«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2005-04-13 | #66, 2005-04-14 | #67, 2005-04-15


ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐՆ ԱՆՄԱՍՆ ՄՆԱՑԻՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻՑ

Վառնայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց մրցավեճն ավարտեցին ազատ ոճի ըմբիշները: Ցավոք, գորգ դուրս եկած մեր 5 ըմբիշներից եւ ոչ մեկին չհաջողվեց դառնալ մրցանակակիր: Մեդալների համար պայքարից դուրս մնացին նաեւ Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Սուրեն Մարկոսյանը (66 կգ) եւ Էդգար Ենոքյանը (84 կգ):

Մինչեւ 55 կգ քաշային ըմբիշների մրցավեճում լավագույնը մոլդովացի Գենադի Տուլբյան էր, որը ոսկե մեդալի համար վճռորոշ գոտեմարտը շահեց բուլղարացի Ռադոսլավ Վելիկովից: Բրոնզե մրցանակակիրներ դարձան Ալեքսանդր Կոնտոեւը (Ռուսաստան) եւ վրաց ըմբիշ Վիսարիոն Գոչաշվիլին:

Մինչեւ 66 կգ ըմբիշների մրցավեճում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց բուլղարացի Սերաֆիմ Բարզակովըՙ հաղթելով ադրբեջանցի Էլման Ասգարովին: Բրոնզե մեդալների արժանացան բելառուս Ալբերտ Բատիրովն ու ուկրաինացի Անդրեյ Ստադնիկը:

Մինչեւ 84 կգ քաշային կարգում ուժեղագույնը ուկրաինացի Տարաս Դանկոն էր: 2-րդ տեղը գրավեց թուրք Սերխատ Բալչին, իսկ բրոնզե մեդալները նվաճեցին Նաուրուզ Թեմրեզովը (Ռուսաստան) եւ Լազարոս Լոիզիդիսը (Հունաստան):

Գերծանր ըմբիշների մրցավեճում հաջողությունն ուղեկցեց ռուսաստանցի Կուրամահոմեդ Կուրամահոմեդովին, որը եզրափակիչում պարտության մատնեց ուկրաինացի Վադիմ Տասոեւին: Բրոնզե մեդալակիրներ դարձան հունգարացի Օտտո Աուբելին եւ հույն Եֆստատիոս Թոփալիդիսը:

Այժմ Վառնայում իրենց մրցավեճն են սկսում հունահռոմեական ոճի ըմբիշները: Մեր հանրապետությունը ներկայացնում են Ռոման Ամոյանը (55 կգ), Ալեքսան Կիրակոսյանը (60 կգ), Վահրամ Հունանյանը (66 կգ), Մովսես Կարապետյանը (74 կգ) եւ Արման Գեղամյանը (84 կգ):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4