Եվ դա կատակ չէ
Կենսաթոշակները Հայաստանում ապրիլի 1-ից կավելանան 1000 դրամով, կառավարության երեկ ընդունած որոշման մասին լրագրողներին հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Խոսքը բազային կենսաթոշակի չափի ավելացման մասին է, որը 3000 դրամից կդառնա 4000 դրամ: Նշելով, որ միջին կենսաթոշակը Հայաստանում մոտ 10 հազար դրամ է, նախարարը հայտնեց, որ դա միջին աշխատավարձի մոտ 25 տոկոսն է կազմում: Մինչդեռ միջազգային չափանիշներով միջին կենսաթոշակը պետք է կազմի միջին աշխատավարձի 60-70 տոկոսը: Հետեւաբար, ըստ Աղվան Վարդանյանի, հասունացել է Հայաստանում այդ ցուցանիշներին հասնելու խնդիրը:
Պատասխանելով «Ազգի» հարցին, Աղվան Վարդանյանն անդրադարձավ սոցքարտերի առկայությամբ պետական կառույցներում տեղեկանք պահանջելու գործելակերպին, ինչի բացառման մասին նախկինում հավաստիացնում էր նախարարը: Այս անգամ նա նշեց, որ համակարգը դեռեւս ամբողջապես չի ներդրվել, եւ երբ դա տեղի կունենա, տեղեկանքներ պահանջելու կարիքը կվերանա: Աղվան Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ դա տեղի կունենա մոտ երկու ամիս հետո, երբ կլուծվեն տարբեր պատճառներով սոցքարտ չստացած մարդկանց խնդիրները:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նաեւ գոհունակություն հայտնեց սոցվճարների հավաքումը հարկային պետական ծառայությանը հանձնելուց, նշելով, որ դրա շնորհիվ այս տարվա առաջին երեք ամիսներին հավաքվել է 12,8 մլրդ դրամ, ինչը 3,5 մլրդ դրամով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում հավաքածից: Մինչեւ տարեվերջ նախատեսվում է ամսական հավաքվող գումարը հասցնել 5,7 մլրդ դրամի:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց կառավարության հաստատած մեկ այլ որոշումՙ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի զարգացման ծրագրերը հաստատելու եւ դրանք իրականացնելու մասին: Նա տեղեկացրեց, որ այդ ծրագրերը մշակվել են Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության օժանդակությամբ, որն այդ նպատակով յուրաքանչյուր մարզի տրամադրելու է մեկական մլն ֆունտ ստեռլինգ: Առաջիկա մեկ-երկու ամիսներին նախատեսվում է ստորագրել հուշագիր, որտեղ կամրագրվեն այն մեխանիզմները, որոնցով գումարները կուղղվեն այդ ծրագրերի ֆինանսավորմանը: Համաձայն փոխնախարարի, այս մարզերի զարգացման ծրագրերն ամբողջությամբ իրագործելու համար կլինի յուրաքանչյուր մարզին անհրաժեշտ 40 մլրդ դրամ: Բացի բրիտանական օժանդակությունից, 2005 թ. բյուջեով այս մարզերի համար նախատեսված է հատկացնել 7,5 մլրդ դրամ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ