Հոլանդիա-Հայաստանՙ 2-0 (2-0)
30 մարտի, Էյնդհովեն, 33 հազար հանդիսական:
Մրցավարՙ Մաթեո Տրեֆոլոնի (Իտալիա):
Հոլանդիա-Էդվին վան դեր Սար, Յան Կրոմկամպ, Յորիս Մաթիյսեն, Ջովանի վան Բրոնկհորստ, Վիլֆրեդ Բոումա, Դենի Լանդզատ (Ռաֆայել վան դեր Վարտ, 51), Մարկ վան Բոմել, Կաստելեն (Ռայան Բաբել, 51), Ֆիլիպ Կոկու, Ռուդ վան Նիստելռոյ, Դիրկ Կույտ (Վենեդոր օֆ Հեսելինկ, 81):
Հայաստան-Ռոման Բերեզովսկի, Եղիշե Մելիքյան, Կարեն Դոխոյան, Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան (Ալեքսանդր Թադեւոսյան, 85), Ռոմիկ Խաչատրյան, Արա Հակոբյան (Ռաֆայել Նազարյան. 46), Դավիթ Գրիգորյան (Արտավազդ Քարամյան, 59), Համլետ Մխիթարյան, Արմեն Շահգելդյան, Արամ Ոսկանյան:
Գոլերըՙ Կաստելեն (3), Նիստելռոյ (34):
Զգուշացվեցին Գրիգորյանը, Հովսեփյանը, Մելիքյանը, Ռաֆայել վան դեր Վարտը:
Հայաստանի ազգային հավաքականը հերթական պարտությունը կրեց աշխարհի առաջնության ընտրական փուլում: Ի տարբերություն նախորդ հանդիպումների, կարելի է փաստել, որ այս պարտությունը կանխատեսելի էր: Ավելին, շատերը վախենում էին, որ մեր ընտրանին ջախջախիչ պարտություն կկրի ուժեղ հավաքականի համարում ունեցող հոլանդացիներից: Անկեղծ ասած, հոլանդացիների խաղը սպասված ուժեղ տպավորությունը չթողեց: Գուցե հոլանդացիներն իրենց առջեւ նպատակ էին դրել հերթական 3 միավորը վաստակել առանց մեծ ճիգեր գործելու: Գուցե իր դերը խաղաց շատ շուտ գրանցված գոլը, ինչը մեր ֆուտբոլիստների անփույթ գործողությունների արդյունք էր: Ամեն դեպքում Հոլանդիա-Հայաստան մրցախաղն այնքան էլ դիտարժան չէր: Հոլանդացիները գործում էին առանց ոգեւորության, ցածր տեմպով, ինչը հնարավորություն էր ընձեռում մեր ֆուտբոլիստներին դիմագրավելու մրցակցի գրոհներին: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա այս անգամ էլ մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց որեւէ լուրջ սպառնալիք ստեղծել մրցակցի դարպասին: Բավական է նշել, որ ողջ խաղի ընթացքում հոլանդացի դարպասապահ վան դեր Սարն ընդամենը երկու անգամ խաղի մեջ մտավ: Մեկ անգամ նա հետ մղեց Շահգելդյանի իրոք վտանգավոր հարվածը, մյուս դեպքում նույն Շահգելդյանի թույլ հարվածից հետո որսաց գնդակը:
Ժամանակ առ ժամանակ մեր ֆուտբոլիստները փորձում էին գրոհներ կազմակերպել, սակայն ապարդյուն: Պատճառը փոխանցումներում տեղ գտած խոտանն էր: Որպես կանոն, մեկ-երկու փոխանցումից հետո գնդակին տիրում էին հոլանդացիները եւ մեր գրոհները մնում էին անավարտ: Ճիշտ է, մեր ֆուտբոլիստների մոտ կար պայքարելու տենչ ու վճռականություն, սակայն վարպետության պակասի պատճառով նրանք անօգնական տեսք ունեին: Այս խաղում մեր թիմից կարելի է առանձնացնել Ռոման Բերեզովսկուն, որը մի քանի դրվագներում պարզապես փայլուն խաղ ցուցադրեցՙ փրկելով ՀՀ հավաքականին վերահաս գոլերից: Այլապես դաշտի տերերը խոշոր հաշվով կհաղթեին:
Մրցաշարային աղյուսակ
Առաջին խումբ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Հոլանդիա | 6 | 5 | 1 | 0 | 14-3 | 16 |
2. Չեխիա | 6 | 5 | 0 | 1 | 14-5 | 15 |
3. Ռումինիա | 7 | 4 | 1 | 2 | 12-8 | 13 |
4. Ֆինլանդիա | 6 | 3 | 0 | 3 | 13-10 | 9 |
5. Մակեդոնիա | 7 | 1 | 2 | 4 | 7-9 | 5 |
6. Հայաստան | 7 | 1 | 1 | 5 | 4-15 | 4 |
7. Անդորրա | 7 | 1 | 1 | 5 | 3-17 | 4 |