Հայոց ցեղասպանության մասին պատմող «Գազանը լուսնի վրա» պիեսը վերջապես ներկայացվելու է նաեւ Նյու Յորքում: Երկար ամիսների բանակցություններից հետո «Ստելուոթեր փրոդաքշնզ» ընկերությունը պայմանագիր է կնքել պիեսն ապրիլի 27-ից ներկայացնելու «օֆ բրոդվեյ» հասկացության թատրոնների շարքին պատկանող «Կատարողական արվեստի դար կենտրոնում», հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: «Օֆ բրոդվեյ» հասկացության մեջ հռչակավոր «Բրոդվեյ» թատրոնից բացի մտնում են նույն տարածքում գտնվող մյուս թատրոնները:
Կալինոսկու պիեսն իր տասներկու տարվա պատմության ընթացքում ներկայացվել է 17 տարբեր երկրներում, թարգմանվել մեկ տասնյակից ավելի լեզուների եւ արժանացել 40-ից ավելի մրցանակների:
Ապրիլ ամսվա ներկայացման պրոդյուսերն է Դեյվիդ Գրիլոն, որը «Կատարողական արվեստի կենտրոնն» իր ջերմ «նկարագրով» համարել է լավագույն վայրը նման պիեսի համար: Իսկ ռեժիսորը մրցանակակիր Լարրի Մոսն է, որն ամենից շատ փնտրված դերասանական արվեստի ուսուցիչն է Ամերիկայում: Նրա ուսանողների թվին են պատկանում Լեոնարդո դի Կապրիոն, Հիլարի Սուենքը եւ Մարիսկա Հարգիտեյը, որոնք Գրիլոյի օժանդակությամբ հայտնվել են այս տարվա օսկարակիր ֆիլմերում: Դերասանական կազմն ընդգրկելու է, ըստ լրատվության, «Թոնի» մրցանակին ներկայացված դերասաններ Օմար Մեթուալլին եւ Լուիս Զորիչին: Նրանց կողքին երեւալու են նաեւ դերասանուհի Լենա Գեորգասը եւ Մեթ Բորիշը:
Ակնկալվում է, որ ներկայացումը լայն արձագանք եւ մեծ հաջողության կարժանանա, որից հետո կշրջի ամերիկյան մի շարք այլ քաղաքներում: Հնարավոր է նաեւ, որ ստեղծագործական կազմը հետագայում ֆիլմի վերածի այն: Իսկ մինչ այդ «Պրոջեքթ սեյվ» հայկական լուսանկարչական արխիվների կազմակերպությունը Ուոթերթաունից (Մասաչուսեթս) Նյու Յորք ապրիլի 16-ին ավտոբուսային երթ է կազմակերպում նրանց համար, ովքեր ցանկանում են դիտել ներկայացումը:
Ավելացնենք, որ 12 տարվա իր բեմական կյանքի ընթացքում պիեսը երկու անգամ թուրքական կառավարության «թիրախն» է դարձել. առաջինը Հյուսիսային Կալիֆոռնիայումՙ 1997-ին եւ երկրորդը Գերմանիայումՙ 2004-ին: Կազմակերպիչները ստիպված են եղել ճնշումների տակ չեղյալ հայտարարել ներկայացումները:
Ըստ Գրիլոյի, նման դեպքերը «ժողովրդավարական սկզբունքների դեմ են եւ չպետք է կրկնվեն»: «Գազանը» միջազգային երեւույթ է եւ «հավասարապես» գրավում է նաեւ ոչ հայկական ծագում ունեցող հանդիսատեսին: Վերապրելու եւ վերքերը բուժելու թեման համամարդկային է», ասել է նա:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ