Բուլղարիայի Վառնա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը: Մարզաձեւի պատմության մեջ առաջին անգամ մեկ քաղաքում է անցկացվելու ինչպես ազատ եւ հունահռոմեական ոճերի ըմբիշների, այնպես էլ կանանց մրցավեճը: Աթենքի ամառային օլիմպիական խաղերից հետո սա ըմբշամարտի առաջին խոշոր մրցաշարն է, որն անցկացվելու է նոր կանոններով: Եվրոպայի չեմպիոնի կոչման համար բավական համառ մրցակցություն է սպասվում քաշային բոլոր կարգերում: Բավական է նշել, որ Վառնայում գորգ դուրս կգան Աթենքի օլիմպիադայի 7 չեմպիոններ: Նրանցից երեքը ներկայացնում են Ռուսաստանը. Ալեքսեյ Միշինը (84 կգ) եւ Հասան Բարոեւը կմասնակցեն հունահռոմեական ոճի ըմբիշների մրցավեճին, իսկ Հաջիմուրադ Գացալովը (96 կգ) հանդես կգա ազատ ոճայինների մրցաշարում: Օլիմպիական 2 չեմպիոն կներկայացնեն Ուկրաինան (Էլբրուս Թեդեեւ, ազատ ոճ, 66 կգ, Իրինա Մեռլենի, 48 կգ, ազատ ոճ), մեկականՙ Հունգարիան (Իշտվան Մայորոշ, հ/հ, 55 կգ) եւ Ադրբեջանը (Ֆարիդ Մանսուրով, հ/հ, 66 կգ):
Հայաստանը յուրաքանչյուր ոճում կներկայացնեն 5-ական ըմբիշներ: Ազատ ոճի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը թիմում ընդգրկվել է Միհրան Ջաբուրյանին (55 կգ), Եվրոպայի ներկայիս չեմպիոն Մարտին Բերբերյանին (60 կգ), Սուրեն Մարկոսյանին (66 կգ), Դավիթ Պապոյանին (74 կգ) եւ Էդգար Ենոքյանին (82 կգ): Հունահռոմեական ոճի ըմբիշներից գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ ստուգատեսում հանդես կգան Եվրոպայի երիտասարդական առաջնությունների մրցանակակիր Ռոման Ամոյանը (55 կգ), Ալեքսան Կիրակոսյանը (60 կգ), Վահրամ Հունանյանը (66 կգ), Մովսես Կարապետյանը (74 կգ) եւ Արման Գեղամյանը (84 կգ):
Երեկ երեկոյան տրվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկը: Գորգ դուրս եկան մինչեւ 60, 74 եւ 90 կգ քաշային ըմբիշները: Նրանց թվում էին նաեւ Մարտին Բերբերյանն ու Դավիթ Պապոյանը:
Մարտինը պարտվեց ռուսաստանցի Ալան Բասաեւին, իսկ Դավիթը զիջեց հունգարացի Գաբոր Հատոշին ու Եվրոպայի չեմպիոն բելառուսցի Ուրադ Գայդարովին: