Գեւորգ Ջահուկյան (Ծննդյան 85-ամյակի առթիվ)
Ժամանակը հեռանում է անվերադարձՙ մեր անցած ուղու հետագիծն ամրակայելով հիշողության ծալքերում. հետագիծ, որ փորձությունների, կորուստների եւ նվաճումների հանրագումար էՙ կյանքի պատմություն: Ապրում ենքՙ այրվելով որոնումների աներեւույթ հրում եւ ճաշակում կյանքի թրթիռըՙ թրծվելով պայքարի եւ արարման ընդմեջեն: Երանի նրան, ով ապրումների այս տարափի տակ անխաթար է պահում ինքնությունը, դառնում իր տեսակի մեջ անփոխարինելի եւ ապրում ոչ միայն գործով հետագիծ թողնելու առաքելությամբ, այլեւ մարդկային ամենանվիրական զգացմունքների հանդեպ անդավաճան մնալու բարձր ձգտումով:
Ահա այդպիսին է հայ լեզվաբանական նորագույն դպրոցի անվիճելի առաջնորդ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանըՙ մարդու եւ գիտնականի ներդաշնակ կատարելությամբ:
Հայրենագիտության մեջ դժվար է գտնել որեւէ բնագավառ, որ չի արժանացել մեծ գիտնականի ուշադրությանը: Բնածին ընդունակությունները, զուգակցելով բացառիկ, անսպառ աշխատասիրության հետ, նա նոր հուն բացեց լեզվաբանական գիտության զարգացման համարՙ լուծում տալով գիտական ակնհայտ կարեւորություն ունեցող բազմաթիվ խնդիրների:
Գ. Ջահուկյանը համեմատաբանության բնագավառի ամենահայտնի մասնագետներից է: Նա լեզվական երեւույթների քննությունը կատարում է իր ամենալայն սահմանների մեջՙ ե՛ւ համաժամանակյա, ե՛ւ տարժամանակյա մոտեցմամբ: Հենվելով անցյալի քերականների թողած գիտական ժառանգության վրա եւ արժեւորելով այնՙ նա ընկալումների նոր տեսադաշտ է բացահայտում, նաեւ առաջադրում դեռեւս չբացված թեմաներ եւ ներկայանում համարձակ վարկածներով:
Մեծ գիտնականը յուրաքանչյուր խնդիր քննում է ընդհանուր լեզվաբանական հայեցակարգով: Նրա գիտական աշխատություններն ու հոդվածները, որ ընդգրկում են ընդհանուր եւ համեմատական լեզվաբանության, գրաբարի, միջին հայերենի, աշխարհաբարի, բարբառների ամենատարբեր բնագավառները, պատմական Հայաստանի տարածքում կամ հարակից շրջաններում ապրած ժողովուրդների հին եւ մեռյալ լեզուների ուսումնասիրությանը վերաբերող հիմնահարցեր եւ այլն, հագեցած են մանրակրկիտ վերլուծություններով, ճշգրիտ ընդհանրացումներով եւ կուռ տրամաբանությամբ: Նման համակողմանիությունը լոկ հետաքրքրությունների գոհացում չէ, այլ գիտական ճշգրտության հասնելու բարձրագույն նպատակ:
Շվեյցարացի հայտնի հայագետ Ռոբերտ Գոդելը մի առիթով ասել է. «Այնպիսի բազմակողմանի, բեղմնավոր գիտնականի ներկայությունը, ինչպիսին ակադեմիկոս Ջահուկյանն է, ինքնին արդեն խոսում է արդի հայ լեզվաբանության մակարդակի մասին»: Միայն ավելացնենք, որ նա հայրենական գիտությանը նվիրվել է անմնացորդՙ բարձրության վրա պահելով այն իր բոլոր դրսեւորումներում:
Հսկայական է Գ. Ջահուկյանի դերը հայոց լեզվի զարգացման ու կառուցվածքի ուսումնասիրության մեջ: Այս առումով հատկապես աչքի են ընկնում «Հին հայերենի հոլովման սիստեմը եւ նրա ծագումը» (1959), «Ժամանակակից հայերենի հոլովման համակարգը» (1967), «Հայոց լեզվի զարգացումը եւ կառուցվածքը» (1969), «Հայոց լեզվի համեմատական քերականություն» (1989) աշխատությունները, որոնց մեջ տրվում են գրաբարի եւ ժամանակակից հայերենի հոլովման համակարգն ու նրա ծագումը, հայոց լեզվի զարգացումն ու կառուցվածքը: Հայերենի նախագրային շրջանի պատմության վերաբերյալ բովանդակալից աշխատություն է «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» (1987) հրաշալի գիրքը, որտեղ հեղինակն ամփոփել է հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում տարիների իր աշխատանքը: Հայերենի քերականության ամբողջական պատմությունը զետեղված է «Քերականական եւ ուղղագրական աշխատությունները հին եւ միջնադարյան Հայաստանում» (1954) եւ «Գրաբարի քերականության պատմությունը» (1974) աշխատություններում: Հայերենի եւ հնդեվրոպական ու կովկասյան լեզուների աղերսությունն ու փոխհարաբերությունը հեղինակը ներկայացրել է «Հայերենը եւ հին հնդեվրոպական լեզուները» (1970), «Ընդհանուր եւ հայ լեզվաբանություն» (1979) եւ այլն:
Գ. Ջահուկյանի աշխատությունները կոթողային գործեր են, որոնք միշտ իրենց մնայուն տեղը կունենան մեր քերականության մեջ:
Ջահուկյանի գիտահետազոտական, գիտամանկավարժական, հասարակական բազմաբնույթ աշխատանքները միայն հարստացրել են մեզ: Շուրջ 60 տարի նա դասավանդում է Երեւանի պետական համալսարանում, 1970-ից ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչն է: 1962-ից ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը:
Այս ամենից, իհարկե, չենք կարող տարանջատել Գ. Ջահուկյան բանաստեղծի ներկայությունը մեզանում:
Ովքեր ճանաչում են նրան, կվկայեն, որ պատկառելի գիտնականի խառնվածքում գերիշխում է զգացմունքային տարերքը, ինչի արտացոլանքը տեսանելի է 2001-ին լույս տեսած նրա «Բանաստեղծական գիրք» ժողովածուում: Նուրբ եւ հուզական քերթվածներ, որոնք իրենց խորքում թաքցնում են ինքնակենսագրական տարրերի նրբերանգներ եւ բացահայտում անծանոթ, բայց ջերմ ու անմիջական մի ներաշխարհ.
«...Ինչ որ բարի արի, նրանով կամ լոկ ես...»:
Այսպիսին է ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանը. սրտանց շնորհավորում ենք մեծ գիտնականին ծննդյան 85-ամյակի առթիվ:
Սիրելի՛ հոբելյար, արեւշատություն Ձեզ: Դուք մեծություն եք եւ Ձեր իմաստուն կեցվածքով զարդարում եք ոչ միայն մեր դարը, այլեւ ողջ պատմությունը ներկա եւ գալիք սերունդների համար:
ԳՐԵՏԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ասպիրանտ