Մեր քաղաքացիներն արդեն վերադարձնում են Կիրկորովի համերգի տոմսերը, համերգը գովազդող ցուցապաստառներն էլ շուտով կհանվեն: Կիրկորովի համերգը չեղյալ հայտարարելու մասին արդեն երկու օր պտտվող խոսակցությունները երեկ հաստատեցին համերգը կազմակերպողներն ու դրան աջակցողները: Ըստ փոխքաղաքապետ Արման Սահակյանի` որոշումը կայացվել է նախօրեին գրեթե բոլոր պետական բուհերի ուսանողական խորհուրդների խնդրանքը հաշվի առնելով: Ինչ վերաբերում է հենց իր տեսակետին, ապաՙ «Արման Սահակյանի դրական կամ բացասական վերաբերմունքը համերգի կազմակերպման վրա ազդեցություն ունենալ չէր կարող: Անձամբ գտնում եմ, որ չի կարելի հետ մնալ համաշխարհային քաղաքակրթությունից», գուցե Կիրկորովին համաշխարհային քաղաքակրթության վառ ներկայացուցիչ համարելով ասաց փոխքաղաքապետը: Նա նշեց, որ քաղաքապետի հրահանգով անխափան կկազմակերպվի տոմսերի վերադարձը:
Երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել նաեւ «Մանուկյան» ՍՊԸ-ն: Ընկերության մամուլի քարտուղար Թեհմինե Հայրումյանը հավաստիացրեց, թե որոշումը կայացվել է ոչ թե «տուրք տալով մի խումբ արկածախնդիր երիտասարդների տեսակետին», այլ հիմնվելով Երեւանի քաղաքապետարանի եւ ուսանողների կարծիքների վրա: Ըստ էության հակակիրկորովյան շարժումը սկսած ՀՅԴ երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին նա անվանեց էքստրեմիստներ, որոնք «փորձում են պարզապես ուրախանալ համերգներ տապալելով»:
Ընդամենը մի քանի օր առաջ Թեհմինե Հայրումյանը հավաստիացնում էր, որ «Կազմակերպչական հարցերի համար «Երեւան» հիմնադրամը 3 մլն դրամ է տրամադրել, որը անկախ այն բանից` համերգը կկայանա, թե` ոչ, վերադարձվելու է: Քաղաքապետարանը, ինչ խոսք, համերգից շահույթ ունի, այդ գումարները «Երեւան» հիմնադրամին են գնալու»: Երեկ փոխքաղաքապետը հայտարարեց, թե «Մանուկյան» ՍՊԸ-ին ֆինանսական աջակցություն չեն ցուցաբերել, պարզապես խոստացել են ապահովել համերգի անվտանգությունը: Իսկ երկու հայտարարությունների հակասությունների մասին հարցին Թ. Հայրումյանը պատասխանեց. «Քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն չի եղել, այդպիսի բան չկա»: Հետո էլ ավելացրեց, թե «պայմանավորվածություն եղել է, քաղաքապետարանն իր աջակցությունը հետ է վերցրել: Մենք մտածում էինք, որ կլինի, չեղավ աջակցություն»: «Ազգի» այն հարցին, թե «այդ դեպքում ինչով էր պայմանավորված «քաղաքապետարանը, ինչ խոսք, շահույթ ունի» հայտարարությունը», տիկին Հայրումյանը պատասխանեց. «Եթե ֆինանսական աջակցություն լիներ, նա շահույթ կունենար, ֆինանսական աջակցություն չկա, նրանք շահույթ չունեն»: Մեր այն հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ համերգը կայանալու դեպքում քաղաքապետարանը կստանար տրամադրած 3 մլն դրամից ավելի գումար», չստացանք տրամաբանական որեւէ պատասխան: Տիկին Հայրումյանը միայն ասաց. «Եթե չկա գումարը, ինչպե՞ս կարող եմ ասել` կլինի՞ այդ գումարը, թե՞ ոչ»: Տպավորություն է ստեղծվում, թե քաղաքապետարանն իր վրա վարկ տրամադրողի գործառույթներ էր վերցրել, որ չկարողացավ իրականացնել:
«Մանուկյան» ՍՊԸ-ն, շարունակելով իր «հայանպաստ» քաղաքականությունը, Կիրկորովի պրոդյուսերին ասել է, որ «Կիրկորովի համար անվտանգ չէ այստեղ գալը»: Ըստ իրենց հավաստիացման, ընկերությունը հաշվի չի առել մինչ ուսխորհուրդների դիմումը երիտասարդների բողոքը, չնայած հայ հասարակությունն ուզում էր ունկնդրել Կիրկորովին: Տկն Հայրումյանն ասաց. «Մենք ներկայացրել ենք իրավիճակը, ասել ենք, որ իրեն չեն ուզում տեսնել Հայաստանում, որ շատ մարդիկ իր այցը կազմակերպելը չգիտես ինչու գնահատում են իբրեւ քաղաքական շատ մեծ սխալ»: Դրսում Հայաստանի վարկին վնասող «վտանգավոր երկիր» որակումը տիկին Հայրումյանը պատճառաբանեց 30 երիտասարդական կազմակերպությունների նամակի վերջնագրի տոնով: «Եթե բոլորն ասում են, որ այնպես արեք, որ չգա, թե չէ իր համար վատ կլինի, դա չի՞ նշանակում, որ վախեցնում են», բարձրաձայն սկսեց մտածել Հայրումյանը: Ընկերության հիմնադիր Տիգրան Ջիլավյանը, գուցե շնորհակալություն ակնկալելով, ավելացրեց. «Խուլիգան երկրի մասին խոսք չի եղել»:
Հետաքրքրական է նաեւ Կիրկորովի տարածած հայտարարությունը: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` երգիչն ասել է. «Ես նույնիսկ չէի ենթադրում, որ այսքան նշանակալի անձ եմ Հայաստանի համար: Կարծում էի` կգամ Երեւան, կերգեմ, հաճույք կպատճառեմ հանդիսատեսին, իսկ ահա թե ինչ ստացվեցՙ պարզվում է, ինձ չի կարելի մուտք գործել հանրապետություն, առավել եւս Հայոց ցեղասպանության 90-ամյակի նախօրեին: Իսկ եթե ինչ-որ սարսափելի բան պատահի, հենց ինձ էլ կարող են մեղադրել: Ես էլ մտածեցի. չեմ բորբոքի կրքերը եւ սկանդալներ հրահրի, այլ ուղղակի կինքնամեկուսանամՙ շառից հեռու: Այնպես որ Երեւան հյուրախաղերի ես չեմ գնա»:
Փաստորեն երգիչը հավատում է, թե ինքն է որոշել չգալ Հայաստան: Լավ կլիներ նրան տեղեկացնել, որ ուրիշ անգամ Հայաստանում համերգներով հանդես գալու ցանկության դեպքում նա ստիպված կլինի արկածախնդիր մեկ այլ կազմակերպություն փնտրել, որ իրեն կհրավիրի մեր երկիր:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ