«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2005-04-02 | #59, 2005-04-05 | #60, 2005-04-06


ԲԱՆԱՆԻ ԵՐԿԻՐ... ՀԱՅԱՍՏԱՆՍ

Թե որոնք են գյուղատնտեսության հիմնական արտադրատեսակները, կվկայի յուրաքանչյուրը. առաջին հերթին` միսը, կաթն ու ցորենը, քանզի մսամթերքներն ու կաթնեղենը եւ ցորենից պատրաստվող հացը, հրուշակեղենն ու մակարոնեղենը լավագույն սննդատեսակներն են: Մեծ իմաստությոն պետք չէ հասկանալու, որ յուրաքանչյուր երկրի պարենային անվտանգության պատասխանատու մարմինը առաջնահերթ լուծում է այս մթերքներով ապահովվածության խնդիրը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրությունները հաստատում են, որ մեզանում գործերը առավել քան լավ են, ասենք` անգամ ԱՄՆ-ի համեմատ: Աշխարհի ամենահզոր տնտեսությունն ունեցող այս երկրում պահվում է 9 մլն գլուխ կով, 30 ամերիկացու հաշվով 1 կաթնատու: ՀՀ-ում պատկերը 10-ը 1-ի է, որից պետք է ենթադրել, որի Հայաստանում կաթի խնդիր գոյություն չունի: Բայց փաստ է. որ մշտապես է խոսվում արտադրվող կաթնամթերքներում արտերկրի կաթնափոշու օգտագործման մասին, ներքին շուկայում էլ 1 լիտրի 250-300 դրամ գինը չի խոսում կաթի բավարար քանակների մասին: Կաթի ավելցուկը հարկ է, որ խտացված կաթի վերածվեր, որը մեծ քանակներով ներմուծվում է: Փոխարենը մեզանում նշվում է չոր կաթի արտադրության կազմակերպման մասին, այս կերպ լավագույնս սքողելով ներմուծվող կաթնափոշու քանակները:

Փորձենք ծանոթանալ ցորենի արտադրության ցուցանիշներին: ԱՄՆ-ում այն շատ կոնկրետ է, նայած տարին` 45-50 մլն տոննայի սահմաններում, ստացվում է 1 բնակչի հաշվով 150-160 կգ: ՀՀ-ում վիճակագրությունը տարվում է հացահատիկ որակմամբ, 2004-ին` 458 հազար տոննա: ՀՀ բնակչության պաշտոնական թիվը նկատի ունենալու պարագայում 1 բնակչի հաշվով ստացվում է 150 կգ: Այստեղ ինքնաբերաբար հարց է ծագում. այդ ինչպես է, որ ԱՄՆ-ը յուրաքանչյուր տարի 25-30 մլն տոննա ցորենի ավելցուկ է ունենում եւ արտահանում է, մենք նույն քանակի պայմաններում հսկայական պակասորդ ենք ունենում եւ տարեկան 200 հազար տոննա ներմուծում ենք: Համանման պատկեր է լոլիկի ու վարունգի, սոխի ու սխտորի, ՀՀ-ում լավագույնս աճող այլ բանջարաբոստանային ու այգեգործական մշակաբույսերի ներկրումների պարագայում: Փոխարենն արտահանումները տատանվում են 0,03-0,005 տոկոսների սահմաններում:

Մեծ գաղտնիք չկա: Պարզապես ՀՀ գյուղնախարարությունում ցանկալին իրականություն են ներկայացնում: Այն օրերս սքողել չկարողացավ անգամ նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը, անասնագլխաքանակի թվերի հանելուկը բացատրելով համայնքապետների խորամանկելու ունակությամբ: Իսկ ինչու է խեղաթյուրվում պատկերը այլ ոլորտներում, ասենք` հացահատիկի ու խաղողի արտադրություններում: Նախարարությունից ոչ պակաս շահագրգիռ կազմակերպությունները նշում են հավելագրված 150 հազար տոննա ցորենի, 80 հազար տոննա խաղողի մասին: Չհավատալ չենք կարող, քանզի ՀՀ անգամ խաղող է ներմուծվում, վերջին տարիներին` 1.200-1.500 տոննա չափաքանակով: Ինչպես անհանգիստ մեկն է նկատել, այսօրինակ գյուղատնտեսական քաղաքականության արդյունքում ամենուր վաճառվող բանանը մեր երեխաների աչքին շատ ավելի հայկական է, քան մեր դրախտ երկրում աճող պտուղները:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4