Եթե Հայոց ցեղասպանությունը թուրքերը փորձում են հերքել ամենատարբեր ատյաններում` ուշադրություն չդարձնելով ոչ մի կենդանի վկայի ապացույցի, ապա լուսանկարները խոսում են նրանց փոխարեն: Սասնա Առաքելոց վանքը, Վանի Սբ. Բարդուղիմեոս եկեղեցին, Կարսի Խծկոնքի վանքը, Մշո Առաքելոցը ... սա փոքր մասն է մեր պատմամշակութային կոթողների, որ ավերվում են Արեւմտյան Հայաստանում, որտեղից թուրքը փորձում է ջնջել հայի հետքը: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունն արդեն երկար ժամանակ լուսանկարներում արձանագրում է թուրք բարբարոսների` հայկականը հիշեցնող հուշարձանների ավերածությունները:
Երեկ Երեւանի պետական համալսարանի բակում «Մշակութային եղեռն» խորագրով լուսանկարների ցուցահանդես էր, որտեղ ներկայացված էին լուսանկարիչ Սամվել Կարապետյանի վերջին տարիների աշխատանքները: Արեւմտյան Հայաստանի եկեղեցիների, վանքերի, խաչքարերի 100-150 տարի առաջվա լուսանկարների կողքին 2000-2003 թթ. նույն տեղանքի նկարներն էին` կիսավեր եկեղեցիներ, եկեղեցու փոխարեն` մզկիթներ, վանքի մանրաքանդակների փոխարեն` տաշած քարեր:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը եւ պետհամալսարանի պատմության ֆակուլտետի ուսխորհուրդը: Վերջիններս գտնում են, որ այս թեման այժմ քիչ է լուսաբանվում, քչերն են տեղյակ` ինչ է կատարվում մեր պատմական հայրենիքում: «Սա նախ եւ առաջ ուսանողների համար կազմակերպված միջոցառում է, ասաց ուսխորհրդի նախագահ Վահե Սարգսյանը, կարեւոր է, որ նրանք իմանան` ինչ է անում թշնամին»:
Նախատեսվում է աշխատանքները ցուցադրել այլ բուհերում եւս: Բացի այդ` կազմակերպիչները նպատակ ունեն լուսանկարները ներկայացնել միջազգային տարբեր կազմակերպությունների:
«Նիկոլ Աղբալյանի» նախագահ Իշխան Սաղաթելյանը համոզված է, որ սա Եվրոմիություն մտնելու ճանապարհին Թուրքիայի դեմքն ու անձնագիրն է, եւ որ մեր խնդիրն է ողջ աշխարհին ցույց տալ, թե ինչպիսին է թուրքը:
Թ. Մ.