«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2005-03-30 | #56, 2005-03-31 | #57, 2005-04-01


ԱԶԱՏ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ Ա1+Ի ՀԱՄԱՐ

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի քմահաճությամբ արդեն 3 տարի եթերազրկված Ա1+ հեռուստաընկերությանն աջակցողները ապրիլի 2-ին կանցկացնեն բողոքի ակցիա: Նրանց պահանջն էՙ հրապարակել ազատ հաճախականությունների ցանկը եւ հայտարարել բաց, թափանցիկ ու հրապարակային մրցույթ: 3 տարվա ընթացքում Ա1+-ը 8 անգամ մասնակցել է հեռուստակապուղիների մրցույթներին, եւ նույնքան անգամ մերժվել են նրա մրցութային առաջարկները: Արդեն մեկ տարուց ավելի հիշյալ հանձնաժողովը որեւէ մրցույթ չի հայտարարումՙ ազատ հաճախականություններ չլինելու պատճառաբանությամբ:

Ժուռնալիստների միությունում երեկ հրավիրած մամլո ասուլիսում հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը ներկայացրեց գոյություն ունեցող եւ զբաղեցրած հաճախականությունների ցանկը, որտեղ առկա են նաեւ ազատ հաճախականություններ, մինչդեռ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հաճախականություն չտրամադրելու մեղքը բարդում է հեռահաղորդակցության միջազգային միության վրա: Կապի նախարարը գուցե մոռացե՞լ է, կամ չգիտի՞, որ ներկա դրությամբ կան 9 դեցիմետրային ազատ հաճախականություններ: Տնօրենն ասաց, որ այդ մասին քանիցս հայտնել են «ե՛ւ Ամալյանին, ե՛ւ կապի նախարարին, ե՛ւ պարոն Ռ. Քոչարյանին»:

«Այսօրվանից ակցիաներ սկսելով կամենում ենք ասել, որ երկրում ինչ-որ բան կատարվում է, լրագրողական աշխարհը մտածում եւ ուզում է ուղղել այն ամենն, ինչն արդեն 3 տարի փչացվում է միտումնավոր: Ինձ համար ցավալի է ոչ միայն այն, որ մենք ամբողջ թիմով չենք աշխատում, այլեւ, որ արդեն 3 տարի նշաձողը միտումնավոր իջեցվել է պլինթուսի (շրիշակ) մակարդակի», ավելացրեց նա:

Ասուլիսից դուրս, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն այսպես մեկնաբանեց Ա1+ի նկատմամբ հայաստանյան իշխանությունների վերաբերմունքը. «Երեք տարի առաջ, երբ փակվում էր Ա1+ը, շատերիս տպավորությունն այն էր, որ ընտրությունների շրջանում դա տեղի էր ունենում հայտնի նպատակներով, սակայն արդեն 3 տարի է անցել, իսկ իշխանությունները, հեռուստաընկերությունը վերաբացելու ոչ մի հույս չեն ներշնչում: Քաղաքական տեսակետից սա խիստ տկարամիտ մոտեցում է, որովհետեւ անցնող 3 տարիների ընթացքում Ա1+ի փակման փաստը նշվում է Հայաստանի վերաբերյալ միջազգային տարբեր կազմակերպությունների բոլոր զեկույցներում: Հայաստանի նման երկրները անհրաժեշտաբար պետք է շատ զգայուն լինեն այդօրինակ բացասական գնահատականների հանդեպ, քանի որ շատ ենք տուժում դրանցից: Մեր վերին իշխանություններն այս մտահոգությունն անպայման պետք է ունենային եւ ժամ առաջ օգտագործելով առիթը թույլատրեին Ա1+-ի ներկայությունը, մինչդեռ իրենց վարքագծով նրանք ցուցաբերում են ընդգծված վախկոտություն խոսքի ազատությունից, ինչը բացարձակապես հասկանալի չէ»:

Այս ամենի կողքին hեռուստաընկերության աշխատակիցները նոր փորձության առաջ են կանգնած: Ապրիլի 5-ին տնտեսական դատարանը լսելու է Ա1+-ին ներկայիս շենքից վտարելու Գիտությունների ազգային ակադեմիայի հայցը: Ա1+-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան-Տեր Եսայանը նշեց, որ դատական գործընթացը թեժ է լինելու. «Կառավարությունը որոշել է շենքը մի սուբյեկտից մյուսին հանձնելՙ անտեսելով այն կազմակերպությունների շահերն ու իրավունքները, որոնք այդ շենքում են», ասաց նա: «Ամոթը Ա1+-ին չի լինի, եթե դատական կատարածուները գան ու մեր իրերը դրսում դնեն, այլ վարչապետին, նախագահին: Բոլորը կտեսնեն, թե նրանք ինչ վերաբերմունք ունեն մամուլի նկատմամբ: Մենք կորցնում ենք մեր մշակույթը, մեր ժողովրդին, մենք կորցնում ենք ինքներս մեզՙ մեր երկրում», ավելացրեց Մեսրոպ Մովսիսյանը:

Ի դեպ, մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ա1+-ի հայցի քննությունը տեղափոխվել է լսումների փուլ, հեռուստաընկերությունը դատարանին տեղեկացրել է, որ դատական լսումներին նպատակահարմար է գտնում իր ներկայացուցչի մասնակցությունը:

Հեռուստաընկերության եթերազրկման դեմ ապրիլի 2-ի բողոքի ակցիան տեղի կունենա ժամը 12-ին, Գրիգոր Լուսավորչի 15 հասցեից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4