«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2005-03-30 | #56, 2005-03-31 | #57, 2005-04-01


ՏՈՆ ԷՐ ԳՈՀԱՐ ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

«Ազգի» ընթերցողներին բազմիցս տեղեկացրել ենք Խաչատուրյան ընտանիքի (Բեյրութ) բազմաթիվ բարեգործությունների մասին, որոնք մշտապես շարունակական բնույթ են կրում։ Օրեր առաջ Հայաստան էին ժամանել բեյրութահայեր, որոնց թվում էին տեր ու տիկին Արմեն եւ Միմի Հարությունյանները, Ալբերտ եւ Ռիտա Սարգսյանները, Անահիտ եւ Ավետիս Կետիկյանները, Օժենի Օրաջյանը, Վեհան Պետիրյանը, Սեւակ Սերոբյանըՙ տիկին Գոհար Խաչատուրյանի գլխավորությամբ մասնակցելու երջանկահիշատակ Արամ Խաչատուրյանի հիշատակին վերանորոգված եկեղեցու օծման, սրբագործման եւ հոգեհանգստի արարողություններին, ինչպես նաեւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի վեհարանի հանդիսությունների սրահումՙ շքանշանների հանձնման արարողությանը։ Չորեքշաբթի օրը հյուրերը մասնակցեցին Գյումրու «Գոհար մեծ ընտանիքի» 5-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոյին։ Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ երկրաշարժից ավերված Գյումրում շատ կարճ ժամանակում շոշափելի ներդրում արվեցՙ բացվեցին մշակութային հաստատություններ աղետի գոտու հոգեւոր-մշակութային կյանքը խթանելու նպատակով: Անդրանիկ «ԻսՈւզ» կենտրոնը (գործադիր տնօրենՙ Բորիս Հակոբյան) դարձավ սիրված օջախ, գողտրիկ մշակութային կղզյակՙ համախմբելով բոլոր արվեստասերներին։ Սակայն Խաչատուրյան եղբաայրներըՙ Հարութը, Շահենը եւ Նառը, չբավարարվեցին ստեղծածով եւ «ԻսՈւզ»-ին կից կառուցեցին «Գոհար» մշակութային բարեգործական հասարակական կազմակերպությունը, որն այսօր աչքի է ընկնում իր երաժշտական-մանկավարժական պրոֆեսիոնալ դիմագծովՙ հանձինս 20 մանկավարժների ու 85 նվիրյալ սաների, տնօրենությամբ Մարիցա Իսրայելյանի։

Այսօր երաժշտանոցի սաներից 5-ը դարձել են բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթողներՙ պատիվ բերելով հարազատ օջախին։ Երաժշտանոցում այսօր գործում է հանրապետությունում միակ 10 հոգանոց ֆլեյտահարների նվագախումբը (ղեկավարՙ Համլետ Բաղդասարյան), որը հիմնվել է Հարութ Խաչատուրյանի ցանկությամբ ու նախաձեռնությամբ, որին էլ հաջորդել է լարային, փողային, ժող. գործիքների, ֆագոտի, տավղի, հոբոյի, տրոմբոնի, փայտյա փողային գործիքների դասարաններ, մանկական երգչախումբ։ «Գոհար» երաժշտական կրթօջախն այսօր բաց ճակատով իր մասնակցությունն է բերում թե' Գյումրիում, թե' մայրաքաղաքում տեղի ունեցող այլազան մշակութային միջոցառումներին։ Այս ամենից զատ, 1999 թ. դեկտեմբերի 10-ին ցրտաշունչ ձմռան օրը «ԻսՈւզ»-ի մասնաճյուղ «Գոհար» մշակութային կազմակերպությունն իր համակարգում ընդգրկում է նաեւ «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբն ու Կիպրոսից հրավիրվում է հայտնի նվագավար ու խմբավար մաեստրո Սեպուհ Աբգարյանը։

Խաչատուրյան եղբայրների անակնկալ նվիրումը եղավ որպես հատուցում ու երախտագիտություն սիրելի մորը, որի անունով էլ անվանվեց երաժշտանոցը, մանկական երգչախումբը, սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբըՙ հպարտությամբ կրելով «Գոհար» անունը։

Անցել են 5 քրտնաջան տարիներ, եւ ահա Գոհար Խաչատուրյանը կրկին այցելել է իր հարազատ օջախըՙ «Գոհար» մեծ ընտանիք, նրա հետ տոնելու, ըմբոշխնելու տոնական մթնոլորտը։ Տոնը համընկել էր նաեւ երաժշտանոցի տարեկան ստուգողական քննությանը, որն անցավ փայլուն։ Քիչ անց մշակութային կենտրոնի դահլիճում կայացավ «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի տոնական հրաշալի համերգըՙ համեմված հայ դասական ու ժողովրդական երգերի կատարումներով, որոնք մատուցեցին երիտասարդ երկու տասնյակ երգիչ-երգչուհիներՙ արժանանալով երկարատեւ ծափերի։ Անցած 5 տարիների քրտնաջան աշխատանքը ներկայացրեց երաժշտանոցի «աջ ձեռքը»ՙ Գրիգոր Կուզիկյանը, որն էլ հոբելյանական օրվա ծանրությունը կրողն էր...

Խոսել «Գոհար» երաժշտանոցի մասին եւ չնշել այն անձնուրաց նվիրումն ու սերը, որ տածում է ամեն մի անդամի հետ մաեստրո Սեպուհ Աբգարյանը, բացթողում կլիներ։ Մաեստրոն էր, որ կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանի օգնությամբ ու մասնագիտական փորձի փոխանակմամբ այսօր կիսում են երաժշտախմբի հաջողությունների դափնեպսակը։ «Գոհարին» ծափահարել են աշխարհի շատ բեմերում, այսօր նրանք ծափահարում էին տկն Գոհարին, մեծարում եւ երախտագիտությունն արտահայտում հուշանվերների նվիրումով։ Մաեստրո Աբգարյանը երաժշտանոցի անունից տկն Գոհարին նվիրեց ի հիշատակ Արամ Խաչատուրյանի հայկական զարդանախշերով խաչքար։ Մաեստրոյի համար «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբը (67 երաժիշտ) եւ երգչախումբը (54 երկսեռ երգիչներ) «իմ կյանքի վերջին հանգրվանի երջանկությունն է, որ պիտի հավերժանա ինձ հետ ու ծածկի ժամանակին իմ ունեցած դառնություններն ու ցավը։ Ես վայելում եմ իմ երջանկությունը հենց այս մարդկանց հետ ամեն րոպե եւ վայրկյանՙ Գրիգոր Կուզիկյանի, Մելիք Մավիսակալյանի, Սեւակ Սերոբյանի հետ, որի առիթն ու վայելումը մեզ արժանացրել է Հարութ Խաչատուրյանն իր եղբայրների հետ», հատուկ նշեց Սեպուհ Աբգարյանը։

Հրճված էր ելույթներից մաեստրո Մելիք Մավիսակալյանը, որը վարեց նաեւ համերգի մեկ մասը, նշեց, որ «նման կատարողական երաժշտական սիմֆոնիկ նվագախումբ, երգչախումբ գործում է ու հմայում ամենքին, հույս ունեմ, որ նրանք դեռ շատ երկար կյանք կունենան իրենց ազգանվիրյալ գործում»։

Բոլորից շատ հուզված ու երջանկացած էր տկն Գոհարը։ Նա նշեց. «Երբ առաջին անգամ եկա ու լսեցի, պարզապես զարմացած ու հիացած եմ, որ շատ են առաջադիմել ու նրանց թիվը նույնպես ավելացել է։ Շատ գնահատելի է, որ այսօր շատ մեծ գործ է արվում փոխարինող սերունդ պատրաստելու հարցում, եւ ես չեմ կարող իմ հիացմունքը թաքցնել փոքրիկների ելույթները դիտելուց։ Ապրեն անոնք, որ կարողացան երգչախմբի ու սիմֆոնիկ նվագախմբի հետ հավասարապես ելույթ ունենալ, շատ ազդեցիկ էր։ Իսկ այս երկու օրերն ինձ համար կյանքիս լավագույն օրերից եղան, որոնք միշտ պիտի մնան իմ հիշողության ու տպավորության մեջ, բացառիկ օրեր էին»։

Գյումրու «Գոհար»-ներին, իրենց փայլուն կատարողականով ներկայացված ազգային գոհարների ոգեղեն ներկայացմանը ներկա էր նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը, որը տոնական օրը հատուկ շնորհակալության ու օրհնության խոսք հղեց «Գոհար մեծ ընտանիքին»ՙ նշելով, որ «սա այն մեծ բաբախող սիրտն է, որ առողջ արյուն է մատակարարում Գյումրու մշակութային եւ արվեստասեր հանրությանը»։ Մինչ կեսգիշեր այդ մեծ ընտանիքը տոնական սեղանի շուրջ համախմբվեց ու նշեց տոնը։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4