Հետխորհրդային երկրներում շրջող հեղափոխության ուրվականը մեր արտաքին քաղաքականության վերանայման խնդիր է դրել իշխանությունների առաջ, եթե, իհարկե, չենք ուզում հայտնվել աշխարհաքաղաքական նոր իրադարձությունների փլատակների տակ: «Ազգը» զրուցում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ստեփան Սաֆարյանի հետ:
- Աշխարհաքաղաքական նոր զարգացումների համատեքստում Եվրոինտեգրումն այսօր համարվում է Հայաստանի համար զարգացման միակ բարենպաստ ուղին: Սակայն այսօր դա ամենեւին էլ պետական գերակա քաղաքականություն չէ մեզ համար: Իսկ Պուտինի այցը ցույց տվեց, որ, կոպիտ ասած, մենք կարող ենք այլեւս հույս չդնել մեր դաշնակցի վրա:
- Ես կարծում եմ, որ մեր պետությունը իր նախկին արտաքին քաղաքական դոկտրինայի հետ կապված չի ցանկանում կտրուկ շարժումներ անելՙ մտածելով, որ դա կարող է վտանգել իշխանության կամ գուցե նույնիսկ երկրի գոյությանը: Փակուղային վիճակ է ստեղծվում: Ստացվում է, մենք մինչ հիմա մի փոքր ավելի շեշտադրումներ ենք արել այն ուղղություններով, որոնցով պետք չէր խորանալ: Ստացվում է, որ իմաստ չուներ շատ երկար ժամկետով, օրինակ, ռազմական համագործակցության խնդիրներ լուծել Ռուսաստանի հետ, այլապես մի խիստ անտրամաբանական հարց է ծագում` եթե վաղը Թուրքիան դառնա Եվրոմիության անդամ, ապա ռուսական զորքերը մեզ ումի՞ց են պաշտպանելու, Եվրոմիությունի՞ց: Հարցեր կան, որոնք ուղղակի կորցնում են իրենց իմաստը:
Հարց է ծագում` Ռուսաստանի հետ քաղաքակիրթ ապահարզանին զուգահեռ արդյոք մենք լուծե՞լ ենք մեր անվտանգության տարբեր բաղադրիչների խնդիրները, այդ թվում եւ ռազմական: Եթե այսօր ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը եւս քաղաքակիրթ ապահարզանի համատեքստում է, եթե վաղը, մյուս օրը չի լինելու կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ո՞րն է լինելու մեր անվտանգության համակարգը:
Այնուամենայնիվ, Հայաստանում այսօր եվրոպական ուղղությանը հարելու հասարակական լուրջ պահանջ կա: Անցած տարվա դեկտեմբերին մեր կենտրոնը սոցիոլոգիական մի հարցում արեց այդ առթիվ: Հարցվածների մոտ 64 տոկոսը, հեռանկարում ընդունելի համարելով Հայաստանի անդամակցությունը Եվրոմիությանը, կողմ արտահայտվեց եվրոինտեգրմանը:
- Փաստորեն, մեր կոմպլեմենտար քաղաքականությունը, մեղմ ասած, չարդարացվեց:
- Կոմպլեմենտար քաղաքականություն իրականում գոյություն ունի, բայց դա խիստ որոշակի ստադիա անցած պետության համար է: Ընդհանուր առմամբ, 3 մակարդակ է անհրաժեշտ, որպեսզի մենք անցում կատարենք դեպի կոմպլեմենտար քաղաքականություն:
Առաջինը կոչվում է տարածքային կարգաբանություն, այսինքն, երբ մենք կայանում ենք մեր սեփական տարածքում, եւ պետությունը արդյունավետ կազմակերպում է սեփական սոցիալ-քաղաքական կյանքը: Երկրորդը մրցունակության մակարդակն է, այսինքնՙ մենք ի զորու ենք մրցակցել այլ երկրների հետ, երրորդը ցանցայինն է, երբ մենք ցանցավորվում, կապվում ենք տարբեր պետությունների հետ: Այսինքն, կոմպլեմենտարիզմն ընդամենը ցանցային տրամաբանության մի տարատեսակ է: Դա դասական ճշմարտություն է, որ պիտի իմանայինք: Մենք առաջին երկու փուլերը չհաղթահարած հռչակեցինք երրորդը:
- Այս իրադարձությունների խորքի վրա հավանական համարո՞ւմ եք, որ Հայաստանը դառնա հերթական գունավոր հեղափոխության առանցքը:
- Միանշանակ` այո: Մի քանի հանգամանքներ կան, որ թույլատրում են այդպես մտածել: Նախՙ արտաքին աշխարհի, մասնավորապես Արեւմուտքի դժգոհությունները, եւ դրանց ցուցանիշը Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ զեկույցներն են: Երկրորդ` ԱՄՆ-ն ըստ էության ինչ-որ ձեւով ղեկավարում է այդ գործընթացները: Դեռեւս անցյալ տարի ԱՊՀ 9 անդամ երկրների ստորագրած ԵԱՀԿ-ի դեմ ուղղված հայտարարությանը հաջորդեցին ԱՄՆ սենատորներից, կոնգրեսականներից, Պետդեպարտամենտի բարձր աստիճաններ ներկայացնող խմբի 9 նամակները այդ 9 նախագահներին: 9 նամակները ներկայացնում են իշխանափոխությունների շղթան: Այդ ցուցակի մեջ մտնում էր Կուչման, Ղրղզստանի նախագահը, եւ ըստ էության հերթը մյուս բոլոր երկրների նախագահներինն է, որոնց արդեն հասկացվել է, որ իրենք այլեւս չեն շարունակելու պաշտոնավարել:
Հաջորդ կարեւորագույն խնդիրն այն է, որ այսպիսի արագ փոփոխվող միջավայրում Հայաստանի ներքին քաղաքական կառուցվածքը ոչ մի կերպ չարտացոլեց այդ արտաքին պատկերը: Մեզ մոտ 2002-2003 թթ. տեղի ունեցած ընտրություններից որեւէ մեկը համակարգի փոփոխություն չբերեց: Այսինքն, մենք շարունակում ենք փոփոխված աշխարհում գոյատեւել նախկին կոնֆիգուրացիաներով: Եվ սա արդեն հեղափոխական իրավիճակի հավանականություն է ստեղծում:
- Այդ համատեքստում ինչպե՞ս է դիտարկվում Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը Ղարաբաղի հարցում:
- Մի ամիս առաջ ամերիկյան Կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ բարձրաձայն արտահայտվեց փոփոխությունների ցանկալիությունը հատկապես Հայաստանում: Պարզապես նշվեց, որ Հայաստանում փոփոխությունների խնդրի, Հայաստանի վրա ճնշումների գործարկմանը մեծապես խոչընդոտում է հայկական սփյուռքը:
Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ադրբեջանում: Եթե ընդունենք, որ այստեղ աշնանը խորհրդարանական ընտրությունները կանցնեն բավական ազատ, ընդդիմությունը (որի եւ Ալիեւի քաղաքական կողմնորոշումների միջեւ ես էական տարբերություն չեմ տեսնում) լուրջ կներկայացվի խորհրդարանում, եւ իշխանությունները կկարողանան լուծումներ գտնել նրա հետ, այդ դեպքում Հայաստանի խնդիրը կդիտարկեն առանձին: Բայց եթե Ադրբեջանի ընտրություններն ազատ չլինեն, ինչի հավանականությունն ավելի մեծ է, այդ դեպքում հանուն ղարաբաղյան հակամարտության խնդիրների, 2 երկրներում էլ իշխանափոխություններ կլինեն:
Այս կտրվածքով 2 երկրներում էլ հիմք նախապատրաստելու առումով սրում են այն գործոնները, որոնք իշխանություն են ձեւավորում: Հայաստանի պարագայում 91 թվականից սկսած իշխանությունը ձեւավորում եւ իշխանությունից հեռանում են բացառապես ղարաբաղյան հիմքի վրա: Հետեւաբար ակնհայտ է, որ որոշակի նախապատրաստական աշխատանքներ արդեն սկսեն տարվել:
- Հնարավո՞ր է, որ այդ սցենարը Հայաստանի առումով արդեն ընթացքի մեջ է:
- Չեմ բացառում, ճիշտն ասած, ինձ անհանգստացրեց Պուտինի այցը Հայաստան, երբ նա բարձրաձայն հայտարարեց, որ Երեւան է եկել հայկական կողմի հրավերով: Ռուսական կողմնորոշումը պահպանելու եւ էլ ավելի խորացնելու Հայաստանի ցանկությունը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ իշխանությունների համար: Այսինքն, Հայաստանում միանգամայն ռեալ են արտահերթ ընտրությունները:
- Դա նշանակո՞ւմ է, որ Արեւմուտքը կարող է միջամտել:
- Այո, առավել եւս, որ քաղաքական համակարգը բնութագրվում է լեգիտիմության շատ ցածր աստիճանով:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ