Ամերիկահայ անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանը, որը մեր թերթում սրանից առաջ մի քանի հոդվածով հանդես է եկել, այս անգամ քննարկում է պահանջատիրության առավել ընդգրկուն թեման:
Թուրքիայից համահայկական քաղաքական պահանջները միշտ էլ ընդգրկել են տարածքային, նյութական փոխհատուցումներ եւ ցեղասպանության ճանաչում: Ժամանակի ընթացքում, սակայն, ճանաչման պահանջը մի տեսակ մթագնել է մյուս պահանջները: Սա հասկանալի է, եթե հաշվի առնենք առաջին երկու պահանջների ակնհայտ բարդ խոչընդոտները: Ցեղասպանության ճանաչման խնդիրը տարբեր է: Հայերը եւ շատ օտարներ արդեն իսկ հոժարակամ համախմբվել են այս արդարացի եւ համեմատաբար ոչ ագրեսիվ պահանջի շուրջը: Եվ թվում է նույնիսկ, որ թուրքական մի խոստովանություն, հավանաբար մեկ-երկու նախադասություն այնքան էլ հեռավոր մի երազանք չէ այլեւս: Ենթադրենք, ուրեմն, որ Թուրքիայի վարչապետն այսօր հայտարարում է, թե «Թուրքիան հաստատում է, որ 90 տարի առաջ, երբ թուրքերն ու հայերը միաժամանակ սպանվեցին, օսմանյան իշխանության որոշ անհատներ ոճիր գործեցին հայերի նկատմամբ: Բայց եկեք այժմ սկսենք մի նոր դարաշրջան»:
Դա ամոքելո՞ւ է մեր ընդհանուրի հավաքական հոգեվիճակը: Դա լո՞ւրջ քայլ է լինելու թուրքերի կողմից եւ արդյոք նշանակելո՞ւ է դիրքորոշումների վերանայում: Թուրքական կազմակերպություններն ու ընդհանրապես թուրքերն իրոք դադարեցնելո՞ւ են ժխտել ցեղասպանությունը: Դեռեւս կենդանի վերապրողները կամ վախճանվածների ժառանգորդները ստանալո՞ւ են որոշակի փոխհատուցում: Հայաստանի անվտանգությունն զգալիորեն ուժեղանալո՞ւ է դրանից: Թուրքիան բացելո՞ւ է Հայաստանի հետ իր սահմանը: Թուրքիան վերջ դնելո՞ւ է իր պանթուրքական նկրտումներին Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Հայերը կարողանալո՞ւ են վերաբնակվել Անատոլիայում, Արեւմտյան Հայաստանում: Հնարավոր լինելո՞ւ է դրանից թեկուզ փոքր տարածքներ վերադարձնել Հայաստանին:
Իմանալով, որ այս բոլոր հարցերի հնարավոր պատասխանը «ոչ» է, մենք պարտավոր ենք վերանայել մեր շեշտադրումը ճանաչման վերաբերյալ: Այդ հարցով են զբաղված քաղաքագետներ դոկտ. Սիմոն Փայասլյանը, Նիկոլաս Դավիթյանը եւ դոկտ. Խաչիկ Տեր-Ղուկասյանը (Հայկական ֆորում, հատոր 2, N 3, «Կոմիտաս» կազմակերպություն):
Վերանայել ճանաչման խնդիրը
Ըստ Փայասլյանի, «Հայկական պատմական տարածքների գլխավոր բաղկացուցիչ մասը վերասահմանվել է կամ ամբողջովին փոխարինվել ճանաչման» պահանջով: Արեւմտյան տերությունների «հիշատակի հայտարարությունները, որոնք անտեսում են տարածքային պահանջները, պետք է մեկընդմիշտ մերժվեն»: Նա չորս նպատակ է մատնանշումՙ տարածք, հուզական, հոգեկան ապաքինում, նյութական փոխհատուցում եւ միջազգային բարձր կարգավիճակ Հայաստանի համար: Չորսից միայն վերջինն է, ըստ Փայասլյանի, իրականում հնարավոր ձեռք բերել ցեղասպանության ճանաչման հետեւանքով: Նա անհանգստացած է, որ «ցեղասպանության ճանաչման նպատակների եւ խնդիրների վերաբերյալ հասարակական քննարկումներ չկան»: Դավիթյանը նույնպես: «Ցեղասպանության ճանաչման ձգտումն արդեն երկար ժամանակ նպատակին հասնելու ջանքերից վերածվել է սոսկ ռեֆլեքսային գործողության: Հայերը պարտավոր են վերանայել իրենց դիրքորոշումը...»: Ցեղասպանության ճանաչումը կարող է «անվտանգության երաշխիք» դառնալ, եթե Հայաստանը կարողանա «վերափոխել Հայաստանի անվտանգություն հասկացության Թուրքիայի եւ արեւմտյան աշխարհի ըմբռնումները»:
Մյուս կողմից, Տեր-Ղուկասյանը գտնում է, որ ճանաչման պահանջը պետք է ներառի «զգոնություն թուրքական հնարավոր սպառնալիքի դեմ-հանդիման»: Ճանաչումը կարող է լինել «առաջին քայլը» դեպի «հարաբերությունների նորմալացում»: Այդուհանդերձ, «ցեղասպանության ընդունումը պետք է Թուրքիային զրկի» տարածքներից, որ նա ձեռք է բերել ցեղասպանությունն իրականացնելու հետեւանքով:
Այնպես որ, մենք պետք է վերանայենք ճանաչման հետապնդման խնդիրը, որպեսզի չզղջանք հետագայում:
Տարածք եւ փոխհատուցում
Եվրոմիությունը, որին ձգտում է անդամակցել Թուրքիան, վերջինից պահանջում է ճանաչել ցեղասպանությունը: Ենթադրենքՙ Թուրքիան կատարի այդ պահանջը: Եվրոմիությունը եւ Մ. Նահանգները հավանաբար եզրակացնելու են, որ հայերն ստացան այն ամենն, ինչ ցանկանում էին, քանի որ տարածքային եւ նյութական փոխհատուցման հարցերն օրակարգում չեն: Հայերի համար վերջին րոպեին դրանք օրակարգի հարցեր դարձնելը հեշտ չի լինելու: Իսկ սոսկ ճանաչումից Հայաստանը հավանաբար քիչ բան է վաստակելու:
Արեւմուտքն էլ կարող է կեղծ մի ճանաչումով հանդես գալ ասելով. «Թուրքիան ափսոսում է հայերի անարդարացի սպանությունները 1915-ինՙ Օսմանյան կառավարության կողմից»:
Նման ճանաչումը, առանց իրավունքների վերականգնման նշումների, անցանկալի է: Մյուս կողմիցՙ Թուրքիային ճանաչման մղելու ջանքերը հզոր զենք են Մ. Նահանգների ձեռքինՙ Թուրքիային զսպելու:
Տարածքային եւ նյութական փոխհատուցումները մեր օրակարգում ընդգրկելը երկու հետեւանք կարող է ունենալ: Առաջինՙ Թուրքիան երբեք էլ չի ճանաչի ցեղասպանությունըՙ վախենալով հետեւանքներից: Երկրորդՙ եթե երբեւէ ճանաչումն իրականանա, այս անգամ Թուրքիան եւ Արեւմուտքը չեն կարողանա Հայ դատի հարցն ավարտված համարել:
Պետքարտուղարության ծուղակը
Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Էվանսը, պետքարտուղարության խորհրդատու եւ Թուրք-հայկական հաշտության հանձնախմբի (ԹՀՀՀ) նախաձեռնող Դեյվիդ Ֆիլիպսը, վերջերս շրջագայելով Մ. Նահանգներում, ցնծությամբ հայտարարել են, որ հայերը չեն կարող հողային կամ նյութական պահանջներ ներկայացնել Թուրքիային: Նրանք մեջբերել են 2003 թ. ԹՀՀՀ-ի հրատարակած մի «զեկույց», համաձայն որի ընդունելով հանդերձ ցեղասպանության փաստը, ակնարկում է, որ ՄԱԿ-ի 1948 թ. դեկլարացիան չի կարող հետադարձորեն կիրառվել եւ որ «իրավական, ֆինանսական կամ տարածքային» պահանջներն անվավեր են: Ֆիլիպսն ավելի հեռու է գնումՙ ակնարկելով, որ չորս տարի առաջ ինքն է հուշել նախագահ Քոչարյանին թուրքական հեռուստատեսությանն ասել, որ Հայաստանը չի հետապնդի տարածքային կամ նյութական փոխհատուցում ստանալու հարցերը:
Սա է ուրեմն մեզ համար լարված ծուղակը: Մ. Նահանգները եւ հնարավոր է նաեւ Թուրքիան մի օր կարող են ճանաչել ցեղասպանությունը, բայց հայերը պետք է հրաժարվեն բոլոր այլՙ հատկապես տարածքային պահանջներից:
Ինչո՞ւ է Ամերիկան այդքան մտահոգված թուրքական տարածքներով: Որովհետեւ պետքարտուղարությունը, ինչու չէ, նաեւ Եվրոպան եւ Իսրայելը, Արեւելյան Թուրքիան համարում են կենսական ճանապարհ դեպի Կասպից ծովի շրջանի նավթն ու գազը: Պահպանելով այդ տարածքը, առավել հեշտ կլինի մուտք գործել Կովկաս:
Ապագան
Ցեղասպանության ճանաչման հարցը կենսական եւ գուցե նաեւ մշտական զենք է Հայաստանի եւ սփյուռքի զինանոցում: Դրան պետք է լուրջ վերաբերվել: Հայաստանն ու սփյուռքի ավանդական քաղաքական կուսակցությունները պետք է անմիջապես տարածքային եւ նյութական փոխհատուցման խնդիրները դնեն ճանաչման պահանջին հավասար կամ մոտիկ:
Իրատեսական տեսանկյունից Հայաստանը չի կարող կանխատեսելի ապագայում տարածքներ ձեռք բերել: Այդուհանդերձ, այդ տարածքները կենսական են մեր հետագա անվտանգության տեսանկյունից: Հայաստանն, օրինակ, կարիք ունի անվտանգ ճանապարհ ունենալու դեպի Սեւ ծով, Եվրոպա եւ Ռուսաստան: Ավելորդ է ասել, որ այդ նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է էլ ավելի հզոր դառնա:
Ապագայում տարածքներ ձեռք բերելը եւ նյութական փոխհատուցում ստանալը ինչ-որ չափով կապաքինեն մեր վերքերը, ավելի, քան որեւէ թուրքական ճանաչում: Ուշադրության արժանի է, որ Ղարաբաղն ու շրջակա տարածքները հայերի ձեռքն անցնելուց հետո զգալիորեն նվազել են ադրբեջանցիների ճնշումները, բռնություններն ու կոտորածները: Հաղթանակը, ուրեմն, լավագույն վրեժն է:
Վերջապես մենք պետք է ավելի լավ պատրաստվենք հողային եւ նյութական փոխհատուցումներին: Ցեղասպանությանը նվիրված հիշատակի երեկոները, դասախոսություններն ու համագումարները պետք է շեշտը դնեն երկրի քաղաքական հետեւանքների վրա. պատմական հողերի կորուստ, պատմական եւ անձնական ունեցվածքի կորուստ եւ մի հակառակորդի գոյությունՙ իր վտանգավոր պանթուրքական փիլիսոփայությամբ: Երիտասարդ սերունդը, որն արկածների սիրահար է, առավել հետաքրքրվում է նման քաղաքական հարցերով: Իսկ եթե Թուրքիան երբեք չճանաչի ցեղասպանությունը, ապա, անշուշտ, Հայաստանի անվտանգությունն ու իրավունքների վերականգնումը շատ ավելի կարեւոր են: