«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2005-04-13 | #66, 2005-04-14 | #67, 2005-04-15


ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ

Ութ տարի առաջ կանադահայ բեմադրիչ Ատոմ Էգոյանի «Jhe Sweet Hereafter» ֆիլմն արժանացավ Կաննի 2-րդ «Գրան պրիին», հիշեցնում է Փարիզի «Յառաջ» օրաթերթըՙ տեղեկացնելով բեմադրիչի նոր ֆիլմիՙ Կաննի այս տարվա փառատոնի մասնակցության մասին: «Յառաջը» նաեւ գրում է, որ կինոաշխարհի ամենից հռչակավոր այս փառատոնին մշտապես ցուցադրվում են Էգոյանի ֆիլմերը, իսկ ինքըՙ բեմադրիչը, կամ հանձնախմբի անդամ է ընտրվում, կամ ներկա է լինում իբրեւ պատվո հյուր:

Էգոյանի «Where the truth lies» դեռեւս անավարտ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քեւին Բեյքընը եւ Քոլին Ֆիրթը: Կինոնկարի հետաքրքրահարույց պատահարներով սյուժեն ներկայացնում է ժողովրդայնություն վայելող մի ֆիլմի 2 խոսնակների ելույթներին հետեւած անակնկալներըՙ հյուրանոցի իրենց սենյակում մահացած գեղեցկուհու սպանության հետ կապված: Ապա տարիներ անց մոռացության մատնված այս դեպքի մասին, երբ գրող Չերին Օ՛Քուննըրը փորձում է վեպ գրել եւ հետախուզական աշխատանքները բացահայտում են զանազան մանրամասներՙ լի վտանգներով ու հալածանքներով:

Ենթադրվում է, թե Էգոյանի այս ֆիլմը հավակնում է փառատոնի գլխավոր մրցանակի հիմնական մրցակիցներից մեկը լինելուն: Սակայն ֆիլմի երաժշտական ձեւավորման աշխատանքները հապաղելու հանգամանքները հնարավոր էՙ խախտեն փառատոնի պայմանաժամը, եւ այն դիտվի իբրեւ ուշացած մասնակից: «Տորոնտո սթար» թերթին հղում անելովՙ «Յառաջը» տեղեկացնում է, որ, ըստ Էգոյանի տված հարցազրույցի, ֆիլմի աշխատանքները ժամանակին կավարտվեն:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4