Քաթարի «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը չորեքշաբթի երեկոյան ցուցադրել է մի տեսաերիզ, որտեղ երեւում են Իրաքում երկուշաբթի օրն առեւանգված ռումինացի 3 լրագրողները, ինչպես նաեւ նույն օրն առեւանգված իրաքյան ծագումով մի ամերիկացի գործարար: Ընդսմին իրաքցի զինյալները որեւէ պահանջ չեն ներկայացրել պատանդներին ազատ արձակելու համար:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Սթիվեն Փայքը պահանջել է «անհապաղ ազատ արձակել Իրաքում առեւանգված բոլոր պատանդներին»: Ֆրանսպրեսը նշում է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Զելիկը Բուխարեստ կատարած այցելության ժամանակ հաստատել է, որ ցուցադրված չորրորդ պատանդն ամերիկահպատակ մի գործարար է:
Ռումինական լրատվամիջոցները մանրամասնում են, որ խոսքը Մոհամմեդ Մունաֆի մասին է, որը հոգում էր 3 լրագրողների ճամփորդության ծախսերը եւ նրանց ուղեկցորդն էր Բաղդադում:
Ֆրանսպրեսի տվյալներով, առեւանգված 3 լրագրողներից երկուսը տղամարդ են, մեկըՙ կին: Լրագրողների անունները հայտնի են. մեկը «Պրիմա» մասնավոր հեռուստաընկերության օպերատոր Սորին Միսկոչին է, մյուսըՙ «Ռոմանիա լիբերա» օրաթերթի լրագրող էդուարդ Օհանեսյանը, երրորդը «Պրիմա» հեռուստաընկերության լրագրողուհի Մարի-Ժաննա Իոնն է:
Լույս հինգշաբթի գիշերը ռումինական հեռուստաալիքներով ցուցադրվել է հիշյալ տեսաերիզի պատճենը, որտեղ լրագրողուհին պնդում է, թե իրենց արձակման դիմաց առեւանգիչները փրկագին չեն պահանջում: Թե ինչ են պահանջումՙ առայժմ հայտնի չէ: «Ալ Ջազիրան» նշում է, որ առեւանգիչների ինքնությունը եւս անհայտ է:
«Պրիմա» հեռուստաընկերության տնօրեն Դան Դումիտրոն Ֆրանսպրեսի թղթակցի հետ զրուցելիս այն կարծիքն է հայտնել, թե զինյալ առեւանգիչները փորձառու են, քանի որ կարողացել են արագորեն տեսաերիզ հասցնել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերություն:
Ռումինիայի վարչապետը հաստատել է, որ կառավարությունը «փրկագնի պահանջ» չի ստացել առեւանգիչներից: Նախագահ Տրայան Բաշեսկուն նշել է, որ պետական կառույցները Ռումինիայում եւ արտերկրում ամեն ջանք գործադրում են երեք լրագրողներին ազատելու եւ հայրենիք վերադարձնելու համար:
Պ. Ք.