստ կառավարությանը մոտ գտնվող աղբյուրներից ստացած տեղեկության, նշել էինք, որ ամերիկյան կողմը Հայաստանին խոստացել է տրամադրել մոտ 150 մլն դոլար, որի գերակշիռ մասըՙ մոտ 134 մլն դոլարը նախատեսում է ուղղել ջրային տնտեսությանը, մնացածը ճանապարհների նորոգմանը: Այս տեղեկությունն էապես տարբերվում էր մինչ այդ կառավարության ներկայացուցիչներիՙ հիմնադրամից 200-300 մլն դոլար գումար ստանալու հնարավորության մասին հայտարարություններից: Չխոսելով այն մասին, որ նախկինում նշվում էր ավելի մեծ գումարներիՙ ընդհուպ 900 մլն դոլարի մասին:
Փաստորեն, «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից Հայաստանի ստանալիք գումարն իսկապես չի գերազանցում 200 մլն դոլարը եւ ամերիկյան կողմի հետ բանակցությունների ընթացքում հաջողվել է 150 մլն դոլարից այդ գումարն ավելացնել մինչեւ 175 մլն դոլարի: Այդուհանդերձ նշենք, որ անվերադարձ տրվող նման խոշոր գումար իր գոյության տարիներին Հայաստանի Հանրապետությունը չի ստացել: Համեմատության համար տեղեկացնենք, որ մեր մեծ հայրենակից Քըրք Քըրքորյանից «Լինսի» հիմնադրամից Հայաստանին տրվող դրամաշնորհը կազմել էր մոտ 150 մլն դոլար: Հետեւաբար, կարող ենք փաստել, որ Հայաստանին հազվագյուտ հնարավորություն է տրված արմատապես բարելավելու վերոնշյալ ենթակառույցները, որոնցից էլ կախված են մեր գյուղատնտեսության հետագա զարգացման եւ գյուղացիների կենսամակարդակի բարձրացման հնարավորությունները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ