«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2005-04-02 | #59, 2005-04-05 | #60, 2005-04-06


ՄԵՆՔ ԲԱԶՄԱԹԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԱՀԵԼ ԵՆՔ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ

Եթե Ղարաբաղի հարցով պետական հայեցակարգ չկա, նշանակություն չունիՙ փուլ առ փուլ, թե փաթեթով ենք տարածքներ տալու

Շարունակելով խորհրդարանական լսումների տրամաբանությունը, դոկտոր, պրոֆեսոր, Ղարաբաղի հարցով փորձագետ Ալեքսանդր Մանասյանը հիմնախնդրի լուծման ընթացքում մեր գլխավոր վրիպումը համարում է այն, որ սկզբից ի վեր ճիշտ չենք օգտագործում Ղարաբաղի մասին իրավական փաստաթղթերը:

Սխալ քաղաքականության հետեւանքով մեզ համար շահեկան բոլոր պատմական նյութերը տարիների ընթացքում դուրս են մղվել, ասպարեզը թողնելով ոչ այնքան նպաստավոր իրողությունների ու փաստերի վկայաբերմանը:

Ըստ գիտնականի, մասնավորապես ճիշտ չի օգտագործվում ազգերի ինքնորոշման միջազգային դրույթը: Ի բնե դրա արդյունավետությունը կասկածելի է, որովհետեւ բազմաթիվ երկրներ նույնօրինակ խնդիրներ ունեն եւ չեն կարող օբյեկտիվ գնահատել հարցը: Այդ դրույթից շատ ավելի նախընտրելի ու հզոր փաստարկ կա, որ բոլորովին շրջանցվում է: Ադրբեջանը անկախություն հռչակեց 1991 թվականի օգոստոս-սեպտեմբերին, եւ Ղարաբաղը անկախություն ձեռք բերեց ամենեւին էլ ոչ մերօրյա Ադրբեջանին պատկանող տարածքներում:

ՀՀ նախագահը եւս ստրասբուրգյան իր ելույթում արտահայտեց այն միտքը, որ ԼՂ անկախացումը չի շոշափում Ադրբեջանի տարածքային շահերը: Բայց դա չօգնեց, որ ազգերի ինքնորոշման դրույթը չշարունակի մնալ մեր դիվանագիտության առաջնային դիրքերում: Նույնիսկ պաշտպանության նախարարի ելույթը, Ալեքսանդր Մանասյանի գնահատմամբ, խոցելի էր հենց ազգերի ինքնորոշման իրավունքի շեշտադրմամբ:

Չի ընդգծվում նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանը պարզապես կորցրել է ԼՂ-ին տիրապետելու բարոյական իրավունքն ու հիմքերը, քանի որ տասնամյակներ տնտեսական, քաղաքական ու սոցիալական բոլոր առումներով ցեղասպանություն է իրականացրել Ադրբեջանի, այդ թվում եւ Արցախի հայ բնակչության հանդեպ:

Հայաստանում Ղարաբաղի վերաբերյալ քաղաքականության պետական հայեցակարգ չկա, եւ դրանից են բխում մեր բոլոր սայթաքումները:

Սփյուռքն իր հերթին կենտրոնանում է միայն 1915 թվականի վրա: «Այսօր էլ բարոյական առումով շարունակվում է ադրբեջանահայության ցեղասպանությունը, որովհետեւ նրա հարցն ընդհանրապես չի քննարկվում Մինսկի խմբում: ...Դիվանագիտական սխալ քաղաքականության պատճառով, մենք փաստորեն նախապատրաստում ենք Ադրբեջանի պատերազմը մեր դեմ»:

Պրոֆեսորը, դիմելով պատմական իրողությունների, այլ օրինակներ եւս բերեց, «որոնք աններելի անշրջահայացությամբ պահում ենք պահեստներում»:

Գիտնականի համոզմամբ, Ղարաբաղի հարցում Ադրբեջանը շատ ավելի գրագետ քաղաքականություն է վարում, քան Հայաստանը: Մեր իշխանություններին Ալեքսանդր Մանասյանը չի մեղադրում, այս դեպքում եւս հիշեցնելով անմեղության կանխավարկածի մասինՙ մենք տարիներ չենք ունեցել դիվանագիտական ծառայություն:

ԼՂ հարցով լրագրողները մասնագիտացման կարիք ունեն

Ղարաբաղի հարցը ե՛ւ խորհրդային, ե՛ւ հետխորհրդային ժամանակներում հայտնվել է իրավական-քաղաքական տարբեր հարթություններում: Պատմական հսկայական փորձ կա եւ ուսանելու շատ բան հատկապես լրագրողների համար: Փորձագետը համոզված է, որ առանց նյութին տիրապետելու լրագրողը կարող է բացասաբար ազդել հիմնախնդրի լուծման ընթացքի վրա: Այս իմաստով ադրբեջանցի լրագրողներն ավելի շահեկան վիճակում են, քանի որ Ղարաբաղի մասին պետական հայեցակարգը լրջորեն նկատի է առնում նաեւ լրագրողների հետ աշխատանքը:

Պրոֆեսորի նախաձեռնությամբ ԵՊՀ-ում ստեղծվել է հատուկ կենտրոն, ուր հայ լրագրողների համար դասընթացներ կանցկացվեն հատուկ ղարաբաղյան թեմաներով: Դասընթացներին մասնակցել ցանկացողների համար Ալեքսանդր Մանասյանը նույնիսկ հեռախոսահամար հայտնեց` 555-779:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4