«Երեւանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ արագ զարգանում են, ինչը շատ օգտակար է Հայաստանի համար»
Անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Գյունտեր Ալտենբերգի հետ հանդիպման ընթացքում երեկ Հայաստանի պաշտպանության նախարար, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանն ասել է, որ Երեւանի «հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ արագ զարգանում են, ինչը շատ օգտակար է Հայաստանի համար»:
Հայաստանը վերջին մի քանի տարիներին հաջողությամբ շարունակում է հարաբերությունները խորացնել ՆԱՏՕ-ի հետ: Այսպես, 2004 թ. Հայաստանը մասնակցել է դաշինքի 47 միջոցառումների եւ 5 զորավարժությունների, իսկ 2005 թ. հայկական զինուժը մասնակցելու է ՆԱՏՕ-ի հետ 50 միջոցառումների եւ 8 զորավարժությունների: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները ծավալով այլեւս չեն զիջում Հայաստան-Ռուսաստան համագործակցությանը:
Երեկվա համարում մոսկովյան «Նեզավիսիմայա գազետան» գրել է. «...Ներառյալ Հայաստանը, որին մինչեւ վերջերս ընդունված էր համարել Մոսկվայի ամենահետեւողական ռազմավարական դաշնակիցը, ավելի շատ է թեքվում դեպի եվրատլանտյան ինտեգրացիա»:
Ռուսաստանի նախագահի Հայաստան այցելության նախօրեին ռուսաստանյան «Մոսկովսկիե նովոստի» շաբաթաթերթն այսպես վերնագրեց հայ-ռուսական հարաբերությունների ներկան. «Ռազմավարական անտարբերություն», իսկ եվրոպացի եւ ամերիկացի վերլուծաբանները կասկածի տակ դրեցին Երեւանի կրեմլամետ դիրքորոշումը:
«Ոչ միայն կառավարության, այլեւ բնակչության արտաքին քաղաքական համակրանքները փոխվում են դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ: Հայաստանի բնակչության մեծամասնությունը, վերջերս անցկացված հարցումների համաձայն, հանդես է գալիս ՆԱՏՕ-ին անդամակցելու եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը վերջինիս մասնակցության, ինչպես նաեւ Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու օգտին», ասել էր Վաշինգտոնի «Ժառանգություն» հիմնադրամի ավագ փորձագետ Արիել Քոհենը:
Գերմանացի փորձագետ Ուվե Հալբախը նկատել է, որ «Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը», մյուս կողմիցՙ փորձագետը կարծիք է հայտնել, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը միակողմանի արեւմտամետ չի դառնա, «կդառնա հենց կոմպլեմենտար, եւ Հայաստանն անկասկած լիովին երես չի թեքի Ռուսաստանից»:
Ինքըՙ Ռուսաստանը, Հայաստանի հետ հարաբերություններում դիմում է քայլերի, որոնք իրոք կասկածի տակ են դնում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը: Դրա վառ ապացույցը 2004 թ. աշնանը վրաց-ռուսական սահմանի կողպումն էր, ինչի պատճառով մի քանի հարյուր Հայաստանի քաղաքացիներ անմարդկային պայմաններում մնացին շաբաթներ շարունակ Դարյալի կիրճում:
Ընդհանրապես ԱՊՀ երկրները հետեւողականորեն թեքվում եւ փորձում են «քաղաքական ապաստան» գտնել եվրատլանտյան կառույցներում: ԱՊՀ-ն, որի «ողնաշարը» Մոսկվան է, վերածվել է «օգտակար ակումբի»: Այս մասին Երեւանում հայտարարեց Վլադիմիր Պուտինը, ինչը կարող է նշանակել առկա իրողության խոստովանություն. Ռուսաստանն այլեւս նախկին ազդեցությունը չունի ԱՊՀ տարածքում, իսկ որոշ երկրներում ռուսական ներկայությունը միտված է դառնալու խորհրդանշական:
Երեկվա համարում «Նեզավիսիմայա գազետան» «SNG»-ն բացել է այսպես. «Souz Nedemokratichnikh Gosudarstv»: Անշուշտ, ԱՊՀ երկրները երբեք էլ ժողովրդավարական չեն եղել, սակայն եթե մի քանի տարի առաջ ԱՊՀ-ի ապագան կասկածի տակ չէր դրվում, ապա այսօր մի շարք երկրներ հրապարակավ հայտնում են «օգտակար ակումբից» դուրս գալու ցանկության մասին:
«Գունավոր հեղափոխությունների» ալիքը եւս նպաստում է ԱՊՀ-ի վախճանին: Վրաստանի, Ուկրաինայի եւ Կիրգիզիայի ընտրությունները ցույց տվեցին, որ Մոսկվան այլեւս այն տեղը չէ, որին դիմելով ԱՊՀ ավտորիտար առաջնորդները հնարավորություն կունենան իշխանություն պահել: Այս վերջինն ավելի լավ հասկացել է Մոլդովայի նախագահը, որը չի մասնակցում ԱՊՀ վերջին գագաթաժողովներին եւ ընդգծված եվրոպամետ քաղաքականություն է վարում:
Մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին չեն մասնակցի Վիկտոր Յուշչենկոն ու Միխայիլ Սաակաշվիլին, իսկ Մոլդովայի նախագահի մասնակցությունը հարցականի տակ է:
Ռուս վերլուծաբանները հաճախ են կրկնում, որ այսօրվա Ռուսաստանն ունի երկու արտաքին քաղաքականությունՙ «կոստյումով» եւ «խալաթով»: Առաջինը ռուս դիվանագետները կրում են արտասահմանում, երկրորդըՙ ԱՊՀ տարածքում: Ռուսաստանը Հայաստանում իրեն չափից ավելի ազատ է զգում, սա փաստ է, սակայն, մյուս կողմից, Երեւանը վերջին տարիներին ակնհայտորեն փորձում է ձերբազատվել «փոքր եղբոր» կարգավիճակից եւ արեւոտ տեղ գտնել եվրատլանտյան կառույցներում:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ