«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2005-04-13 | #66, 2005-04-14 | #67, 2005-04-15


ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎ ՈՒ ՀՆԱՑԱԾ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ Է ԿԻՐԱՌՈՒՄ

Նախընթաց օրը հանրային հեռուստատեսության առաջին ալիքով այդպես էլ հասարակությանը չհաջողվեց դիտել խորհրդարանի հայտարարությունների ժամի տեսագրությունը: Կապը խափանվել ( ՞) էր, եւ հայտարարություններ անող պատգամավորների ձայնն ընդհանրապես չէր լսվում:

Ընդդիմության կազմակերպած համաժողովը, ինչպես եւ դրան նախորդած խորհրդարանական հայտարարություններն ապացուցեցին, որ ապրիլի 12-ի տարելիցի հետ կապված ընդդիմության նախաձեռնած միջոցառումներն այնքան էլ սարսափելի ու վտանգավոր չեն, որ այսքան խուճապահար անեն իշխանության ներկայացուցիչներին: Չնայած նիստը տապալելու համար կոալիցիան բավական ջանքեր էր գործադրել, այնուամենայնիվ, քվորում մի կերպ ապահովվեց, եւ հայտարարությունները հնչեցին: Ընդ որում 18 հերթագրվածներից ընդամենը 8-ն էին ընդդիմության ներկայացուցիչներ: Այդ հայտարարություններն արտառոց ոչինչ չէին պարունակում, նույն բառաֆոնդով ու մեղադրանքներով ընդդիմադիր պատգամավորները կրկնեցին այն, ինչ հարյուր անգամ ասել էին: Իսկ խոսքը, եթե նույնիսկ բարձրագույն ճշմարտություն է, բազմիցս անգամ կրկնելուց ե՛ւ արժեքը, ե՛ւ ներգործությունն է կորցնում:

Այնպես որ, հեռուստահաղորդման կապը խափանելով, սկզբից մինչեւ վերջ ձայնային խոտանով քողարկելով հայտարարությունները, իշխանության հակաքարոզչության պատասխանատուները արջի ծառայություն մատուցեցին նրան: Իհարկե, կարելի է ասել, որ խափանման պատճառներն իսկապես տեխնիկական էին, սակայն նախորդած իրադարձությունների տրամաբանությունը եւս ապացուցում է (անմիջապես ապրիլի 12-ի օրը հանրապետության նախագահի համալսարան կատարած այցի հեռարձակումը բոլոր հեռուստաալիքներով), որ, ինչպես պնդում են ընդդիմադիրները, իշխանությունները լեգիտիմության, դրան գումարած նաեւ ապրիլի 12-ի բարդույթով են շարունակում տառապել:

Նման կարգի տեխնոլոգիաներով հոգեբանական հակազդեցության սկզբունքով, բացառապես հակառակ արդյունքի կարող է հանգել, նրան, ինչին ձգտում են, ի դեպ, ընդդիմադիրները:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4