«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2005-04-13 | #66, 2005-04-14 | #67, 2005-04-15


«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐՈՒՄԸ» ԽՈՐԱՊԵՍ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅԻ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

Նրանց թվում են Հայաստանի քաղաքացի 6 օդաչուներ

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները շարունակում են հետեւել եւ խոր մտահոգություն հայտնել Հասարակածային Գվինեայի «Սեւ լողափ» բանտում պահվող առնվազն 70 բանտարկյալների ճակատագրի համար: «Միջազգային ներում» կազմակերպությունը երեկ տարածած հաղորդագրությամբ նշում է, որ վերջին 6 շաբաթներին բանտարկյալների պայմանները վատթարացել են: Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանտում պահվում են 11 երկրների քաղաքացիներ, որոնց նկատմամբ դատավարությունը եղել է անարդար, իսկ Հասարակածային Գվինեայի բանտարկյալները ձերբակալվել եւ բանտարկվել են առանց դատական եզրակացության կամ մեղադրանքի:

«Միջազգային ներման» Աֆրիկայի ծրագրի տնօրենը խիստ մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ «Սեւ լողափի» բանտարկյալները չափազանց տկարացել եւ հյուծվել են կտտանքների ու խրոնիկ հիվանդությունների պատճառով: Կազմակերպությունը կրկին Հասարակածային Գվինեայի իշխանություններին հորդորել է բանտարկյալներին անհապաղ տրամադրել կանոնավոր սնունդ, բուժօգնություն, ինչպես նաեւ բանտարկյալների ձեռքերն ու ոտքերն ազատել շղթաներից:

Հիշեցնենք, որ Մալաբոյի տխրահռչակ «Սեւ լողափ» բանտում են պահվում Հայաստանի քաղաքացի 6 օդաչուներ, ովքեր ձերբակալվել եւ դատապարտվել էին 14-24 տարվա բանտարկության Հասարակածային Գվինեայի նախագահի դեմ պետական հեղաշրջման փորձ իրականացնելու կեղծ մեղադրանքով:

Հայաստանի իշխանությունները եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը բանտարկված հայ օդաչուներին Հայաստան վերադարձնելու նպատակով տարբեր հանդիպումներ են ունենում Հասարակածային Գվինեայի իշխանությունների հետ: Ընդամենը մի քանի օր առաջ Աբրահամյանին հաջողվել էր 500-ական դոլար ուղարկել օդաչուներից յուրաքանչյուրին եւ ապահովել նրանց բժշկական օգնությունը:

Ավելի վաղՙ այս տարվա փետրվարին աֆրիկյան բռնատիրական այդ երկիր էր մեկնել Հայաստանի արտգործնախարարը: Մեր ունեցած տեղեկություններով, Վարդան Օսկանյանը եւս տարաբախտ հայ օդաչուներին ֆինանսական օգնություն էր ցույց տվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4