«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2005-04-02 | #59, 2005-04-05 | #60, 2005-04-06


ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ԳԻՏԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՄՆԻ ԾՈՎԻՑ ԾՈՎ ԵՐԿԻՐ Է

Բելգիայի թագավորությունը Հայոց ցեղասպանությունն ընդունած երկրներից է եւ Եվրոմիության անդամ երկրներից ապրանքաշրջանառության ծավալներով Հայաստանի Հանրապետության տնտեսական առաջին գործընկերըՙ հայկական ադամանդագործության հանդեպ հետաքրքրության շնորհիվ: Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման Կրոոյի ղեկավարած պատվիրակության այցը Հայաստան միայն այդ հետաքրքրությամբ չէ պայմանավորված: Հերման Կրոոյի առաջին պաշտոնական այցը մեր երկիր ներառել է բազմաթիվ հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ: Երկօրյա այցի ավարտին երկու երկրների խորհրդարանների նախագահները երեկ հրավիրած ասուլիսում հույս հայտնեցին, որ այսուհետեւ հարաբերություններն ավելի սերտ ու բազմակողմանի կլինեն: Արդեն իսկ բելգիական կողմը քսան միլիոն դոլար է հատկացրել «Արաբկիր» բժշկական կենտրոնին եւ ռեալ համագործակցության եզրեր է տեսնում ինչպես առողջապահության, այնպես էլ կրթության ու մշակույթի ոլորտներում: Արթուր Բաղդասարյանի հավաստմամբ համագործակցություն է ակնկալվում միջազգային կառույցներում, զարգացումՙ խորհրդարանական դիվանագիտությունում եւ միջխորհրդարանական հարաբերություններում: Ինչպես տեղեկացրին բանախոսները, քննարկվել են երկու կողմերին հետաքրքրող բոլոր հարցերըՙ Լեռնային Ղարաբաղի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, վերջինիս ԵՄ անդամակցության եւ այլն:

«Իմ երկրում լավ գիտեն, որ պատմության ալեկոծություններում ծանր ընթացք ունեցած Հայաստանը մի ժամանակ ծովից ծով տարածվող երկիր է եղել եւ առաջին քրիստոնեական պետությունն է: Գիտենք նաեւ, որ ունեք բարդ հարեւանություն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, սակայն որեւէ երկիր հարեւաններին չի ընտրում: Իսկ հայկական տան դուռը բացվում է հարեւանի այգու մեջ, որը փողոց տանող միակ ճանապարհն է: Կարեւոր է համակեցությունը», փաստեց Հերման Կրոոնՙ ասելիքը հիմնավորելով Եվրոպայի պատմությունից համարժեք թվացող փաստերով: Նա ընդգծեց, որ անթաքույց է յուրաքանչյուր հայի հպարտությունն իր ծագմամբ, սակայն ամեն մեկս ապրում է հասարակության մեջ, եւ Հայաստանն այսօր, Հերմանի գնահատմամբ, դիպլոմավորված, բայց պրակտիկ մասնագիտացման պակաս ունեցող ուսանող է հիշեցնում: Այս փուլում մեր երկիրը խնդիր ունի եվրոինտեգրման համար անհրաժեշտ պարտավորությունների լիարժեք կատարումն ու դրանց կյանքի կոչումն իրականացնելու: Այդ ուղղությամբ ՀՀ ԱԺ ջանքերը Կրոոյի կարծիքով գնահատելի են. «Մենք այստեղ ենք հավաստելու, որ Հայաստանը կարող է Բելգիայի աջակցությունն, օժանդակությունը, հարկ եղած դեպքում եւ խորհուրդը ստանալ»:

Թուրքիա կատարած այցին հաջորդած եւ Ադրբեջան կատարելիք այցին նախորդած հայաստանյան այցի 48 ժամերի արդյունավետությունից զատ Հերման Կրոոն տպավորված էր ընդունելության ջերմությամբ, Գառնու եւ Գեղարդի գեղեցկությամբ:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4