Երեկ Ռուսաստանյան Դաշնության առաջին ալիքով հետաքրքրական տեղեկություն հաղորդվեց, որը կարող է ուսանելի լինել սոցքարտերի ներդրման մոլուցքով տարված մեր պաշտոնատարների համար: Ռուսաստանի կենտրոնական բանկի` հասարակությանը անմատչելի փակ ինֆորմացիան ակտիվների, հաճախորդների եւ բանկային գաղտնիք համարվող այլ իրողությունների վերաբերյալ, դիսկետի վրա հայտնվել է սեւ շուկայում եւ վաճառվել 800 դոլարով:
Այս առթիվ համակարգչային մասնագետներից մեկի հետ հարցազրույց էր կազմակերպվել նույն հաղորդման ընթացքում: Վերջինս ժխտեց, որ այդ ինֆորմացիան հակերների միջոցով կարող էր դուրս սպրդել ինտերնետից: «Այդ տեղեկությունները բավական հուսալի պաշտպանված են, այնպես որ արտահոսքը կարող էր միայն ներքին դրդապատճառներ ունենալ»:
Ռուսաստանի ազգային անվտանգության աշխատակիցներից մեկը, նույն կարգի մեկ այլ սենսացիոն հայտարարություն արեց: Պաշտոնյայի մասին մանրակրկիտ տեղեկություններ պարունակող դիսկետը նրա որդին 50 դոլարով գնել է նույն շուկայից:
Եթե Ռուսաստանի նման երկրում փակ տեղեկությունը առ ու ծախի առարկա է դառնում, ապա դժվար չէ ենթադրել, թե ինչ կլինի մեզ մոտ սոցքարտերի լիակատար ներդրումից հետո: Ինչ երաշխիքներ, որ յուրաքանչյուր մարդու սոցքարտի ինֆորմացիան նույն ճանապարհով ապրանք չի դառնա եւ չի վաճառվի ու ծառայի հանցագործ նպատակների:
Առավել եւս մեզ մոտ, ուր մարդկային ամենատարրական հարաբերություններն անգամ ենթարկվում են փողի իշխանությանը:
Տեղեկությունների գաղտնազերծումը չի սպառնում խեղճ ու կրակ թոշակառուներին, որոնց այսօր զրկել են թոշակից ու նպաստից, ինչ է` հրաժարվել են քարտավորումից: Պարզապես նույն իշխանությունների հետ սերտաճած օլիգարխների ու կլանային համակարգի միջեւ «ռազբորկաները» սոցիալական քարտերի շնորհիվ որակական նոր արտահայտություններ կստանան:
Կ. Դ.