Դեռ անցյալ տարի աշնանը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում իրագործեց մի քննարկում, որ կրեց «Հանրակրթության արդի վիճակը Հայաստանում եւ եկեղեցու դերը կրթական համակարգում» անվանումը: Աննախադեպ եւ բովանդակալից այս քննարկումը, որ տեղի ունեցավ եւ օրհնվեց Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ, բանախոսությունների եւ զեկուցումների միջոցով մատնանշեց կրթության ոլորտի բազմաթիվ խնդիրներ: Հատկանշական էր Վեհափառ հայրապետի ողջույնի եւ բարեմաղթանքի խոսքը, որում նա նշեց եկեղեցու պատրաստակամությունը կրթության եւ մատաղ սերնդի զարգացման գործին, ինչպես նաեւ իր գնահատանքը հայտնեց քննարկման կազմակերպիչ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամին: Բանախոսների շարքում էին ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս կրթության եւ գիտության նախարարները եւ բարձրաստիճան հոգեւորականները: Ներկայացվեցին նաեւ սոցիալական հետազոտության արդյունքները կրթական ոլորտի արեւմտյան զարգացումները:
Ինչպես ցույց տվեց ժամանակը, քննարկումը բացի խոսք ու զրույցից նաեւ գործնական զարգացման լուրջ դրսեւորումներ ունեցավ: Մասնավորապես Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ծրագրեր է մշակում եւ իրականացնում թերի ֆիզիկական կարողություններով երեխաների եւ միջին մասնագիտական կրթօջախների զարգացման համար:
Կլոր սեղան հիմնադրամը նախանձախնդիր է, որ ժամանակակից քաղաքակրթության ձեռքբերումները նաեւ իր գործուն մասնակցության շնորհիվ ներդրվեն կրթության շրջանցված այդ ոլորտներում:
Ս. Մ.