Հայաստանում լեռնագնացության մասին
Կարինե Բախմանի եւ Ջեֆրի Թուֆենկյանի համահեղինակային «Adventure Armenia: Hiking and Rock Climbing» գիրքը, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, ուղեցույց է, որը տեղեկություններ է պարունակում Հայաստանի արշավային ուղերթների եւ լեռնագնացության մասին: Իր տեսակի մեջ առաջին այս գիրքն ընթերցողին է մատուցում մեր երկրում լեռնագնացության եւ արշավի շատ հնարավորություններ, որ անծանոթ են նույնիսկ հայաստանաբնակ հայերին: Գրքում յուրաքանչյուր տեղանքի նկարագրություն համեմված է մանրամասն տվյալներով եւ քարտեզով: Տեղեկություններ են տրվում նաեւ տեղանքի բարձրության, հեռավորության, լեռնագնացության առումով դժվարամատչելիության, ինչպես նաեւ այն մասին, թե որքան ժամանակում կարելի է իրականացնել տվյալ ձեռնարկումը:
Գրքի վերջում տրված են որոշ կարեւոր տեղեկություններ հյուրանոցների, ռեստորանների եւ փոխադրամիջոցների մասին, եթե այցելուները ցանկություն ունեն մնալու այդտեղ եւ մոտիկից ծանոթանալու բնակչությանն ու հայկական խոհանոցին: Ընդգրկված է նաեւ համառոտ մի բառարան:
Ա. Մ.