«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2005-04-09 | #64, 2005-04-12 | #65, 2005-04-13


ՍՈՖԻԱՆ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՆ

Ապրիլի 17-25-ը Բուլղարիայի մայրաքաղաքում Եվրոպայի հերթական առաջնության պարգեւները կվիճարկեն ուժեղագույն ծանրորդները: Սոֆիայի մրցահարթակ դուրս կգան նաեւ ծանրամարտի հայ վարպետները: Ծանրամարտը հանրապետությունում հենակետային մարզաձեւ է: Հայ ծանրորդներն իրենց հաջող մրցելույթներով բազմիցս մեդալների են արժանացել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական խաղերում: Մարզաձեւն իրոք Հայաստանում լավ ավանդույթներ է ունեցել: Ցավոք, վերջին տարիներին մեր ծանրորդները հազվադեպ են ուրախացնում իրենց երկրպագուներին բարձր արդյունքներով: Անցյալ տարի Աթենքում կայացած օլիմպիական խաղերում էլ մեր ծանրորդներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Լավագույն արդյունքը ցույց տվեց սպիտակցի Արմեն Ղազարյանը, որը 69 կգ քաշայինների մրցավեճում գրավեց 5-րդ տեղը: Իսկ ահա մեր գլխավոր հույսըՙ Աշոտ Դանիելյանը, կրկին չարդարացրեց սպասելիքները:

Այս անհաջողությունները ստիպեցին կադրային փոփոխություններ կատարել ինչպես մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի, այնպես էլ հավաքականի ղեկավար կազմերում: Սոֆիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մեր հավաքականը նախապատրաստվել է նոր գլխավոր մարզչիՙ Ռոբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ, որը նախկինում էլ հավաքականում էր եւ մարզչական մեծ փորձ ունի: Եվրոպական ստուգատեսին մեր ծանրորդները նախապատրաստվել են Երեւանում ու Արարատումՙ անցկացնելով ուսումնամարզական հագեցած հավաքներ: Այժմ եկել է քննություն հանձնելու ժամանակը: Ապրիլի 16-ին մեր հավաքականը կմեկնի Սոֆիա: Հավաքականում ընդգրկված են 6 ծանրորդներ: Առաջինը մրցահարթակ դուրս կգա մինչեւ 56 կգ քաշային ծանրորդ, գյումրեցի Արսեն Թամրազյանը: Մեդալների համար մրցավեճին կմասնակցեն նաեւ սպիտակցի Արմեն Ղազարյանը (69 կգ), գյումրեցիներ Տիգրան Մարտիրոսյանն ու Արսեն Մելիքյանը (երկուսն էլՙ 85 կգ), վանաձորցի ծանրքաշային Արթուր Բաբայանը եւ գերծանրքաշային Աշոտ Դանիելյանը: Հուսանք, որ մեր ծանրորդներից գոնե մեկը կարժանանա խաղարկվող մեդալներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4