«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2005-04-13 | #66, 2005-04-14 | #67, 2005-04-15


«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԻՐ «ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԳՈՒՅՔԸ»

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Քրիստոֆեր Սմիթը հայտարարել է, որ Թուրքիայի գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս Հայկական եկեղեցուն հետ պահանջելու «պետության անարդարացիորեն բռնազավթած» իր գույքը:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Քրիստոֆեր Սմիթն ասել է այս մասին, ելույթ ունենալով ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում անցկացված Թուրքիայում կրոնական ազատությունների հարցերին նվիրված լսումների ժամանակ:

«Հայկական եկեղեցին կորցրել է իր ունեցվածքի նշանակալի մասն այն օրենքների հետեւանքով, որոնք թույլ են տալիս կառավարությանն իր վրա վերցնել ունեցվածքի անմիջական կառավարումն այն դեպքում, երբ տեղական համայնքի թիվը նվազում է որոշակի սահմանից: Ստամբուլի հայկական պատրիարքարանն իր հերթին շարունակում է ջանքեր գործադրել իր իրավական կարգավիճակի ճանաչման համար: Նախորդ տարվա սեպտեմբերին Թուրքիան ընդունել է կրոնական համայնքների քանակության չափման նոր կանոններ, որոնք թույլ են տալիս իրավական կարգավիճակ ունեցող համայնքներին ձեռք բերել նոր ունեցվածք: Սակայն ունեցվածքի կորուստը մեծ վնաս է հասցրել հայկական եկեղեցուն, իսկ օրենսդրությունը հնարավորություն չի տալիս պահանջել պետության անարդարացիորեն բռնազավթած գույքը», ասել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի համանախագահը:

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը կառավարական անկախ գործակալություն է, որն իրականացնում է ԵԱՀԿ 55 անդամ-պետություններիՙ այդ կազմակերպության առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման դիտարկումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4