«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2005-04-02 | #59, 2005-04-05 | #60, 2005-04-06


ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌԵԼՈՎ ՄԻՏՔՆ ՈՒ ԶԳԱՑՄՈՒՆՔԸ

Դաշնակահար Զավեն Պարսամյան

Հայ երաժիշտների արտասահմանյան գործունեությունը, ըստ էության, հայրենական կրթության փորձին առնչվող թեմա է: Այն փաստը, որ մեր երաժիշտներից շատերը, մասնագիտական կատարելագործումը շարունակելով, մրցունակ են եղել արդի երաժշտական աշխարհի դաժան պայմաններում, վկայում է ազգային կոմպոզիտորական եւ կատարողական դպրոցի հիմքի եւ հարուստ ավանդույթների մասին:

Դաշնակահար Զավեն Պարսամյանը պատկանում է այդ դպրոցի արժանավոր ներկայացուցիչների թվին: 1978 թ. ավարտելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (Իվան Մելիքսեթյանի դասարան), Պարսամյանը կազմավորվեց ըստ այն ավանդույթի, որի հիմքում երաժշտության փիլիսոփայական ընկալումն է: Պարսամյանի համար յուրօրինակ հավատամք դարձավ երաժշտությունը, որպես հնչյուններով մտածելու արվեստ, որն օգտագործում է ռացիոնալիզմն ու դիալեկտիկական տրամաբանությունը: Կատարողական արվեստում, ինչպես եւ մանկավարժության մեջ (1991-1995 թթ. դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում, ապա Արագոնի բարձրագույն վարպետության դպրոցում, եղել է Սարագոսայի (Իսպանիա) երաժշտության ակադեմիայի դաշնամուրի բաժանմունքի դեկանը, իսկ 2000 թ. տեղափոխվել է ԱՄՆ), Պարսամյանն իրեն դրսեւորում է որպես մտքի ու զգացմունքի հավասարակշռության ձգտող արվեստագետ:

Օրինակ կարող է ծառայել 2003 թ. ԱՄՆ-ում թողարկված Զ. Պարսամյանի հեղինակային խտասկավառակը: Ձայնագրությունն իրականացվել է Նյու Յորքի պետհամալսարանի կատարողական արվեստների կենտրոնում: Ձայնագրման հնչյունային ռեժիսոր Լեշեկ Մարիա Վոյցիկըՙ Քարնեգի հոլի գլխավոր մասնագետը, համագործակցում է բազմաթիվ հանրահայտ դաշնակահարների հետ: Սկավառակը պարունակում է ստեղծագործությունների հետաքրքրական մեկնաբանություններ, որոնց հեղինակը Խ. Մելիքսեթյանն է:

Ամբողջ խտասկավառակը (մոտ 80 րոպե) տպավորություն է գործում նվագացանկի բազմազանությամբ. Բախ, Մոցարտ, Շոպեն, Լիստ, Ռավել, Սկրյաբին: Հերթականությունն ինքնին դաշնամուրային երաժշտության պատմական հաջորդայնության գիծ է կազմում, որը կատարողին օգնում է տարբեր հեղինակների մոտ գտնելու գաղափարների ընդհանրություն եւ արտացոլանք: Ամբողջ սկավառակը կատարողական ոճի միասնությամբ տոգորող գլխավոր գաղափարներից մեկը պոլիֆոնիան է, որի իդեալը Յ. Ս. Բախի երաժշտությունն է: Պատահական չէ, որ Բախի մեկնաբանումը Երեւանի կոնսերվատորիայում պրոֆեսորներ Վ. Սարգսյանի, Ռ. Շուգարովի, Ի. Մելիքսեթյանի ներկայացրած դաշնամուրային դպրոցի անկյունաքարն է, դպրոց, որի օրգանական ժառանգորդն է Պարսամյանը:

Կատարողական արվեստում պոլիֆոնիկ մտածողությունը ենթադրում է ոչ միայն ձայների եւ ձայնակիցների շերտավորված ընկալում, այլեւ դաշնամուրային հենքի գիտակցում դրա տեմբրային բազմազանությամբ: Հենց այդպիսի որակով է առանձնանում Յ. Ս. Բախի դաշնամուրային մենանվագ Իտալական կոնցերտի կատարումը: Եթե եզրային շարժական մասերը բնութագրում է հանդիպական եւ հակադրվող ձայների էներգիան, ապա երկրորդ մասի (Andante) կատարումը տպավորվում է ձախ ձեռքի «թավշյա» բասերով, որոնց ֆոնի վրա հոսում է քերականական եւ հռետորական տարրերով արտահայտիչ մեղեդին:

Հաջորդ գործըՙ Բախի Andante-ի հնչյունային միջավայրից ծնունդ առած Վ. Ա. Մոցարտի դո մինոր Ֆանտազիան մոտեցված է նրա գործիքային կոնցերտների դանդաղ մասերին: Առանձնակի ուշադրություն դարձնելով նոտայական տեքստի մանրամասներին եւ ընդսմին չխախտելով խոհականության մթնոլորտը, Պարսամյանն ունկնդրին աստիճանաբար ներքաշում է Մոցարտի քնարերգության աշխարհ, որտեղ հաճախ փոխադարձելի են պատրանքն ու իրականությունը:

Ֆ. Շոպենի ուշ շրջանի ֆա մինոր Ֆանտազիան (գործ 49, 1841 թ.), ինչպես Մոցարտինը, ձեւով պոեմային է: Դրան եւս բնորոշ են կերպարների ինքնակամությունը եւ իմպրովիզացիոն ոճը: Դրա հետ մեկտեղ երաժշտության դրամատիկորեն պայթուցիկ բնույթը հայ դաշնակահարին թույլ է տալիս հաղորդել Շոպենի տրամադրության խռովքը եւ նրա հարուստ գունային երեւակայությունը: Պարսամյանը երաժշտության մեջ ներառում է ընդգծված տեմբրային պոլիֆոնիա, բացահայտելով գլխավոր եւ օժանդակ գծերը. այսպես, վերին ձայնի «թռչող» ելեւէջներն ասես քողարկում են միջին ձայների սուր ռիթմիկան եւ համաչափ բասերը:

Շոպենի թախծալի մի բեմոլ մինոր Նոկտյուրնից (թիվ 2, գործ 9) հետո Ֆ. Լիստի վիրտուոզ «Մեֆիստո-վալսը» հնչում է իր գույների փայլով ու հրաշագեղությամբ: Պարսամյանի հետաքրքրական մեկնաբանությունը հաղորդում է ոչ այնքան դիվականություն, որքան հոգեբանություն եւ քնարական բեկում, մարդու ներաշխարհի բարդ ուրվապատկեր: Լիստի ստեղծագործության արդիական այս մեկնաբանումն արդարացնում է Մեֆիստոֆել-Ֆաուստ-Մարգարիտա կերպարային շարքի միասնականությունը:

Դրան հաջորդող Մ. Ռավելի վշտալի «Արքայադստեր մահվան պավանան» հիշեցնում է շոպենյան Նոկտյուրնի արձագանքվող ֆակտուրան, բայց դրա իմպրեսիոնիստական հարմոնիան տրամաբանորեն տանում է դեպի Ա. Սկրյաբինի ֆա դիեզ մաժոր թիվ 5 Սոնատը:

Դաշնամուրի բոլոր ռեգիստրները լայնորեն օգտագործող Սոնատի նյութը համապատասխանում է Զավեն Պարսամյանի երաժշտական տաղանդի բնույթին: Ձայնային կերպարը նրա համար դառնում է սքողված ինտուիտիվ այն ազդակների նյութականացումը, որոնք երաժշտությունը մյուս արվեստներից ավելի մեծ չափով ի վիճակի է ընկալել եւ հաղորդել: Ինչպես ասում էին Սկրյաբինի ժամանակակից Ա. Բերգսոնի խմբակի փիլիսոփաները, «երաժշտությունը ոգու ճառագումն է»: Եվ դրան հետեւելովՙ Զավեն Պարսամյանը հրաշալիորեն փոխանցում է ռուս մեծ կոմպոզիտորի երաժշտության շնչի յուրօրինակությունըՙ վաղանցիկից մինչեւ տեւական բաբախյունները:

Սկրյաբինի 5-րդ սոնատի կատարումը հայ դաշնակահարի անվիճելի նվաճումն է, որի արվեստը վստահորեն մոտենում է նոր բարձունքի:

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4