«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2005-04-02 | #59, 2005-04-05 | #60, 2005-04-06


ՄԱՍՆԱՎՈՐ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԿՐԵՆ ԻՐԵՆՑ ԳՆԱՀԱՏԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՄԱՐ

Գնահատման շեղումները Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների կառուցապատման ժամանակ հասել են 50-60 տոկոսի

Անշարժ գույքի գնահատումը եւ գնահատողների գործունեությունը կանոնակարգող օրենքի նախագիծը երեկ մասնավոր գնահատողների մասնակցությամբ քննարկվեցին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Վերջինիս նախագահ Մանուկ Վարդանյանն այս ոլորտի օրենսդրական կարգավորման անհրաժեշտության մասին խոսելով, դա հիմնավորեց այն փաստով, որ վերջին մի քանի ամիսներին գնահատման գործունեություն իրականացնող 7 ընկերությունների գործունեությունը կասեցվել է, քանի որ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների իրացման ժամանակ նրանց գնահատումները մի շարք դեպքերում կտրուկ տարբերվել են շուկայական գներից: Նա պարտադիր համարեց անշարժ գույքի գնահատման ապահովագրությունը, ինչը նշանակում է, որ եթե գույքը գնահատվելու է եւ մտնելու է շուկա, ապա գնահատողները պետք է պատասխանատվություն կրեն իրենց գնահատածի համար: Հաջորդ կարեւոր հանգամանքը, որն ընդգծեց Մանուկ Վարդանյանը, բանկերի կողմից գնահատման հարցն է: Մասնավորապես բանկերը կամ պետք է լիցենզիա ստանան որպես անշարժ գույքի գնահատողներ, կամ էլ պետք է օգտվեն գնահատող կազմակերպությունների ծառայություններից: Այսինքն, բանկն իրավունք չունի որպես գրավ վերցնելու դեպքում կամայական ձեւով գնահատել անշարժ գույքը: Այլ հարց է, որ նա այդ գույքի դիմաց կառաջարկի այնքան գումար, որքան կարող է:

Մասնավոր կազմակերպությունների բարձրացրած հարցերը տարբեր էին: Հա՞րկ է բիզնեսի եւ անշարժ գույքի գնահատումը տարանջատել, թե ոչ, գյուղատնտեսական հողերի գնահատման համար առանձին լիցենզավորում նախատեսել, թե՞ նույնՙ անշարժ գույքի գնահատման ընդհանուր լիցենզիայում դա ընդգրկել: Մասնավոր գնահատողները անդրադարձան որակավորման եւ վերաորակավորման խնդրին, կարծիք հայտնելով, որ նպատակահարմար է երեք տարին մեկ ատեստավորման անցկացումը: Տարակարծություններ կային այն հարցում, թե որակավորման քննությունը չանցնելու դեպքում կազմակերպության գործունեությունը պե՞տք է դադարեցվի, թե՞ ոչ:

Քննարկումից հետո կադաստրի կոմիտեի նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գնահատում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների կողմից պետական ծրագրերի իրագործման ժամանակ նրանց ծառայություններից օգտվելիս լուրջ վրիպումներ են հայտնաբերվել, այդ թվում Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի կառուցապատման ժամանակ: Այդ պատճառով էլ, ինչպես նշվեց վերեւում, կասեցվել է մի շարք ընկերությունների գործունեությունը: Կոմիտեի վերլուծություններից պարզվել է, որ նրանք լուրջ սխալներ են թույլ տվել թերագնահատելով եւ հատկապես գերագնահատելով առանձին շինություններ եւ հողամասեր: Դա է պատճառը, որ ներկայացվել է անշարժ գույքի գնահատման օրենք, որին պետք է հաջորդի գնահատման ստանդարտների օրենքը: Վերջինիս կարեւորությունն, ըստ Մանուկ Վարդանյանի, այն է, որ տարբեր տեսակի գնահատման մեթոդների մեջ չպետք է լուրջ տարբերություններ լինեն: Մինչդեռ ներկայումս այդ տարբերությունները երբեմն հասնում էին մինչեւ 50-60 տոկոսի, ինչի դեպքում քաղաքացիներին կամ պետբյուջեին լուրջ վնասներ էին պատճառվում: Ըստ կոմիտեի նախագահի, հիպոթեկի ինստիտուտում շուկայական արժեքով գնահատողներին լուրջ դեր է վերապահված եւ այստեղ նրանց մասնագիտական որակավորման առումով լուրջ անելիքներ կան:

Մեր այն հարցին, թե կոնկրետ այս քննարկումը մասնավոր գնահատողների հետ օրենքի փոփոխման նկատառումների տեղիք տվե՞ց, Մանուկ Վարդանյանը պատասխանեց, որ հայեցակարգային լուրջ առաջարկներ չեղան: Խմբագրական փոփոխություններ բարձրացված հարցերի կապակցությամբ կարվեն, իսկ օրենքի նախագծում արտահայտված դրույթները բոլորի կողմից հիմնականում ընդունելի էին:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահը նաեւ տեղեկացրեց, որ պետական կառույցներից առաջիններից մեկը լինելով, կադաստրի պետական կոմիտեն լիցենզավորման գործընթացում ընդգրկեց հենց իրենցՙ մասնավոր գնահատողներին: Որակավորման, վիճելի հարցերը քննարկող հանձնաժողովների անդամների մի մասը նրանց ներկայացուցիչներն են: Գնահատողների հետ հայեցակարգային տարակարծությունների բացակայությունը Մանուկ Վարդանյանը պայմանավորեց հենց այս հանգամանքներով եւ մասնավոր գնահատողների հետ համագործակցության 4-ամյա փորձով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4