Կառավարությունում քննարկվել են մասնավորեցման եւ բարեգործական ծրագրերը
Անցյալ տարի Հայաստանում բարեգործական եւ մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային եւ տեղական 127 կազմակերպություններ: Այդ մասին երեկ հայտնեց Հայաստանի կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը: Անդրադառնալով կառավարությունում ներկայացրած հանձնաժողովիՙ 2004 թ. կատարված աշխատանքների հաշվետվությանը, նա նշեց, որ 29 երկրների օտարերկրյա կազմակերպություններ Հայաստան են առաքել ավելի քան 18 մլրդ դրամի բեռներ: Մարդասիրական օգնության ամենախոշոր առաքիչ երկիրը մնում է ԱՄՆ-ն, որի բաժինն ընդհանուր ծավալում մոտ 71 տոկոս է: Մասնավորապես այս երկրում գործող Միացյալ հայկական հիմնադրամը Հայաստան 5 չվերթ է կազմակերպել, մեր երկիր հասցնելով 14 մլն դոլար արժողությամբ 170 տոննա բեռներ:
Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը կառավարության հաստատմանն էր ներկայացրել 2001-2003 թթ. պետգույքի մասնավորեցման ծրագրի կատարման հաշվետվությունը: Այդ ընթացքում, ըստ Կարինե Կիրակոսյանի, մասնավորեցվել է 69 ընկերություն, որից 48-ըՙ ուղիղ վաճառքով, 15-ըՙ մրցույթով: Երկու դեպքերում էլ նոր սեփականատերերը ստանձնել էին ներդրումային եւ աշխատողների համար սոցիալական երաշխիքներ ստեղծելու պարտավորություններ: Պետբյուջե մուտք է գործել 2,7 մլրդ դրամ եւ 45 մլն դոլար: Մրցույթով սեփականաշնորհված խոշոր գործարքներից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մասնավորեցումը կատարվել է 132 մլն դոլարով, որից էլ պետբյուջե մուտք է գործել 45 մլն դոլարը: Մնացած գումարը կվճարվի ըստ ժամանակացույցի, իսկ առաջիկա տարիներին ակնկալվող ներդրումներն այստեղ կկազմեն 150-200 մլն դոլար:
Երկաթուղու մասնավորեցման հնարավորության մասին հարցին պատասխանելով, վարչության պետը հայտնեց, որ դա քննարկվում է անցյալ տարվանից եւ ստեղծված է համապատասխան հանձնաժողով: Մինչեւ տարեվերջ հնարավոր է, որ հանձնաժողովը որոշում կայացնի, թե ինչ պայմաններով եւ ինչպես պետք է մասնավորեցվի երկաթուղին: Տեղեկացվեց նաեւ, որ ներկայումս երկաթուղին աշխատում է շահույթով: Կարինե Կիրակոսյանը հայտնեց, որ նախապատրաստվում է 2006-2007 թթ. մասնավորեցման ծրագիրը, ճշտվում սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկը:
Ա. Մ.