Դուբնայում գործող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ պետությունների (որոնց մեջ է Հայաստանը) կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նիստում այդ միջազգային միջկառավարական գիտական կազմակերպության տնօրեն է ընտրվել պրոֆեսոր Ալեքսեյ Նորայրի Սիսակյանը:
Ա. Սիսակյանը տարրական մասնիկների ֆիզիկայի տեսական եւ մաթեմատիկական ֆիզիկայի հայտնի մասնագետ է, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, 300-ից ավելի գիտական աշխատությունների եւ բանաստեղծական 5 ժողովածուների հեղինակ:
Ռուսաստանյան մամուլի տվյալներով, Սիսակյանը ՄՀՄԻ 5-րդ տնօրենն է գիտական կենտրոնի գրեթե հիսնամյա պատմության մեջ: Նա ծնվել է 1944 թ. Մոսկվայում, գիտնականների ընտանիքում: Հայրն աշխարհահռչակ ակադեմիկոս Նորայր Սիսակյանն է (1907-1966)ՙ տիեզերական կենսաբանության հիմնադիրը, որի անունն են կրում Երեւանի եւ Աշտարակի փողոցներ, Լուսնի խառնարաններից մեկը:
1968 թ. ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո Ա. Սիսակյանն աշխատանքի է անցել ՄՀՄԻ տեսական ֆիզիկայի լաբորատորիայում, ստաժոր-հետազոտողից դառնալով լաբորատորիայի տնօրեն եւ ապա ինստիտուտի փոխտնօրեն: Մեծ է նրա վաստակը ՄՀՄԻ-ի հետ Հայաստանի գիտական կենտրոնների համագործակցության կազմակերպման ու զարգացման գործում:
Ալեքսեյ Սիսակյանը պարգեւատրված է ռուսական եւ արտասահմանյան 6 շքանշաններով ու մեդալներով, Ռուսաստանի Պ. Կապիցայի անվան բնական գիտությունների ակադեմիայի մեդալով, արտասահմանյան մի շարք համալսարանների պատվո դոկտոր է, ՌԴ ճարտարագիտության ակադեմիայի, գիտությունների եվրոպական ակադեմիայի (Բրյուսել) եւ գիտական այլ կենտրոնների իսկական անդամ:
Պ. Ք.