«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2005-04-09 | #64, 2005-04-12 | #65, 2005-04-13


«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՙ 17-ԱՄՅԱ ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանում հարցվածների շուրջ 7 տոկոսը կհեռանա հայրենիքից

Ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանի բնակչության 25 տոկոսը (թվերը կլորացրել ենք մենք- խմբ.) կմասնակցի ռազմական գործողություններին, 42 տոկոսը պատրաստ է ռազմաճակատին օժանդակող այլ աշխատանքներ կատարել, ավելի քան 25 տոկոսնՙ աջակցել նյութապես եւ ֆինանսապես: Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում 1900 մարդու շրջանում անցկացված հանրային հարցումներից պարզվել է, որ 8 տոկոսը պատերազմի վերսկսման դեպքում ոչնչով չի օգնի, շուրջ 7 տոկոսը կհեռանա հանրապետությունից: 17 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագիտական (մասնակցել են 60 փորձագետներ) եւ հանրային հարցումների արդյունքները երեկ ներկայացրեց կենտրոնի փորձագետ Ստեփան Սաֆարյանը: Ընդհանուր առմամբ տրվել է 23 հարց, որոշ դեպքում հարցվողները հնարավորություն են ունեցել նշելու 2 պատասխան, ինչի պատճառով ցուցանիշների հանրագումարը որոշ դեպքերում գերազանցում է 100 տոկոսը:

Ուշագրավ է, որ փորձագետները հայրենասիրությամբ գերազանցել են շարքային քաղաքացիներին: Այսպեսՙ պատերազմի վերսկսման դեպքում փորձագիտական հարցումը ցույց է տվել, որ 39 տոկոսը կմասնակցի ռազմական գործողություններին, 98 տոկոսը ռազմաճակատին օժանդակող այլ աշխատանքներ կկատարի, 38 տոկոսը կաջակցի նյութապես եւ ֆինանսապես: 60 «ընտրյալներից» որեւէ մեկը պատերազմը վերսկսելու դեպքում չի հեռանա Հայաստանից եւ որեւէ մեկը դրական պատասխան չի տվել «ոչնչով չեմ օգնի» հարցին: (Ներքոնշյալ բոլոր դեպքերում ներկայացնում ենք միայն հանրային հարցումների արդյունքները- խմբ.):

Հարցվածների 21 տոկոսը կարծում է, որ Ադրբեջանը կվերսկսի պատերազմը Հայաստանի եւ Արցախի դեմ, 35 տոկոսն այդպես չի կարծում, 45 տոկոսը դժվարացել է պատասխանել: «Ձեր կարծիքով, առաջիկա 5 տարիներին կհաջողվի՞ խնդիրը լուծել խաղաղ (բանակցային) ճանապարհով» հարցին 25 տոկոսը «այո» է պատասխանել, 29 տոկոսըՙ «ոչ», 46 տոկոսը դժվարացել է պատասխանել:

«Առաջին հերթին ի՞նչն է խանգարում ղարաբաղյան խնդրի լուծմանը» հարցին 37 տոկոսը պատասխանել էՙ «հայկական դիվանագիտության եւ քարոզչության թուլությունը», 26 տոկոսըՙ «խնդրի իրական բարդությունը», 24 տոկոսըՙ «Ադրբեջանի անզիջում դիրքորոշումը», 19 տոկոսըՙ «ԱՄՆ վարած քաղաքականությունը», 15 տոկոսըՙ «Ռուսաստանի վարած քաղաքականությունը»: Ուշագրավ է, որ 1900 հարցվածներից շուրջ 5 տոկոսը խնդրի լուծման խանգարող գործոն է համարել «հայկական կողմի անզիջում դիրքորոշումը»:

«Ինչպիսի՞ն է ի վերջո լինելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը» հարցին 46 տոկոսը պատասխանել էՙ «անկախ եւ ինքնիշխան հանրապետություն», 38 տոկոսըՙ «Հայաստանի մաս», 3 տոկոսըՙ «ինքնավարություն Ադրբեջանի կազմում»: Հարցվածների ուղիղ կեսն ընդունելի է համարել ԼՂՀ շրջակայքի անվտանգության գոտուՙ Քաշաթաղի (Լաչին), Քարվաճառի (Քելբաջար), Աղդամի, Ֆիզուլու, Զանգելանի, Ղուբաթլիի, Ջեբրայիլի հաշվին Ադրբեջանին զիջումներ անելը, մինչդեռ 38 տոկոսը դեմ է այդ տարածքների հաշվին Ադրբեջանին զիջումներ անելուն:

Ղարաբաղյան հիմնախնդիրը հարցվածների 36 տոկոսը որակել է «հայկական հարցի բաղկացուցիչ մաս», 33 տոկոսըՙ արցախահայության ինքնորոշման հարց, 23 տոկոսըՙ տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ 8 տոկոսը կարծում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրն առաջին հերթին «դրսի ուժերի» հրահրման արդյունք է:

ԼՂՀ-ի Ադրբեջանին չպատկանելու ամենահիմնավոր պնդումը հարցվածների 44 տոկոսը նշել է «նախկինում երբեք չլինելով Ադրբեջանի կազմումՙ ԽՍՀՄ-ի օրոք բռնակցվել է Ադրբեջանին» պատասխանը, 26 տոկոսըՙ «դարեր ի վեր այդ տարածքում հայեր են բնակվել», 15 տոկոսըՙ «ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ ինքնորոշման իրավունքով անկախացել է», 13 տոկոսըՙ «պատերազմում հայկական ուժերը հաղթանակել են»: Հարցվածների 72 տոկոսը կարծիք է հայտնել, որ կարգավորման բանակցային գործընթացին պետք է մասնակցեն Հայաստանը, ԼՂ-ն եւ Ադրբեջանը, 15 տոկոսըՙ ԼՂ-ն եւ Ադրբեջանը, 7 տոկոսըՙ Հայաստանը եւ Ադրբեջանը:

Հզոր տերություններից եւ միջազգային կազմակերպություններից ո՞վ ամենամեծ դերակատարություն ունի խնդրի կարգավորման հարցում: 60 տոկոսը պատասխանել էՙ Ռուսաստանը, 40 տոկոսըՙ ԱՄՆ-ը, 19 տոկոսըՙ ԵՄ-ն, 19 տոկոսըՙ ԵԱՀԿ-ն, 14 տոկոսըՙ ՄԱԿ-ը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4