«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2005-04-13 | #66, 2005-04-14 | #67, 2005-04-15


ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

«Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական վկայությունների արժանահավատությունը բխում է քաղաքական եւ ռազմական այն ուժեղ համագործակցությունից, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում միավորում էր կայսերական Գերմանիային եւ կայսերական Թուրքիային: Գերմանացի դիվանագետների եւ ռազմական ներկայացուցիչների ցանցը, որ գտնվում էր Թուրքիայում, ուներ ականատեսի չգրաքննված վկայություններ արտասահման ուղարկելու բացառիկ հնարավորություն: Վկայությունների, որոնք «գաղտնի», «խիստ գաղտնի» մակագրություններով են ուղարկվել Գերմանիա, արժանահավատությունն ու անառարկելիությունը պայմանավորված են այն բանով, որ դրանք «ներքին» օգտագործման համար էին նախատեսված եւ ոչ երբեք հրապարակման», նշել է պրոֆ. Վահագն Տատրյանը Զորյան ինստիտուտից, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի արտգործնախարարության 1915-16 թթ. դիվանագիտական փաստաթղթերի Համբուրգում (Գերմանիա) օրերս հրատարակված հատորի առթիվ:

Ամերիկացիներից բացի, որոնք մինչեւ 1917 թ. ապրիլի 6-ը չեզոք մնացին պատերազմում, գերմանացի պաշտոնյաները (նաեւ նրանք, ովքեր աշխատում էին Բաղդադի երկաթգծի կառուցման վրա կամ տարբեր միսիոներական կազմակերպություններում) Թուրքիայում որեւէ վայր անարգել ելումուտի իրավունք ունեին եւ նրանց, որպես օտարազգի ականատեսի, վկայություններն անգնահատելի են:

«Մենք ուրախ ենք տեսնելու Վոլֆգանգ եւ Սիգրիդ Գուստի ջանքերի արդյունքն ու հպարտ ենք, որ Զորյան ինստիտուտի եւ մասնավորապես պրոֆ. Վահագն Տատրյանի ակտիվ մասնակցությամբ կարողանում ենք նեցուկ կանգնել նման ուսումնասիրությունների կատարմանը, վկայությունների թարգմանությանն ու խմբագրմանը», դարձյալ նույն առթիվ ասել է Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգիսյանը:

Ինչպես արդեն նշել ենք մեր ապրիլի 13-ի համարում, 675 էջանոց «Հայոց ցեղասպանությունը 1915-16 թթ.: Փաստաթղթեր Գերմանիայի արտգործնախարարության դիվանագիտական արխիվներից» հատորը, որը պարունակում է 218 կարեւորագույն հեռագրեր, նամակներ եւ տեղեկագրեր, հրատարակվել է չափազանց պատեհ ժամանակ, երբ գերմանական հասարակությունը լուրջ հետաքրքրություն է սկսել հանդես բերել մարդու իրավունքների խախտման ասպարեզում Գերմանիայի պատասխանատվության նկատմամբ, երբ Բրանդերբուրգ շրջանում թուրքական ճնշումների ներքո այս տարվա սկզբներին ուսումնական ծրագրերից հանվեց Հայոց ցեղասպանություն առարկան, եւ վերջապես երբ հսկայական տարաձայնություններ կան երկրում Թուրքիայի ԵՄ անդամակցության առնչությամբ: Ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարանից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ըստ Զորյան ինստիտուտի տնօրեն Ջորջ Շիրինյանի, վիթխարի ջանքեր են պահանջվել թարգմանելու գերմաներենի հին սուդերլինյան եւ գոթական տարբերակներից փաստաթղթերը եւ տեղանուններն ու անձնանունները ճշգրտելու համար: «Քչերը կարող էին նույնքան հմտությամբ, համբերությամբ եւ նվիրվածությամբ կատարել այդ ծանր աշխատանքը», ասել է նաՙ դրվատելով Գուստի անուրանալի եւ մեծապես գնահատելի ուսումնասիրությունը:

Ավելացնենք, որ Վոլֆգանգ Գուստը «Թայմ մեգըզինի» համբավն ունեցող գերմանական «Շպիգել» հեղինակավոր շաբաթահանդեսի միջազգային լուրերի բաժնի նախկին խմբագիրն է եւ հեղինակը հայոց պատմությանն ու ցեղասպանությանը նվիրված երկու գրքերի:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4